1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բելառուսի մշակութային պատվիրակությունը ծաղիկներ խոնարհեց Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

 Բելառուսի մշակութային պատվիրակությունը ծաղիկներ խոնարհեց Հայոց 
ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մայիսի 16-19-ն անցկացվում են Բելառուսի մշակույթի օրերը: Ծրագրի շրջանակում Բելառուսից մեր երկիր են ժամանել արվեստի տարբեր ոլորտի գործիչներ, որոնք մայիսի 17-ին այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ և հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

«Կարծում եմ` օտար երկրների հետ բարեկամական հարաբերություններ ստեղծելու, այդ հարաբերությունները պահպանելու գործում էական նշանակություն ունեն մշակութային միջոցառումները: Մշակույթը դիվանագիտության  զարդն է,  ծաղիկն է և պետք է պատշաճ մակարդակով անցկացնել տարբեր երկրների հետ կապված մշակութային նախաձեռնությունները»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Տիգրան Գալստյանը:

Նա  հավելեց, որ օտար մշակույթներին ծանոթանալու արդյունքում հաճախ ծնվում են նոր մշակույթներ:

««Բելառուսի մշակույթի օրերը Հայաստանում» ծրագիրն անցկացվում է երկու երկրների մշակույթի նախարարությունների համագործակցության շրջանակում: Այսօր երկու ցուցահանդեսի բացում և մեկ համերգային ծրագիր ենք անցկացնելու, իսկ վաղը` ֆիլմի ցուցադրություն»,- տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարարության արտաքին կապերի վարչության պետ Լուսինե Քարամյանը:

Նա հայտնեց, որ միջոցառումների շրջանակում Հայաստան են ժամանել «Բելառուսի պետական ակադեմիական պարային համույթը», մենակատարներ Ալյոնա Լանսկայան, ազգությամբ հայ Իսկուհի Աբալյանը, Հայաստանում է նաև  «Աուրա» խումբը, որի մենակատարներն են Յուլիա Բյովովան և Եվգենի Օլեյնիկը»,-նշեց Քարամյանը:

Վարչության պետն ընդգծեց, որ նման միջոցառումները մեր երկրի հասարակությանը հնարավորություն են տալիս ծանոթանալ օտար պետությունների բարձրակարգ մշակույթի հետ:  Քարամյանի համոզմամբ` այս նախաձեռնությունը ապահովում է մեր փոխգործակցությունն ԱՊՀ երկրների հետ, որը վերջին շրջանում բավականին ակտիվ է:

«Հայաստանում եղել եմ 2014 թվականին: Հիացած եմ այս երկրով ու չափազանց դրական հույզերով եմ այստեղից հեռացել, հետևաբար, անհամբերությամբ էի սպասում այս այցին»,-անկեղծորեն ասաց Բելառուսի պատվիրակության ներկայացուցիչ, հեռուստահաղորդավար Մարինա Գրիցուկը:

Նա ասաց, որ Հայաստանում իրենց զգում է ինչպես տանը, քանի որ Հայաստանին և Բելառուսին միավորում է հյուրընկալ լինելու հանգամանքը:

Անդրադառնալով երկու երկրների միջև մշակութային հարաբերություններին` Գրիցուկը շեշտեց, որ նման նախաձեռնություններն ամրապնդում են այդ հարաբերությունները:

Հայաստանում Բելառուսի մշակույթի օրերի ծրագրի մեկնարկը տրվելու է մայիսի 17-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում: Ցուցադրվելու են Նապոլեոն Օրդայի գրաֆիկական աշխատանքները և Բելառուսի Հանրապետության ազգային պատմության թանգարանի ժողովրդական արհեստների ու ստեղծագործության հավաքածուն:

Հայաստանում Բելառուսի մշակույթի օրերի բացման գալա համերգը կայանալու է նույն օրը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ելույթ են ունենալու Բելառուսի պետական ակադեմիական պարային համույթը Ալյոնա Լանսկայաի, Իսկուհի Աբալյանի և «Աուրա» խմբի մասնակցությամբ:

Համերգի ընթացքում ներկայացվելու է Բելառուսի զբոսաշրջային ներուժի մասին պատմող տեսանյութը:

Թատրոնի նախասրահում գործելու է «Դեպի լեռների և սրընթաց գետերի երկիր…» խորագրով ցուցահանդեսը` նվիրված Յանկա Կուպալայի արվեստին:

Հայաստանում Բելառուսի մշակույթի օրերի ծրագիրը եզրափակվելու է մայիսի 18-ին Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության դահլիճում` «Պատերազմ. մարդ մնալ» ֆիլմի ցուցադրությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]