Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Օգոստոս

100 փաստ Նոր Հայաստանի մասին. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներածական խոսքը. ՄԱՍ 2


ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր վարչապետ ընտրվելու մեկ տարվա առիթով հրավիրել է մամուլի ասուլիս՝ ներկայացնելով 100 փաստ Նոր Հայաստանի մասին: «Արմենպրես»-ը ներկայացնում է Փաշինյանի ներածական խոսքն ամբողջությամբ:

ՄԱՍ 1

  1. Փոխհատուցվել է ապրիլյան պատերազմի օրերին մարտական հերթապահություն կատարած ուսանողների վարձավճարը 50 տոկոսով՝ նախկին 30 տոկոսի փոխարեն, իսկ 2 և ավելի երեխա ունեցող ուսանողների վարձավճարը փոխհատուցվել է 100 տոկոսով՝ պետական բյուջեի միջոցներով: Այս ծրագիրը նախկինում էլ է եղել, բայց եղել է ֆինանսավորումը հիմնադրամների, մասնավորապես, օրինակ երիտասարդական հիմնադրամների միջոցով, որ բուհերը փոխանցել են երիտասարդական հիմնադրամին, այնտեղից ֆինանսավորվել է: Քանի որ այս մեխանիզմը կտրվել է, այդ մեխանիզմի արդյունքում նաև որոշ բուհերում աշխատավարձերի բարձրացում է տեղի ունեցել: Կառավարությունը ՀԲԸՄ-ի, «Գալուստ Կյուլպենկյան» հիմնադրամների համաֆինանսավորմամբ փոխհատուցել է 2018-2019թթ. ուստարվա սիրիահայ ուսանողների ուսման վարձավճարների 50 տոկոսի չափով, որի վերաբերյալ ընդունվել է կառավարության համապատասխան որոշում: Հայտագրվել է 294 ուսանող, որից 47-ի ուսման վարձավճարների 50 տոկոսը՝ մոտ 13 մլն 700 հազար դրամի չափով փոխհատուցվել է կառավարության կողմից:

 

  1. Շուրջ մեկ միլիարդ դրամով ավելացել է ավագ դպրոցների ֆինանսավորումը, ինչի արդյունքում վերացվել է դպրոցի ուսուցիչների աշխատավարձի նվազման վտանգը, որն առաջացել էր նախորդ կառավարության կողմից ֆինանսավորման բանաձևը փոխելու հետևանքով: Արդյունքում դպրոցները ստիպված չեն եղել կրճատել աշխատավարձերը, որոշ տեղերում էլ վերականգնվել են նախորդ տարվա սկզբին կրճատված վարձատրությունը:

 

  1. Աշխատանք է տարվել դպրոցներն ու ուսումնական այլ հաստատություններն ապաքաղաքականացնելու ուղղությամբ, ինչի արդյունքում՝ մեկ համապետական ընտրության և ՏԻՄ ընտրությունների ժամանակ ուսումնական հաստատությունները չեն ներգրավվել ընտրական գործընթացներում, չեն նկատվել ուսումնական հաստատություններում ցուցակագրման, քարոզչության, ուղղորդման և նմանատիպ այլ դեպքեր:

 

  1. «Դպրոցական բաժանորդային ծրագրի» արդյունքում շուրջ 380.000 աշակերտներ և 35.000 ուսուցիչ ստացել են և դեռ կստանան եռակի անվճար մուտքի հնարավորություն մշակութային հաստատություններ՝ թանգարան, թատրոն, համերգասրահ։ Ներդրվել է «Դաս Ա» ծրագիրը, որը հիմա պիլոտային ծրագրով իրականացվում է Երևանի դպրոցներում, որի շրջանակում Երևանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտներն այցելում են Երևանի ավագ դպրոցներ և իրականացնում երաժշտական կրթություն: Ծրագրի շրջանակում դպրոցականներին տրամադրվում է շուրջ 13 հազար անվճար տոմս: «Քո արվեստը դպրոցում» ծրագրի շրջանակում մրցույթի արդյունքում մշակութային շուրջ 50 գործիչներ հանրակրթական բոլոր հաստատություններում ներկայացնում են իրենց արվեստը: Ես այս կետը շատ կարևոր եմ համարում: Օրինակ գրողներ, արվեստագետներ կառավարության կողմից հայտարարված մրցույթի մասնակցել են, ծրագիր են ներկայացրել և ստացել են որոշակի ֆինանսավորում, որպեսզի գնան դպրոցներ և իրենց արվեստը ներկայացնեն երեխաներին:

