1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Համաշխարհային առաջնորդության հիմնադրամ»-ի պատվիրակությունը հիացած է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությամբ

«Համաշխարհային առաջնորդության հիմնադրամ»-ի պատվիրակությունը հիացած է 
Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությամբ

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով Հայաստան ժամանած «Համաշխարհային առաջնորդության հիմնադրամ»-ի պատվիրակության անդամները հիացած են Հայաստանում 2018թ. տեղի ունեցած թավշյա հեղափոխությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին մայիսի 13-ին ՀՀ նախագահի նստավայրում լրագրողների հետ զրույցում ասաց  Շվեյցարիայի նախկին նախագահ, պատվիրակության անդամ Միշելին Կալմի-Ռեյը:

«Մենք այստեղ ենք Հայաստանի նախագահի հրավերով: Երեկ հանդիպում ենք ունեցել Արտաքին գործերի նախարարի հետ, պատրաստվում ենք հանդիպումներ ունենալ այլ պաշտոնյաների հետ, Ազգային ժողովի նախագահի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Մենք նախկին պաշտոնյաներ ենք, որ եղել ենք Հայաստանում տարբեր առիթներով, այսպիսով, մենք բոլորս տեղեկություններ ունենք Հայաստանի վերաբերյալ, մենք բոլորս սիրում ենք երկիրը, և մենք հիացած ենք նրանով, ինչ դուք արեցիք: Խաղաղ հեղափոխություն, որի ընթացքում ոչ ոք չսպանվեց, և հիմա դուք փորձում եք կառուցել իրապես հրաշալի, ժողովրդավար պետություն: Մենք դրանով հիացած ենք, այդ պատճառով էլ այստեղ ենք»,- ասաց Կալմի-Ռեյը:

Խաղաղապահ առաքելությունների հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Հերվե Լադսուսը նշեց, որ իրենք Հայաստան են ժամանել հասկանալու, թե ինչով կարող են աջակցել Հայաստանի ղեկավարությանն ու ժողովրդին:

«Մենք այստեղ ենք նախագահի խնդրանքով` առաջին հերթին լսելու, թե ինչ է տեղի ունենում, և հասկանալու, թե ինչպես կարող ենք մենք աջակցել, որպեսզի անցյալ տարի տեղի ունեցածից մաքսիմալ հաջողություններ քաղեք»,- նշեց Լադսուսը:

1989-1992 թթ. ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Թոմաս Փիքերինգը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց այցի արդյունքների մասին խոսելը դեռ վաղ է:

«Դեռ վաղ է խոսել մեր այցի արդյունքների մասին: Մենք այստեղ ենք օգտակար լինելու համար որքանով կարող ենք, բայց ի վերջո սա ձեր երկիրն է, և ձեր ժողովուրդն ու ղեկավարներն են որոշում ինչ անել, մենք կարող ենք միայն նոր գաղափարներով օգնել, որոնք կօգնեն իրենց բացահայտել հին գաղափարները»,- ասաց Թոմաս Փիթերինգը:

«Համաշխարհային առաջնորդության հիմնադրամ»-ի բոլոր անդամները պետությունների կամ կառավարությունների նախկին ղեկավարներ, բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած անձինք են: 2006-2013 թվականներին հիմնադրամի խորհրդի անդամ է եղել Արմեն Սարգսյանը:

Շահույթ չհետապնդող, անկախ այս կառույցը ողջ աշխարհում աջակցում է քաղաքական առաջնորդներին՝ նրանց համար հասանելի դարձնելով նախկին ղեկավարների փորձառությունը: 2004 թվականին հիմնադրումից ի վեր՝ «Համաշխարհային առաջնորդության հիմնադրամ»-ը խորհրդատվություն է մատուցել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տարածաշրջանային անվտանգությունը, անվտանգության ոլորտի արդիականացումը, ահաբեկչական կազմակերպություններին դիմակայումը և գերիների ազատ արձակումը, քաղաքական հաշտեցումն ու միջազգային համաձայնագրերի կիրառումը, ընտրություններն ու տնտեսական բարեփոխումները, առևտուրն ու ռեսուրսների կառավարումը, ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, հումանիտար օգնության հասանելիությունը, հակամարտությունների կառավարումը և այլն:

Կազմակերպության գործող անդամների շարքում են ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանան, Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան-Պիեր Ռաֆարենը, Առևտրի համաշխարհային կազմակերպության նախկին գլխավոր տնօրեն Մայք Մուրը, Շվեդիայի նախկին վարչապետ և արտգործնախարար Կարլ Բիլդտը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին առաջին տեղակալ Լուիզա Ֆրեշետը, Գանայի նախկին նախագահ Ջոն Կուֆուորը, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Դոնալդ Մըք Հենրին, Իսպանիայի նախկին արտգործնախարար Անա Պալասիոն, Ավստրալիայի նախկին վարչապետ Քևին Ռադը, Լատվիայի նախկին նախագահ Վայրա Վիկե-Ֆրեյբերգը և այլք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]