Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Սեպտեմբեր

«Երևանի գինու օրեր»-ն արդեն երրորդ տարին մայրաքաղաք են բերում մեծ թվով զբոսաշրջիկներ

«Երևանի գինու օրեր»-ն արդեն երրորդ տարին մայրաքաղաք են բերում մեծ թվով 
զբոսաշրջիկներ

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաք Երևանում մեկնարկեց հայկական գինու լավագույն ավանդույթների զարգացմանն ու ներկայացմանը նվիրված «Երևանի գինու օրեր» միջոցառումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 3-ին մեկնարկած միջոցառումը կազմակերպել է «ԷվենՏուրա» ընկերությունը:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

«Սա արդեն 3-րդ տարին անցկացվող, Երևանին նվիրված միջոցառում է՝ միտված գինու և գինու տուրիզմի հանրահռչակմանը: Միջոցառումը միտված է զարգացնելու իրադարձային զբոսաշրջությունը, նաև հանրությանը ծանոթացնելու գինու մշակույթին, նոր գինեգործներին, նոր արտադրողներին, հին արտադրողներին, որոնք ունեն նոր գինիներ: Կարծում եմ, որ սա բարի ավանդույթ է դառնում, որտեղ երևանցիներն ու հյուրերը հանդիպում են»,-ասաց «ԷվենՏուրա»-ի համահիմնադիր Նունե Մանուկյանը:

Նա  նաև տեղեկացրեց, որ միջոցառումը ներառված է շատ տուրփաթեթներում: Շատ զբոսաշրջիկներ գալիս են հենց այս միջոցառման համար: Կան գինու օրերի փաթեթներ:  Մանուկյանի կարծիքով՝ այս տարի միջոցառմանը շատ կլինեն հյուրեր Ռուսաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, քանի որ իրենց թիմը գովազդի վրա մեծ ուշադրություն է դարձրել:

Միջոցառմանը մասնակցող ռուս զբոսաշրջիկ Նատալիա Նեբովան «Երևանի գինու օրեր»-ի մասին լսել է հայաստանցի ծանոթներից մեկից: «Գիտեմ, որ ամեն տարի անցկացվում է: Այնպես ստացվեց, որ այս տարի էքսկուրսիա էին գալիս ու եկանք մասնակցելու նաև գինու օրերին»,-ասաց նա ու հավելեց, որ  իրենց իսկապես շատ է դուրս գալիս հայկական գինին՝ հատկապես նռան:

Գինեգործ Հենրիկ Սալջյանը տեղեկացրեց, որ տաղավարներին գրեթե հավասարապես մոտենում են թե հայաստանցիներ, թե զբոսաշրջիկներ: Նա նկատել է, որ ավելի շատ նախընտրում են մրգային գինիներ, հատկապես նռան։

Այս տարի «Երևանի գինու օրեր»-ին  ներկայացված է 25 տաղավար, 30-ից ավելի ռեստորաններ: Միջոցառումն անցկացվում է Երևանի կենտրոնական և ամենակոլորիտային անկյուններից մեկում՝ Սարյան և Մոսկովյան փողոցների համապատասխանաբար Պուշկին և Սպենդիարյան խաչմերուկների հատվածում։ Միջոցառմանը ներկա էին նաև պատգամավորներ, քաղաքական, մշակութային գործիչներ: Այն կշարունակվի նաև մայիսի 4-ին, ժամը 19:00-ից մինչև 23:00-ն:

 «Երևանի գինու օրերը» նպաստում է Հայաստանի և մասնավորապես՝ Երևանի իմիջի ամրապնդմանն ու բարձրացմանը համաշխարհային զբոսաշրջության շուկայում: Միջոցառման այցելուների աշխարհագրական բաշխվածությունը ընդարձակվել է ԱՊՀ բոլոր երկրներից ընդհուպ մինչև Կանադա և Ավստրալիա։ Այս տարի տարածքը շատ ավելի ընդարձակ է։ Միջոցառման մուտքն անվճար է։ Գինու տաղավարների ներկայացրած գինիներից օգտվելու համար պետք է ձեռք բերել 6000 դրամ արժողությամբ հատուկ փաթեթները։ Փաթեթներն իրենց մեջ ներառում են գինու ապակե բաժակ «Գինու Օրեր» ապրանքանիշով,  կտորից հարմարավետ պատյան, հայաստանյան և արցախյան գինի արտադրողների տեղեկատվական գրքույկ, 20% զեղչի կտրոններ մասնակից մի քանի ռեստորաններից՝ ցանկացած ուտեստ 20% զեղչով գնելու համար, վաճառվելու են նաև հավելյալ կտրոններ 500 դրամ արժողությամբ:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]