 

  1. Գրահարատարակչական և հարակից ծրագրերի իրականացման արդյունքում ՀՀ ամբողջ տարածքում գրադարաններն աննախադեպ կերպով համալրվել են առավել քան 25.000 միավոր ժամանակակից և արժեքավոր գրականությամբ: 2018թ. Երևանի գրախանութներում երրորդ հանրապետության պատմության ընթացքում ռեկորդային թվով գիրք է վաճառվել:

 

  1. 2018թ. գրանցվել է 20.229 անհատ ձեռնարկատեր, որը 2017թ.-ի համեմատ ավելի է 5.492-ով։ 2018թ. գրանցվել է 6.137 սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, որն էլ 2017թ. համեմատ ավելի է 1.694-ով։ Իսկ 2019թ. առաջին եռամսյակում գրանցված ԱՁ-ների թիվը կազմել է 6.059, որը 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 1.475-ով, իսկ 2017թ. առաջին եռամսյակի համեմատ ավելի է 2.753-ով։

 

  1. Կառավարության պարտքի նվազեցման ծրագրի ներդրման արդյունքում 2018թ.-ին նախորդ տարվա համեմատ կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը նվազել է 2.3 տոկոսային կետով՝ կազմելով 51.4 տոկոս:

 

  1. Փոխվել է դեսպաններ նշանակելու մոտեցումը: Վերջին մեկ տարվա ընթացքում դիվանագիտական համակարգում ոչ մի քաղաքական նշանակում չի արվել և դեսպանների պաշտոնում նշանակվել են միայն պրոֆեսիոնալ դիվանագետներ՝ հիմնականում պահպանելով ռոտացիայի սկզբունքը: Սա իհարկե չի նշանակում, որ տեսականորեն բացառվում են քաղաքական նշանակումները դեսպանների պաշտոնում, բայց դրանք միջազգայնորեն ընդունված շրջանակներից երբեք դուրս չեն գա:

 

  1. «Համաշխարհային մամուլի ազատության ինդեքսում» Հայաստանը 2018 թվականի արդյունքներով առաջընթաց է գրանցել՝ 19 կետով բարելավելով իր դիրքերը և հայտնվելով 61-րդ հորիզոնականում: Մամուլը Հայաստանում ազատ է, քան երբևէ: Ըստ Freedom House միջազգային կազմակերպության «Համացանցի ազատության մասին 2018 թվականին» (Freedom on the Net) զեկույցի՝ Հայաստանը գրանցել է զգալի առաջընթաց՝ «մասամբ ազատ» երկրների շարքից անցում կատարելով «ազատ» երկրների շարք: 66 երկրների շարքում Հայաստանն այն 19 երկրներից է, որտեղ համացանցի ազատությունը գրանցել է նշանակալի առաջընթաց: 2018 թվականին The Economist հանդեսի կողմից Հայաստանը ճանաչվել է տարվա երկիր:

 

  1. 2018 թվականի հոկտեմբերի 31-ին հրապարակված «Գործարարությամբ զբաղվելը 2019 - վերապատրաստում և բարեփոխումներ» վարկանիշային զեկույցի տվյալներով՝ Հայաստանը 190 երկրների շարքում արձանագրել է դիրքի առաջընթաց 6 կետով՝ 47-րդ տեղից բարձրանալով 41-րդ տեղը: «Fitch Raiting» միջազգային վարկանիշային գործակալությունը 2018 թվականի դեկտեմբերի 3-ին հրապարակած զեկույցում հաստատել է Հայաստանի երկարաժամկետ վարկանիշը B+ մակարդակում՝ դրական կանխատեսմամբ: 2016 և 2017 թվականներին նույն վարկանիշը եղել է B+ մակարդակում՝ կայուն կանխատեսմամբ, այսինքն՝ մեկ մակարդակ Հայաստանի վարկանիշը բարձրացվել է: Հայաստանն առաջընթաց է արձանագրել նաև մի շարք այլ միջազգային ինդեքսներում, այդ թվում՝ 13 կետանոց առաջընթաց Երջանկության ինդեքսում:

 

