Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Սեպտեմբեր

«Երեմյան փրոջեքթսը» կիրականացնի 10 միլիոն դոլարի ներդրում տարբեր ոլորտներում․ Տիգրան Խաչատրյանը ծանոթացել է ընկերության ծրագրերին


ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը ՏԶՆՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանի հետ այցելել է  «Երեմյան փրոջեքթս» խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիա՝ ծանոթանալու նորաստեղծ հաստատության գործունեությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը շրջայց է կատարել ակադեմիայում, ծանոթացել ուսուցման առարկաների ցանկին, ուսումնառողների համար ստեղծված պայմաններին, ինչպես նաև ակադեմիայի զարգացման ծրագրերին։

Ըստ հիմնադրի, Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիայի նպատակն է նպաստել Հայաստանում հյուրընկալության ինստիտուտի կայացմանը, ծառայությունների որակի բարձրացմանը, հայկական խոհանոցի միջազգայնացմանը։ Ակադեմիայի ղեկավարությունը մտադիր է այն դարձնել տարածաշրջանում գերազանցության կենտրոն:

Նախարար Տիգրան Խաչատրյանը «Երեմյան փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հետ քննարկել է ընկերության ներդրումային ծրագրերը տարբեր ուղղություններով։

Դավիթ Երեմյանը նշել է, որ «Երեմյան փրոջեքթս» ընկերությունն իրականացնում է 3 խոշոր նախագիծ, որոնցից մեկն էլ հենց ակադեմիան է։ Երկրորդ ուղղությունը գյուղատնտեսությունն է, երրորդն էլ՝ նոր ձևաչափի ռեստորանները։ «Այս տարվա ներդրումների ծավալը մոտ 10 միլիոն ԱՄՆ դոլար կկազմի և կստեղծվի 250 նոր աշխատատեղ», - նշել է Դավիթ Երեմյանը։

Նախարարին տեղեկացվել է, որ Դիլիջանում նոր խոզաբուծական ֆերմա է բացվել, և Հայաստան են բերվել կանադական հայտնի Genesus Genetics ընկերության մաքրացեղ խոզատեսակներ:  Ընկերությունն օգտվել է մաքրացեղ խոշոր եղջերավոր կենդանիների համար տրվող պետական սուբսիդավորման արտոնությունից։
Ֆերման համապատասխանեցված է արտադրության և որակի միջազգային սահմանված բոլոր չափանիշներին: Նշվել է նաև, որ Ջերմուկում արդեն գործում է խոշոր անասնաֆերմա, որտեղ պահվում են մաքրացեղ անասուններ. մեծածավալ ներդրումներ են իրականացվում այն նորարարական տեխնոլոգիաներով հագեցնելու համար։

Սուսաննա Սաֆարյանը, կիսվելով այցի տպավորություններով,  նշել է, որ բավականին հետաքրքիր նախագիծ է ստացվել, որը, թերևս, գաստրոարդյունաբերության ոլորտում երկարատև փորձի արդյունք է՝ ուղղված սպասարկման ծառայությունների որակի բարձրացմանը։ «Հայաստանը գաստրոտուրիզմի մեծ հեռանկարներ և ներուժ ունի։   Վստահաբար, աջակցելու ենք այն բոլոր նախագծերին, որոնք կնպաստեն գաստրոզբոսաշրջության զարգացմանը, ինչը մեզ համար շատ առանցքային է։ Ինքներս էլ պետք է Հայաստանը դիրքավորենք այնպես, որ ընդհանուր պատկերի մեջ գաստրոտուրիզմը մեծ բաղադրիչ կազմի, քանի որ Հայաստանի մասին զբոսաշրջիկների դրական տպավորություններից մեկը հենց սննդի վերաբերյալ է», - նշել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահը։

Տեղում քննարկվել է գաստրոզբոսաշրջությանն առնչվող մեծամասշտաբ միջոցառում իրականացնելու հնարավորությունը, որը կհամախմբի գաստրոարդյունաբերության ոլորտում ծառայություն մատուցող ընկերություններին՝ ներկայացնելու հայկական սննդի բազմազանությունը՝ ներգրավելով նաև միջազգային մասնագետների։




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