Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մայիս

ՀՀ մշտական ներկայացուցիչը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի տարածաշրջանային տնօրենի հետ


ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միավորված ազգերի կազմակերպության ժնևյան գրասենյակում Հայաստանի Հանրապետության նորանշանակ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տարածաշրջանային տնօրեն և Եվրոպայում փախստականների և միգրանտների հարցերով հատուկ համակարգող Աֆշան Խանի (Afshan Khan) հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրույցի ընթացքում դեսպան Հովհաննիսյանն ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները բարձր են գնահատում մեր երկրում երեխաների իրավունքների պաշտպանության և նրանց կյանքի պայմանների բարելավման ուղղությամբ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կարևոր դերակատարությունը՝ նշելով, որ այս տարի բոլորեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի երևանյան գրասենյակի գործունեության 25-ամյակը։

Դեսպան Հովհաննիսյանը ներկայացրել է նաև Հայաստանում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ շեշտադրելով երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ կատարվող քայլերը։

Անդրադառնալով երեխաների պաշտպանության ոլորտում Հայաստանի ձեռքբերումներին՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային տնօրենը պատրաստակամություն է հայտնել այսուհետ ևս շարունակելու Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունը։

Աֆշան Խանը ներկայացրել է հիմնադրամի գործունեության առաջնահերթությունները և նշել, որ այս տարի լրանում է նաև Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային կոնվենցիայի 30-ամյակը։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջև համագործակցության հեռանկարները։

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