  1. Քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավվել են երկրի պաշտոնաթող նախագահ, փոխվարչապետ, պաշտպանության նախարար, Գլխավոր շտաբի նախկին պետ, բնապահպանության նախարար, ԴԱՀԿ պետ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Ընդ որում, նախկին փոխվարչապետին կալանավորելու՝ նախաքննության մարմնի միջնորդությունը դատարանը մերժել է: Որպես մեղադրյալ՝ ներգրավվել են երկու գործող փոխնախարար, ՊՎԾ պետ եւ այլ գործող պաշտոնյաներ: Ես սա չեմ ասում որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտելով, ուղղակի որպես վիճակագրական փաստ, աննախադեպ վիճակագրական փաստ:

 

  1. Վերջին մեկ տարվա ընթացքում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների, այդ թվում՝ Երևանի ավագանու ընտրություններ, ԱԺ արտահերթ ընտրություններ, որոնք բոլորն են գնահատվել են ազատ, արդար, մրցակցային և թափանցիկ: Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ընտրվել է կին քաղաքապետ: 2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններն առաջինն էին, որոնց արդյունքները չեն վիճարկվել դատական կարգով: Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի օրը տեղի է ունեցել Հայաստանի պատմության համար աննախադեպ իրադարձություն՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ բանավեճ է կայացել՝ Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում: Ընտրական համակարգի նկատմամբ ժողովրդի վստահությունը վերականգնված է:

 

  1. Երկրում հաղթահարված է համակարգային կոռուպցիան: Օլիգարխիան զրկված է կառավարության որոշումների վրա ազդելու լծակներից:

 

  1. Կառավարության գործունեության արդյունքում Հայաստանի Հանրապետությունում օրենքի առաջ արտոնյալներ չկան։ Քաղաքացիների քաղաքական և քաղաքացիական իրավունքները պաշտպանված են և լիարժեք կիրառելի։ Հետևողականորեն իրականացվել է դատական և գործադիր իշխանությունների տարանջատում և ապահովվել է դատարանի անկախ գործունեությունը: Կառավարությունն առաջնորդվել է դատական համակարգի անկախության սկզբունքով՝ բացառելով հրահանգավորման որևէ մեխանիզմի կամ դրսևորման գոյությունը։

 

  1. Հայաստանի Հանրապետությունում չկան քաղբանտարկյալներ և քաղաքական հալածյալներ:

 

  1. Ազգային ժողովի և նախագահական նստավայրի դռները բաց են հանրության առաջ: Բաղրամյան 26-ին վերադարձվել է ՀՀ նախագահի նստավայրի կարգավիճակը:

 

  1. Կառավարության նիստերը դռնբաց են և հրապարակային՝ ի հեճուկս հեղափոխությունից առաջ ընդունված օրենքի, որով նախատեսվում էր, որ կառավարության նիստերը պետք է լինեն դռնփակ:

 

  1. Սկսվել է նախարարությունների թիվը կրճատելու գործընթաց. Կրճատվում է 1-ին փոխվարչապետի պաշտոնը, որը դեռ այդ կարգավիճակի հիմնադրման պահին ընդդիմությունը համարում էր հակասահմանադրական:

 

  1. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում ընդդիմությանն առաջարկվել է թեկնածուներ ներկայացնելու քվոտա: Այս առաջարկն առաջիկայում կստանա նաև օրենսդրական տեսք:

 

  1. 2018 թվականին Հայաստան ժամանածների թիվը 15313-ով գերազանցել է մեկնածների թվին, ինչն առաջին անգամ է արձանագրվել վերջին 12 տարիների ընթացքում: Եվրոստատի տվյալներով՝ 2018 թվականին ԵՄ երկրներից ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների թիվն ավելի քան 3 անգամ նվազել է: Նախորդ տարի ԵՄ երկրներից ապաստան է հայցել ՀՀ 2190 քաղաքացի, մինչդեռ 2017 թվականին այդ թիվը կազմել է 6805, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում ավելի քան 3 անգամ նվազել է այդ թիվը: Ներգաղթային միտումները շարունակվում են. այս տարի առաջին եռամսյակում Հայաստան վերադարձած քաղաքացիների թիվը 2536-ով գերազանցում է մեկնածների թվին: Այստեղ ուզում եմ մի նրբության մասին էլ ասել. երբ անցած տարի ես հրապարակեցի, շատ մտահոգություններ կային, որ այլ երկրներից ապօրինի միգրանտներ կան և այլն, և այլն, ուրեմն այս տարվա առաջին եռամսյակում մոտավորապես 3000 այդպիսի միգրանտ հեռացել է ՀՀ-ից: Ընդ որում, մենք ոչ մի, այդպես ասած, ռեպրեսիվ միջոցներ չենք ձեռնարկել, պարզապես օրենքով նախատեսված ինչ-ինչ միջոցներ ենք ձեռնարկել, հետաքրքրվել ենք, այդ մարդկանց հետ խոսել ենք:

