Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորագիր են ներկայացրել դատարան Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար

 Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորագիր են ներկայացրել 
դատարան Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում ընթացող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը ներկայացրեց Արցախի նախագահ Բակո Սահակյանի և ԱՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությունը՝ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանն ասաց, որ երաշխավորության քննման համար պետք է ապահովել նրանց ներկայությունը:

Պաշտպանական կողմը նշեց՝ նիստը թող շարունակվի, նրանք կապ կհաստատեն նախագահների հետ և կփորձեն համաձայնեցնել ներկայանալու հարցը։

«Արմենպրես»-ը Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանից հետաքրքրվեց՝ Բակո Սահակյանի՝ դատարան ներկայանալու հնարավորության մասին: Բաբայանը նշեց, որ կհետևեն գործընթացներին, որից հետո պարզ կլինի, թե ինչպես կվարվի նախագահը:

Ավելի վաղ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը դիմել էին Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով։ Գլխավոր դատախազությունը պարզաբանել էր՝ Քոչարյանին ազատ արձակելու դիմումի քննարկումը «դուրս է ՀՀ դատախազության լիազորությունների տիրույթից»։

Դատարանում այսօր նույնպես ներկա է Ռոբերտ Քոչարյանը, իսկ ապակուց այն կողմ նաև նրա կրտսեր որդին, աջակիցներն ու դեմ արտահայտվող այլ քաղաքացիներ։

Մայիսի 13-ին մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի, 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի գործով դատաքննության փուլը. առաջին դռնբաց դատական նիստին պետք է քննվեր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքն ընտրելու հիմնավոր լինել-չլինելու հարցը: Նույնը օրը նրա պաշտպանները միջնորդություն ներկայացրին դատավոր Դավիթ Գրիգորյանի ինքնաբացարկի վերաբերյալ: Մայիսի 14-ին դատարանը մերժեց պաշտպանների այդ միջնորդությունը:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Ռոբերտ Քոչարյանը 1998թ ապրիլի 9-ից մինչեւ 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը, ինչպես նաեւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, 2008 թվականի փետրվարին եւ մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927000000 ՀՀ դրամին համարժեք 3000000 ԱՄՆ դոլար կաշառք։

Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008 թվականին հանդիսանալով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը։

Յուրի Խաչատուրովը մեղադրվում է 2008 թվականին հանդիսանալով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալը-Երեւանի կայազորի պետը, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է սահմանադրական կարգը։

Արմեն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2006 թվականի փետրվարից մինչեւ 2008 թվականի ապրիլի 21-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, խոչընդոտներ վերացնելու եւ ցուցումներ տալու եղանակով օժանդակել է ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ տապալելու ՀՀ սահմանադրական կարգը։ Բացի այդ, Արմեն Գեւորգյանը, Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար, 2008թ․ ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309․000․000 ՀՀ դրամին համարժեք 1․000․000 ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաեւ նույն ժամանակ թաքցնելով ու խեղաթյուրելով նշված գումարի իրական բնույթն ու ծագումը՝ օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]