Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Դդմաշենի ինտենսիվ այգու տարածքում կատարվել է խնձորենու 20 հեկտար տունկ

Դդմաշենի ինտենսիվ այգու տարածքում կատարվել է խնձորենու 20 հեկտար տունկ

ԳԱՎԱՌ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքի վարչական տարածքում հիմնվում է խնձորի ինտենսիվ եւ մեծ այգի, որը մեծապես կնպաստի համայնքի զարգացմանը՝ ապահովելով բազմաթիվ աշխատատեղեր: Ինչպես «Արմենպրես»-ին  տեղեկացրեց   ինտենսիվ այգու հիմնման ծրագիրն իրականացնող «Գրին Ֆարմեր» ՍՊԸ տնօրեն Ռոբերտ Կոծինյանը՝ ծրագրի մեկնարկը տրվել է 2018 թվականի ապրիլին: 30 հեկտարի վրա անցկացվել է կաթիլային ոռոգման համակարգ, տեղադրվել հակակարկտային ցանցեր: Ծառատունկը սկսվել է այս տարվա մայիսի սկզբներից: Տասն օրերի ընթացքում արդեն կատարվել է 20 հեկտար ծառատունկ: Ծառատունկին ներգրավված են 40 բանվոր, որոնք հիմնականում Դդմաշեն գյուղից են: Մնացած 10 հեկտար ծառատունկը կավարտվի առաջիկա օրերի ընթացքում: Ծառատնկման աշխատանքների ավարտից հետո ծրագրի իրականացման ուղղությամբ կատարված ներդրումը կկազմի շուրջ 2 միլիարդ դրամ:

«Մեր ծրագրով նախատեսված էր տնկել ու խնամել 3 տեսակի խնձորի 110 հազար ծառ,որը հաջողությամբ ավարտում ենք: Ինտենսիվ այգուն կից հիմնվում է սառնարանային տնտեսություն, որը հնարավորություն կտա 12-14 ամիս ժամկետով պահպանել մոտ 4 հազար տոննա խնձորի բերք: Սառնարանային տնտեսության ստեղծման նախագծի իրականացման համար կներդրվի 2,2 միլիարդ դրամ: Ինտենսիվ այգու հիմնումն իրականացրել է «Էկոշին Գրուպ» ՍՊԸ-ն՝ ապահովելով մոտ 50-60 աշխատատեղ: Ինտենսիվ այգու գործարկման դեպքում այստեղ կունենանք 100 մշտական եւ 250 ժամանակավոր աշխատատեղեր: Բնական է, որ աշխատանքներում հիմնականում կընդգրկվեն տեղի բնակիչները: Պտղի ստացումն ակնկալում ենք առաջիկա 3-4 տարվա ընթացքում: Կառուցել ենք նաեւ գրասենյակային շենք, անգար՝ գյուղմեքենաների կայանման համար, իսկ ոռոգման ջրի ապահովման համար իրականացնում ենք խորքային հորի կառուցման աշխատանքներ: Ինտենսիվ այգու յուրաքանչյուր 1 հեկտարից ակնկալում ենք մինչեւ 40-50 տոննա բերք: Ապագայում ծրագրում ենք նույն տարածքում հիմնել եւս 30-40 հեկտար ինտենսիվ այգի, ինչը, ամենայն հավանականությամբ, կիրականացնենք 2020-2021 թվականներին: Փորձնական կարգով մի հատվածում օգտագործել ենք նաեւ Վանաձորում արտադրված հակակարտային ցանցերը: Եթե արդյունքները գոhացնեն, ապա հերթական այգիների հիմնման համար կօգտագործենք այդ հակակարկտային ցանցերը»,-նշեց Ռոբերտ Կոծինյանը: Դդմաշեն համայնքի ղեկավար Ավետիս Ավետիսյանը ինտենսիվ այգու ստեղծման ծրագիրը հույժ կարեւոր ու արդյունավետ համարեց Դդմաշենի բնակչության կենսապահովման, համայնքի զարգացման, գործազրկության վերացման  եւ մի շարք այլ տեսանկյուններից:

«Առաջին հերթին ինտենսիվ այգին մեծ քանակությամբ աշխատատեղեր է ապահովում մեր համայնքի բնակիչների համար, ովքեր զբաղված կլինեն ինչպես շինարարության, այնպես էլ այգեգործական աշխատանքներում: Մենք կունենանք մշտական կամ ժամանակավոր մի քանի հարյուր աշխատատեղ: Երկրորդ՝ լուծում է ստանում հողերի մշակության կամ օգտագործման խնդիրը, երրորդ՝ այդ հողերի մշակության ու օգտագործման արդյունքում ավելանում են համայնքի բյուջեի մուտքերը, չորրորդ՝ կրճատվում է արտագնա աշխատանքի մեկնողների թիվը»,- կարեւորեց  Դդմաշեն համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]