 

  1. Հիշում եք, որ փաստը կրկնվել էր, հիմա պարտքն ուզում եմ վերադարձնել՝ շատ հաճելի մի փաստով: Այս տարվա առաջին եռամսյակում ամուսնությունների թիվը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել է 5 տոկոսով, ամուսնալուծությունները նվազել են 17 տոկոսով: Մենք այս ամեն ինչի հետ ոչ մի կապ չունենք, այս ամեն ինչի հետ կապ ունի ՀՀ քաղաքացին, ով երկրում ինքն իր կարգավիճակը և տրամադրությունը ստեղծում է: Մեր կապն այն է, որ հավաքագրում ենք ու ներկայացնում ենք ձեզ, մնացածն անում են քաղաքացիները, այդ թվում՝ լրատվամիջոցները:

 

  1. Տնտեսական մենաշնորհները վերացված են: 2018 թվականի վերջին շաքարավազ ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը կազմել է 78 տոկոս՝ նախկին 95 տոկոսի փոխարեն, բանան ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը՝ 38 տոկոս՝ նախկին 57 տոկոսի փոխարեն, բենզին ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը՝ 29 տոկոս՝  նախկին 43 տոկոսի փոխարեն, իսկ դիզվառելիքի մասով՝ 29 տոկոս՝  նախկին 51 տոկոսի փոխարեն: Սա, ուշադրություն դարձրեք, 2018 թվականի մայիսից մինչև դեկտեմբեր արձանագրված ցուցանիշներն են: Սրա հետ նույնպես մենք կապ չունենք, պարզապես ինչ-որ գործարարներ որոշել են, որ շաքարավազ ներկրեն Հայաստանի Հանրապետություն, բենզին և այլն, ինչ ուզենան, ներկրեն: Բնականաբար, մենք չենք որոշում՝ ով ինչ ներկրի:

 

  1. Լուծվել է քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդիրը: 2019 թվականի ապրիլի 1-ի դրությամբ՝ քրեակատարողական հիմնարկներում պահվում է 2287 անձ, ինչը 1248-ով պակաս է 2018 թվականի նույն ժամանակահատվածից: Տեղի է ունեցել լայնածավալ քրեական համաներում: Սկսել է գործել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտը. պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվել է 276 անձ, այդ թվում՝ մեկ ցմահ ազատազրկման դատապարտված անձ: Ցմահ և առանձնապես ծանր հանցագործության համար (որոշակի ժամկետով) ազատազրկման դատապարտված անձանց կարճատև և երկարատև տեսակցությունների թիվը կրկնապատկվել է. տարվա ընթացքում առնվազն 6 կարճատև և 2 երկարատև տեսակցության տրամադրման հնարավորություն է ստեղծվել: Ազգային ժողովում առաջին ընթերցում անցած օրենսդրական փաթեթով նախատեսվում է կալանավորված անձանց, բացի կարճատև տեսակցությունից, տրամադրել նաև երկարատև տեսակցություն՝ 2 ամսվա ընթացքում առնվազն 1 անգամ՝ մինչև 3 օր տևողությամբ: Մերձավոր ազգականների հետ կարճատև տեսակցության հնարավորություն չունեցող՝ հեռավորության, հարազատի հիվանդության և այլ պատճառով, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների համար, կարճատև տեսակցության փոխարեն, հնարավորություն է ընձեռվել՝ ամսվա ընթացքում 2 անգամ օգտվել մինչև 20 րոպե տևողությամբ տեսազանգից: Ներկայում բոլոր քրեակատարողական հիմնարկներն ապահովված են տեսազանգի համար անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով: Որպես նախկին կալանավոր՝ կարող եմ ասել, որ այս միջոցառումները շատ կարևոր են հանցագործին ճիշտ ճանապարհ վերադարձնելու համար:

 

