Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գյումրիում տեղի է ունեցել ԵՊՀ 100 ամյակին նվիրված հուշատախտակի բացման արարողություն

Գյումրիում տեղի  է ունեցել ԵՊՀ 100 ամյակին նվիրված հուշատախտակի բացման 
արարողություն

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական համալսարանը մայիսի 16-ին նշում է իր հիմնադրման 100-ամյակը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ԵՊՀ-ից, տոնական օրվա կապակցությամբ կազմակերպվել են մի շարք միջոցառումներ, որոնք մեկնարկեցին ուսանողական ֆլեշմոբով։ Դրանից հետո տեղի ունեցավ ԵՊՀ հոբելյանական հանձնաժողովի նիստը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում։

Հոբելյանական նիստին հետևեց ԵՊՀ 100-ամյակին նվիրված հուշատախտակի բացման արարողությունը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի բակում։ Նշենք, որ հենց այս շենքում են անցկացվել դասերը 1920 թվականի մայիս-սեպտեմբեր ամիսներին: 

Համալսարանի 100-ամյակին նվիրված հուշատախտակի բացմանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը բացման խոսքում պատմեց համալսարանի հիմնադրման պատմության մանրամասները:

«Այսօր ԵՊՀ-ի և մեր ժողովրդի համար նշանակալի օր է, կարևորագույն տոն, որովհետև ուղիղ 100 տարի առաջ՝ այս օրը, ստորագրվեց հրամանագիր Երևանի պետական համալսարան բացելու մասին: Այն Երևանի պետական համալսարան էր կոչվում ի սկզբանե, բայց իր դասերը սկսեց Գյումրիում այն պարզ պատճառով, որ Գյումրիում կար այս հոյակերտ շենքը, իսկ Երևանում այդպիսի ազատ շենք չգտնվեց: Ահա թե ինչու 1920 թվականին՝ շուրջ երեքուկես ամիս, Գյումրիում ընթացան Երևանի պետական համալսարանի դասերը, որոնք ընդհատվեցին Թուրք-հայկական պատերազմի հետևանքով, և համալսարանը վերաբացվեց միայն 1921 թվականի սկզբին»,- ներկայացրեց Արամ Սիմոնյանը:

«1919 թվականի այս հրամանագիրը սկիզբն է մեր համալսարանի կյանքի: Մենք հպարտ ենք, որ հնամենի այս քաղաքում իրականություն դարձավ մեր ժողովրդի հնագույն երազանքներից մեկը՝ ունենալ համալսարան: Երևանի պետական համալսարանը հիշել է, հիշում է և միշտ պետք է հիշի, որ իրեն ծնունդ տվող քաղաքը եղել է Գյումրին»,- ասաց ԵՊՀ ռեկտորը:

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը շնորհավորեց ներկաներին. «Գյումրին ամեն ինչի ակունքն է: Ակունքն է ոչ միայն համալսարանի, այլև Հայաստանի մշակույթի»:

Նա խոսեց նաև այն գաղափարի մասին, որ պետք է սպորտի և արվեստի բնագավառները սպասարկող գերատեսչությունները, կրթական հաստատություններն ու կենտրոնները տեղափոխել Գյումրի:

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը շնորհավորեց Երիտասարդների և ուսանողների օրվա առթիվ:

«Գյումրին պատիվ ունի այս հուշատախտակով վերահաստատելու այն փաստը, որ 1918 թվականի բարդ իրադարձությունների ժամանակ կարևորվեց կրթության դերը: Այս տեսանկյունից մենք ուրախ ենք, որ Հայաստանի կրթական ավանդույթների, ակադեմիական կրթության առաջին գործողության առաջին քայլը եղել է Գյումրիից»,- ասաց մարզպետը:

ԵՊՀ թանգարանի տնօրեն Հեղինե Գասպարյանը ներկաներին հիշեցրեց համալսարանի 50-ամյակի տոնակատարությունների ժամանակ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի հնչեցրած խոսքերը. «Ի՛մ համալսարան, թո՛ղ ոչ մի արհավիրք ու պատերազմ չխաթարի քո զանգերի հաջորդականությունը: Թո՛ղ 2019 թվականին քո բյուրավոր շրջանավարտներից մեկն ավելի գեղեցիկ հայոց լեզվով ողջունի քո հարյուրամյա հոբելյանը»:

Հուշատախտակի բացման արարողությանը հաջորդեց տոնական համերգը:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]