Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Օգոստոս

Արայիկ Հարությունյանը Չինաստանում կմասնակցի «Արհեստական բանականություն և կրթություն» խորագրով միջազգային համաժողովին


ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի հրավերով  ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 16-17-ը պաշտոնական այցով կգտնվի Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում և կմասնակցի «Արհեստական բանականություն և կրթություն» խորագրով միջազգային համաժողովին։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, համաժողովը կազմակերպել են ՅՈՒՆԵՍԿՕ-ն և Չինաստանի կառավարությունը, որին մասնակցելու են տարբեր տարածաշրջանների երկրների կրթության նախարարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ, արհեստական բանականության արդյունաբերության առաջնորդներ, ՄԱԿ-ի կառույցների ավագ ներկայացուցիչներ։  

Համաժողովի նպատակն է ստեղծել կրթության ոլորտում արհեստական բանականության ներդրման շուրջ նոր գաղափարների փոխանակման հարթակ։ Մասնակցությունն այս համաժողովին թույլ կտա Հայաստանում իրականացվող գիտական հետազոտություններն ու ձեռքբերումները ներկայացնել միջազգային ասպարեզում և ակտիվ դեր ստանձնել արհեստական բանականության՝ ժամանակակից հասարակական մարտահրավերների լուծմանն ուղղված հետազոտություններում և մշակումներում։ Համաժողովում զեկույցով հանդես կգա ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

Նախատեսված է նաև, որ այցի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարարը կհանդիպի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կրթության նախարարին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթական հարցերով տեղակալին։ 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