  1. Բացառվել է պատմամշակութային հուշարձանների քանդումը: 2017 թվականի համեմատ 2018 թվականին ավելի քան 121 հազարով ավելացել է թանգարանների այցելուների թիվը։

 

  1. 2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է սպանության 35 դեպք, որը նվազագույն ցուցանիշն է 1980 թվականից ի վեր։ Սրա հետ էլ մենք, բնականաբար, կապ չունենք, պարզապես քաղաքացիները երկրում հաստատել են սիրո և համերաշխության մթնոլորտ, և հույս ունեմ, որ այդ մթնոլորտը կշարունակվի:

 

  1. 2018 թվականի ապրիլից մինչև 2019 թվականի մարտ բանկային համակարգի ցուցանիշները աճել են հետևյալ չափերով՝ ակտիվները` 15.7 տոկոսով կամ 698 մլրդ դրամով, պարտավորությունները` 17.4 տոկոսով կամ 646 մլրդ դրամով, կապիտալը՝ 7.4 տոկոսով կամ 53 մլրդ դրամով, վարկերը՝ 16.0 տոկոսով կամ 412 մլրդ դրամով, ավանդները՝  11.8 տոկոսով կամ 292 մլրդ դրամով: 2018 թվականին Արժույթի միջազգային հիմնադրամը և Համաշխարհային բանկը համատեղ իրականացրել են Հայաստանի ֆինանսական հատվածի գնահատման ծրագիր (FSAP), որի արդյունքներով՝ ԱՄՀ գործադիր խորհուրդը Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատել է կայուն, իսկ բանկային վերահսկողության բազելյան հիմնարար սկզբունքներին համապատասխանությունը՝ բարձր՝ 97 տոկոս:

 

  1. «Ազգային հիփոթեքային ընկերության» և «Բնակարան երիտասարդներին» հիփոթեքային ծրագրերում իրականացված փոփոխությունների արդյունքում 2018 թվականին տրամադրված հիփոթեքային վարկերի ծավալը 20 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը, իսկ միջին կշռված տոկոսադրույքները նվազել են 1.3 տոկոսով՝ տատանվելով 10.5 տոկոսի շուրջ: Մասնավորապես, «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքին» ծրագրով սուբսիդավորված հիփոթեքային վարկերը Երևանում և մարզերում հասանելի են 7.5 տոկոս և 5.5 տոկոս տոկոսադրույքով՝ մինչև 30 տարի ժամկետով: Այս փոփոխությունների արդյունքում «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքին» ծրագրով տրամադրված վարկերի ծավալը 2019 թվականի հունվարին՝ նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ աճել է 131 տոկոսով, փետրվարին՝ 145 տոկոսով, մարտին՝ 124 տոկոսով:
    Անշարժ գույքի շուկայում աշխուժության ավելացման հաշվին 2019 թվականի մարտի դրությամբ նախորդ տարվա մարտի համեմատ Երևանում անշարժ գույքի գներն ավելացել են միջինում 10 տոկոսից ավելի, կենտրոնում՝ 17 տոկոսով:

 

  1. Բնապահպանության նախարարության կողմից անտառահատումները նվազեցնելու նպատակով անտառամերձ համայնքներում մոտ 15.000 ընտանիքի անվճար բաժանվել է 102000 խմ թափուկ, 1800 խմ վառելափայտ, 70 տոննա վառելիքային բրիկետ, էներգախնայող վառարաններ: Սյունիքի և Տավուշի մարզերի անտառամերձ համայնքներում մրցութային կարգով ընտրված 100 տնային տնտեսություններին տրամադրվել է մինչև 1.5 մլն դրամ չափով դրամաշնորհ։ Միջազգային շարունակական համագործակցության շրջանակում 2018 թվականի հունիսի 1-ից մինչ օրս հաստատվել է մոտ 20 մլրդ դրամի 14 բնապահպանական դրամաշնորհային ծրագիր: Ծրագրի շրջանակում, մասնավորապես, Սյունիքի մարզի Շիկահող գյուղի բոլոր տներն ամբողջությամբ կապահովվեն արևային ջրային տաքացուցիչներով: Սյունիքի 16 համայնքի շուրջ 80 տնային տնտեսության կտրամադրվի մեկնարկային 500-800 հազար դրամ դրամաշնորհային նվիրատվություն՝ ընտանեկան մեկնարկային բիզնես ծրագրի իրագործման համար: Մեղրիում կկառուցվի գյուղատնտեսական շուկա և թարմ ու չոր մրգերի մթերման կետ: 2.5 մլն դոլար դրամաշնորհ կտրամադրվի Դիլիջան ազգային պարկի և Խոսրովի անտառ-արգելոցի հարակից համայնքների տնտեսական զարգացման համար: 1.5 մլն դոլար դրամաշնորհ կտրամադրվի Արթիկ քաղաքում ծրագրերի իրականացման համար:

