Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ռոբերտ Քոչարյանի գործով առաջին դատական նիստին քննվելու է Քոչարյանի նկատմամբ կալանքի հիմնավոր լինել-չլինելու հարցը

 Ռոբերտ Քոչարյանի գործով առաջին դատական նիստին քննվելու է Քոչարյանի 
նկատմամբ կալանքի հիմնավոր լինել-չլինելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի, 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի գործով առաջին դռնբաց դատական նիստի ժամանակ քննվելու է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքն ընտրելու հիմնավոր լինել-չլինելու հարցը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստը տեղի է ունենում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում և նախագահում է դատավոր Դավիթ Գրիգորյանը:

«Սահմանադրական դատարանի համապատասխան որոշում կա, որի հիման վրա իրավական դիրքորոշում է հայտնվել այն մասին, որ քրեական գործը դատական քննության նախապատրաստելիս մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինել կամ չլինելու հարցի քննությունը պետք է ապահովի մեղադրյալի կամ նրա պաշտպանի մասնակցության հնարավորությունը՝ առաջնորդվելով անձնական ազատության իրավունքով»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ դատական դեպարտամենտի արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանը:

Դատական նիստին ներկա են անձամբ Ռոբերտ Քոչարյանը, նրա կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը և ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Նիստի մեկնարկից մոտ 40 րոպե անց 5 րոպեանոց ընդմիջում հայտարարվեց:

Ռոբերտ Քոչարյանի հետ մեղադրյալի կարգավիճակում են նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Քրեական գործը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել չորս նախկին պաշտոնյային, վերաբերվում է 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններին ։

Գործով ներկայումս կալանքի տակ է միայն Ռոբերտ Քոչարյանը։ Արմեն Գևորգյանի և Սեյրան Օհանյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել՝ չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Յուրի Խաչատուրովի նկատմամբ՝ գրավը։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Ռոբերտ Քոչարյանը 1998թ․ ապրիլի 9-ից մինչեւ 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը, ինչպես նաեւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, 2008 թվականի փետրվարին եւ մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։

Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008 թվականին հանդիսանալով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը։

Յուրի Խաչատուրովը մեղադրվում է 2008 թվականին հանդիսանալով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալը-Երեւանի կայազորի պետը, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է սահմանադրական կարգը։

Արմեն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2006 թվականի փետրվարից մինչեւ 2008 թվականի ապրիլի 21-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, խոչընդոտներ վերացնելու եւ ցուցումներ տալու եղանակով օժանդակել է ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ տապալելու ՀՀ սահմանադրական կարգը։ Բացի այդ, Արմեն Գեւորգյանը, Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար, 2008թ․ ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309․000․000 ՀՀ դրամին համարժեք 1․000․000 ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաեւ նույն ժամանակ թաքցնելով ու խեղաթյուրելով նշված գումարի իրական բնույթն ու ծագումը՝ օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]