Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է «Քաղաքացիական հասարակության հեռանկարը» խորագրով քննարկմանը

Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է «Քաղաքացիական հասարակության հեռանկարը» 
խորագրով քննարկմանը

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղի է  ունեցել  Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի «Քաղաքացիական հասարակության հեռանկարը. Ամփոփելով ԱլԳ քաղաքականությունը և 2020թ. հետո ընկած ժամանակահատվածի համար մշակելով ռազմավարություն՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, լավ կառավարում և կայունություն» խորագրով քննարկումը, որին որպես բանախոսներ ելույթներով են հանդես եկել աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, Չեխիայի ԱԳ նախարար Տոմաշ Պետրժիչեկը, ԵՄ Արտաքին գործողության եվրոպական ծառայության՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով գործադիր տնօրեն Թոմաս Մայր-Հարթինգը և ԱլԳ քաղաքացիական հասարակության աշխատանքային խմբի անդամ Լեյլա Ալիևան:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, իր խոսքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել նման ձևաչափերով հանդիպումները, որոնք հնարավորություն են ընձեռնում քաղաքացիական հասարակությանը ներգրավվել չափազանց կարևոր խմբակային  քննարկումներում և վերլուծություններում:

Նախարարի խոսքով՝ պատմության ընթացքում Եվրոպայում տեղի ունեցած զարգացումները և պատերազմների աղետը հանգեցրել են միասին աշխատելու ձգտման ամրապնդմանը՝ դրանց կրկնությունը կանխելու համար, և այդ առումով ներկայիս Եվրոպան տարածաշրջանային համագործակցության բազմազան հարթակների մեծ առավելություն ունի, ինչպիսիք են Եվրամիությունը, Եվրոպայի խորհուրդը, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը, ինչպես նաև դրանց շրջանակներում ներկայացված նախաձեռնությունները՝ Վիշեգրադյան քառյակը և Արևելյան գործընկերությունը: «Լինելով տարբեր՝ մենք բոլորս Եվրոպա ենք, երբ խոսքը վերաբերում է արժեքներին, քաղաքակրթական կապերին և քաղաքակրթական համախմբվածությանը: Մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, ազատություն, օրենքի գերակայություն. սրանք են այն արժեքները, որոնց մասին մենք խոսում ենք: Եվ համագործակցության միջոցով դրանց ամրապնդումը շարունակական խնդիր է: Կարծում եմ, որ Արևելյան գործընկերության ամենակարևոր ձեռքբերումն այն է, որ մենք ամրապնդել ենք մեր պատկանելության զգացումը»,- նշել է Զոհրաբ Մնացականյանը:

«Մեզ համար սա նախ և առաջ վերաբերում է արժեքներին: Եվ, ըստ էության, արժեքների համատեքստում մենք շահում ենք այդ համագործակցությունից։ Այն, ինչ այսօր ունենք Հայաստանում, համագործակցության արդյունք և արգասիք է: Ես շատ հպարտ եմ այստեղ տեսնել Հայաստանի այդքան պահանջատեր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, և իրենց հետ մենք ունենք փոխգործակցության տարբեր ձևաչափեր, որոնց շրջանակներում հաճախ քննադատության ենք ենթարկվում: Բայց հենց սա է այն ձևը, որի միջոցով դու փորձարկում ես քո գործողությունները` որպես կառավարություն, փորձարկում ես քո հաշվետվողականությունը: Հայկական պետության էվոլյուցիան իր դրսևորումը գտավ ապրիլ և մայիս ամիսներին: Մենք կառուցում էինք հասարակություն, երկիր՝ մեր ընտրած հստակ մոդելի համաձայն», - ընդգծել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ հավելելով, որ այդ ճանապարհը ոչ միշտ է հարթ եղել, «սակայն շատ հետևողական ենք եղել մեր հասարակության կայունությունը կառուցելու գործում, որպեսզի հնարավոր լինի առարկայականացնել այն, ինչը կոչում ենք հավաքական արժեքներ»:

Հետագա փուլերի համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ իր կարծիքով առաջնայինն առկա արժեքային համակարգի կարողությունների ամրապնդումն է:

«Եվրոպայի օրակարգում շատ մարտահրավերներ կան կապված ընդհանուր արժեքների հետ, և զգայունությունը չափազանց կարևոր է: Վերջին 10 տարիները վերաբերում են այն Եվրոպայի ստեղծմանը, որը զարգանում է սկսած 1989թ.-ից: Մենք կարող ենք ունենալ համագործակցության տարբեր շրջանակներ, անվտանգության տարբեր ձևաչափեր, պետական օրակարգի ստեղծման տարբեր մոտեցումներ: Մենք բոլորս առաջնորդվում ենք մեր ազգային օրակարգով, ազգային շահերով: Բայց մեր հավաքական Եվրոպական օրակարգի, Արևելյան գործընկերության ամրապնդումը, կարծում եմ, այսպես կոչված Եվրոպայի լայն ճարտարապետության կարևոր մասն է»:

Այնուհետև, ԱԳ նախարարը պատասխանել է Արևելյան գործընկերության երկրները ներկայացող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստան-Եվրամիություն գործընկերության արդյունքում նորմատիվ բազայի մերձեցմանը, Հայաստանում քաղաքացիական հասարակության դերին, երկրի արտաքին քաղաքական առաջնահերություններին և ղարաբաղյան հիմնախնդրին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]