 

  1. ԵՄ հետ վերջնական համաձայնեցման փուլում է գտնվում Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը, որը ներառում է արդարադատության, տրանսպորտի, էներգետիկայի, շրջակա միջավայրի, սպառողների շահերի պաշտպանության, միգրացիայի և այլ ոլորտների 205 միջոցառում: ԵՄ կողմը գոհունակություն է հայտնել ճանապարհային քարտեզի նախագծի վերաբերյալ՝ որպես Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման համար լավ մեկնակետ: Հայաստան-Եվրամիություն համագործակցության շրջանակում Եվրամիությունը և Հայաստանը ստորագրել են 3 համաձայնագիր՝ կրթության, արդարադատության և տնտեսական հարաբերություններին առնչվող ոլորտներում, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 34,5 մլն եվրո, ևս 2 համաձայնագիր՝ ժողովրդավարության ամրապնդման և տարածքային զարգացմանն առնչվող ոլորտներում, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 36 մլն եվրո, ևս 20 միլիոն եվրոյի ծրագրեր քննարկման փուլում են:

 

  1. Համաշխարհային բանկի խորհուրդը հաստատել է ՀՀ և Համաշխարհային բանկի միջև 2019-2022 թվականների համագործակցության փաստաթուղթը, որով 500 մլն ԱՄՆ դոլար ծավալի տարբեր ոլորտներում համագործակցության շրջանակ է հաստատել: Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համաձայնեցվել է, վերջնական հաստատման է ներկայացվել Stand by ծրագիրը՝ 250 մլն ԱՄՆ դոլար ծավալով: Նշված ծրագրով ԱՄՀ-ն կաջակցի կառավարության համապարփակ տնտեսական ծրագրերին, որոնց նպատակն է ապահովել ավելի ինտենսիվ և առավել ներառական աճ՝ ֆիսկալ կայունության պահպանման և արտաքին խոցելիության գործոնների չեզոքացման համար: Այս փաստը նույնպես շատ կարևոր է՝ ֆիզիկական անձանց կողմից պետական պարտատոմսերի գնման ծավալը 2019 թվականի ապրիլի 27-ի դրությամբ կազմել է 6.3 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 2.2 մլրդ դրամով՝ մոտ 50 տոկոսով: Հենց սա այն դեպքն է, երբ քաղաքացիները՝ Հայաստանի սուբյեկտները, գնում են կառավարության կողմից թողարկված պարտատոմսեր: Այս կետն ինչո՞ւ եմ այսպես ձևակերպել՝ ցույց տալու համար, որ թե՛ միջազգային, թե՛ ներքին տնտեսական հանրությունը լիարժեք կերպով վստահում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը և անում է լավատեսական կանխատեսումներ՝ նրա գործունեության տնտեսական արդյունքների վերաբերյալ:

 

  1. Հայաստանի Հանրապետության վարչապետի ավտոշարասյունը կանգ է առնում լուսացույցի արգելող նշանի տակ, բացառությամբ հատուկ դեպքերի) – հատուկ դեպքերն այն են, երբ ինչ-որ տեղից ուշանում ենք, միջազգային հյուրեր են սպասում և օբյեկտիվ պատճառներով ենք ուշանում, քաղաքացիներին զիջում է ճանապարհը՝ հետիոտնային անցումների վրա: Հայաստանի Հանրապետության վարչապետը որպես վկա ներկայացել է դատարան, ինչն աննախադեպ երևույթ է:

 

  1. Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում պատմության մեջ առաջին անգամ տեղի ունեցավ Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների առաջին համատեղ նիստը, վերահաստատվեց, որ Արցախը՝ որպես հակամարտության հիմնական կողմ, պետք է որոշիչ ձայն և ներգրավվածություն ունենա իրական և տևական խաղաղությանն ուղղված հանգուցալուծման գործընթացում:

 

