Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Քոչարյանի պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին դատավոր Դավիթ Գրիգորյանին

Քոչարյանի պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին դատավոր 
Դավիթ Գրիգորյանին

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին Քոչարյանի և մյուսների  գործով նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին մայիսի 13-ին կայացած նիստում հայտնեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

«Ինքնաբացարկ հայտնելու հիմքերից մեկն այն է, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ով այս գործով հանդիսանում է որպես կողմ, նիստերի դահլիճ է մտել դատավորի համար նախատեսված ծառայողական մուտքով։ Այս հանգամանքը կարող է կասկած հարուցել, որ դատավորը չի պահպանել դատավարական կողմերի հավասարության սկզբունքը։ Երկրորդ հիմքն այն է, որ դատավորը կարճ ժամանակահատվածում չէր կարող ծանոթանալ քրեական գործի 80 հատոր նյութերին և Քոչարյանի խափանման միջոցի հարցի վերաբերյալ որոշում կայացնել։ Մեզ զրկում եք Քոչարյանի պաշտպանությունն արդյունավետ կերպով իրականացնելու հնարավորությունից»,- ասաց Ալումյանը։

Նիստը նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը հայտնեց, որ ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի մայիսի 14-ին:

«Ինքնաբացարկի միջնորդությունը քննության առնելու համար դատական ակտ կայացնելու նպատակով դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ: Դատարանը հաջորդ նիստը նշանակում է սույն թվականի մայիսի 14-ին, ժամը 12:30-ին: Այդ ժամին էլ կհրապարակվի որոշումը»,- նշեց Գրիգորյանը:

2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, Յուրի Խաչատուրովը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բողոքարկել էին կալանավորման որոշումը:

Հունվարի 10-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը ինքնաբացարկ էր հայտել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով:

Հունվարի 9-ին դատախազը և քննիչը ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել նախագահող դատավորին: Ինքնաբացարկ ներկայացնելու համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ դատավորը մարտի 1-ի առնչությամբ մեկ այլ մեղադրյալի գործով ինքնաբացարկ է հայտարարել՝ նշելով, որ իրենց ընտանիքներն ունեն բարեկամական կապեր:

Հունվարի 14-ին ինքնաբացարկ էր հայտնել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործի քննությունը վարող դատավոր Դավիթ Գրիգորյանը:

Մայիսի 6-ին ինքնաբացարկ է հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործը քննող դատավոր Վարդան Գրիգորյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]