Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքական բանտից փախած պոլսահայ մտավորական Սևան Նիշանյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել

Թուրքական բանտից փախած պոլսահայ մտավորական Սևան Նիշանյանը ՀՀ 
քաղաքացիություն է ստացել

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանը մայիսի 16-ին Աթենքում ՀՀ դեսպանատանը կազմակերպված արարողության ժամանակ Հայաստանի դեսպան Ֆադեյ Չարչօղլյանից ստացել է ՀՀ անձնագիր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Եվս մեկ անգամ հպարտություն զգացի՝ մաս կազմելով աշխատասեր ու խաղաղասեր ազգի, որը պատմության ընթացքում կանգուն է մնացել միայն իր աշխատանքի շնորհիվ: Շնորհակալություն եմ հայտնում նախ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր օգնեցին ինձ արժանանալու այս պատվին»,- նշել է Նիշանյանը:

Նիշանյանը, ով 2014 թվականից  Թուրքիայի բանտում էր և դատապարտված էր 17 տարվա ազատազրկման, 2017 թվականի հուլիսի 14-ին օգտվել էր բանտից դուրս գալու թույլտվությունից, սակայն այդպես էլ հետ չէր վերադարձել Ֆոչայի բաց ռեժիմի բանտ: Նիշանյանը փախուստի մասին հայտնել էր թվիթերյան միկրոբլոգում կատարած գրառման միջոցով, որում ասվում էր. «Թռչունը թռավ. տարոսը մնացած ութսուն միլիոնին» (խմբ.- Թուրքիայի բնակչության թիվը մոտ 80 մլն է):

Պոլսահայ մտավորականը կարողացել էր մեկնել Հունաստան և կարճ ժամանակ անց տեղի իշխանություններից ստացել էր ժամանակավոր կեցության իրավունք:

Սևան Նիշանյանը Թուրքիայում ձերբակալվել էր այն բանի համար, որ Իզմիրի Շիրինջե գյուղի իր սեփական այգում «ապօրինի» շինարարություն է կատարել: Թուրքական մամուլն ավելի վաղ հայտնել է, որ Սևան Նիշանյանի ձերբակալությունը իշխանությունների սարքած գործն է, քանի որ մտավորականը բազմիցս հանդես էր եկել թուրքական կառավարության բացերի հրապարակային քննադատությամբ: Շատերն են հանդես եկել նրան ազատ արձակելու կոչով` նշելով, որ Սևան Նիշանյանին պատժելու իրական պատճառն այն է, որ նա համարձակվել է քննադատել Թուրքիայի պաշտոնական պատմությունը` հրատարակելով «Սխալ Հանրապետություն» գիրքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]