  1. Կադրային բանկի ձևավորման արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ովքեր իրենց նախաձեռնությամբ ներկայացել են, անկուսակցական անձինք նշանակվել են փոխնախարար, վարչապետի խորհրդական, վարչապետի և փոխվարչապետի օգնականներ, Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար, Սոցիալական ապահովության ծառայության պետ: Սա այն դեպքն է, երբ հիշում եք՝ ես հայտարարություն էի տվել, որ կադրերն ով ուզում է, թող ներգրավի: Շարունակվում է ներկայացված ինքնակենսագրականների ուսումնասիրումը:

 

  1. Ծառայողական ավտոմեքենաների թիվը կրճատվել է 239-ով: Այդ մեքենաները գտնվում են վաճառքի կազմակերպման գործընթացում: Գործընթացը շարունակական է:

 

  1. Պետական եկամուտների կոմիտեին 2018 թվականի ֆիզիկական անձի տարեկան եկամուտների հայտարարագիր է ներկայացրել 6.323 քաղաքացի՝ նախորդ տարվա 3.021-ի դիմաց: Հայտարարագրեր ներկայացրածների թվում են երգիչներ Արամեն, Սարոն, Մարտին Մկրտչյանը, և ես ուզում եմ այս երգիչներին՝ որպես հրապարակային անձինք, ովքեր այսպիսի քայլ են կատարել, շնորհակալություն հայտնել:

 

  1. 2018 թվականի մայիսից մինչ օրս բացահայտված կոռուպցիոն բնույթի և հարկերը վճարելուց խուսափելու դեպքերով ՀՀ իրավասու մարմինների կողմից հարուցվել է 1446 քրեական գործ, որոնցով հանցագործությամբ պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 89.3 մլրդ դրամ, նշվածից արդեն վերականգնվել է 32 մլրդ դրամը՝ տարբեր խողովակներով, իսկ շուրջ 7.1 մլրդ դրամի չափով առկա է անշարժ և շարժական գույքի, արժույթի կամ արտարժույթի վրա դրված կալանք: 2018 թվականի ընթացքում իրավապահ մարմինների կողմից պետական շահերի պաշտպանության հարցադրումներով հայտնաբերվել է 1345 իրավախախտում, ինչը գրեթե 3 անգամ գերազանցում է 2017 թվականի արդյունքը: Միևնույն ժամանակ, կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ քննված քրեական գործերի թիվն աճել է 691-ով կամ 127.4 տոկոսով:

 

  1. Սկսվել է հանրային տարածքների վերադարձի գործընթաց, մասնավորապես, Երևանի Ազատության հրապարակին հարակից տարածքում և Օղակաձև զբոսայգում:

 

  1. Հայաստանի մասնագետները՝ ականազերծողներ և բժիշկներ, հումանիտար առաքելություն են իրականացնում Սիրիայում, ինչը Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայերին ապաստան տված սիրիացի ժողովրդի նկատմամբ մեր պատմական պարտքի դրսևորումն է:

 

  1. Կառավարությունը միջոցներ է տրամադրել շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդ Լևոն Արոնյանի մասնակցությունը չեմպիոնական մրցամարտին ֆինանսավորելու և օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի ըմբշամարտի մարզադպրոցը Գյումրիում կառուցելու համար:

 

  1. Վարչապետը և նրա ընտանիքի անդամներն աշխատում են կրել միայն հայկական արտադրության հագուստ՝ քաջալերելով ոլորտի զարգացումը և մասնագետներին: Եվ պատիվ ունեմ ասելու, որ այսօր էլ ամբողջությամբ ես ներկայացել եմ հայկական արտադրության հագուստով: Իմիջիայլոց, ասեմ, մամուլում այդ կապակցությամբ թյուրիմացություն կա, որովհետև ասվում է, որ միայն հայկական հագուստ է կրում, որովհետև ես մինչև այդ հայտարարությունն անելուց առաջ էլ շորեր ունեի, հո դրանք չեմ թափելու և միայն հայկական: Ես հիմա ձեռք եմ բերում միայն հայկական արտադրության հագուստ, եթե այդպիսին կա: Եվ, իմիջիայլոց, ասեմ, որ իսկապես երբ այս տեսակետից ես նայում, շատ որակյալ ջինսեր կան, շատ լավ արտադրանք կա, այնպես որ խորհուրդ եմ տալիս:

Բոնուսային փաստերից միայն մեկը կհրապարակեմ՝ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ունի՝ հարց տալ Հայաստանի Հանրապետության վարչապետին, ինչն արտահայտվում է ֆեյսբուքյան հարցուպատասխանների և անմիջական շփումների, հանդիպումների միջոցով: Նաև յուրաքանչյուր լրագրող ազատորեն կարող է ցանկացած հարց տալ երկրի ղեկավարին, ինչն աննախադեպ երևույթ է: Երկրի վարչապետը, այսինքն՝ ես վարչապետի պաշտոնն ստանձնելուց հետո մեկ տարվա ընթացքում 5 ընդարձակ, սա 5-րդն է, 1-ը Ստեփանակերտում էր, ընդարձակ մամուլի ասուլիս եմ արել, բազմաթիվ առիթներով պատասխանել  եմ լրատվամիջոցների բազմաթիվ հարցերին:

Շնորհակալ եմ, բայց, այնուամենայնիվ, ամփոփելով ես ուզում եմ ևս մի բան ասել տնտեսական իրավիճակի և տնտեսական հեղափոխության մասին. ես արձանագրում եմ այս կետերի շրջանակում, որ տնտեսական հեղափոխության մեկնարկային փուլն տրված է շատ ավելի հաջող, քան կանխատեսվում էր, և մեր խնդիրը հետևյալն է. ես արդեն ասացի, որ մենք այս տարի պետական բյուջեի եկամտային մասը 62 մլրդ դրամով գերակատարում ենք, և սա 129 մլն դոլար է: Ամեն անգամ, երբ Հայաստանը որևէ տեղից 129 մլն դոլարի վարկ էր ստանում, ասում էին՝ այս ինչ լավ բան է, Հայաստանին վստահում են, վարկ են տալիս: Մենք ստվերի կրճատման հաշվին 129 մլն դոլար ավելացրել ենք պետական բյուջեի եկամուտները՝ 1 տարվա արդյունքներով: Բայց եթե հաշվի առնենք նաև այն վերադարձված գումարները՝ 120 մլրդ դրամ գերավճարի մասով և 15 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկի  մասով, եթե, օրինակ, նախկին գործելակերպը մենք դրսևորեինք, և այդ մարդկանց այդ գումարները չտայինք, հիմա մենք գերակատարում կունենայինք ոչ թե 62 մլրդ դրամ, այլ մոտավորապես 200 մլրդ դրամ: Բայց մենք նախընտրել ենք բիզնեսին մոտավորապես 350 մլն դոլար վերադարձնել, որպեսզի նրանք իրենց գործունեությունը ծավալեն: Հիմա մեր տնտեսական ռազմավարությունը ո՞րն է, որ մենք հիմա պետք է այս 62 մլրդ դրամի մեծ մասն այս տարի ուղղենք կապիտալ ծախսերի վրա՝ ճանապարհաշինություն, այլ կապիտալ ծախսեր, շինարարություն, համայնքային ծրագրեր, որպեսզի խթանենք տնտեսությունը, տնտեսական հեղափոխության երկրորդ փուլը:

Ես կառավարության անդամներին հանձնարարել եմ և հիմա էլ ուզում եմ նաև հրապարակային ասել՝ մեր այսօրվա խնդիրն է՝ գեներացված գումարները ճիշտ և արդյունավետ ծախսել: Այսօր կառավարության ամենակարևոր խնդիրը ծախսային մասերն արդյունավետ և արագ իրականացնելն է, այսինքն՝ այդ ներդրումները պետք է մինչև տարվա վերջ անպայման իրականացնենք և երբ այդ ներդրումները հաջողությամբ իրականացնենք, մենք արդեն անցում կկատարենք տնտեսական հեղափոխության երկրորդ փուլին, որովհետև այդ 62 մլրդ դրամը կշրջանառվի արդեն քաղաքացիների մոտ՝ աշխատավարձի ձևով, շահույթի ձևով, եկամուտների ձևով, ինչը հնարավորություն կտա նոր թափ հաղորդել Հայաստանում տեղի ունեցող տնտեսական գործընթացներին:

Շնորհակալ եմ: Ես չեմ տրվում նոր փաստեր հրապարակելու այդ գայթակղությանը, որովհետև այդ փաստերն իմ ձեռքի տակ էլ են եղել, բայց ես որոշել եմ, որ 100-ով պետք է սահմանափակվել՝ որպես սիմվոլիկ թիվ:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