1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Կանխել երեխաների մուտքը մանկատներ. նախարար Բաթոյանը մանրամասներ է ներկայացնում նոր ծրագրերի վերաբերյալ

Կանխել երեխաների մուտքը մանկատներ. նախարար Բաթոյանը մանրամասներ է 
ներկայացնում նոր ծրագրերի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանխարգելել առողջական խնդիրներ ունեցող երեխաների մուտքը մանկատներ, բարելավել որդեգրման կարգը, ուժեղացնել խնամատար ընտանիքների ինստիտուտները. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ներկայացրել է երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ուղղված ծրագրերը:

-Տիկին Բաթոյան, օրերս ստորագրվեց եռակողմ փոխըմբռնման հուշագիր Աշխատանքի և սոցիալական հարցերի, Առողջապահության նախարարությունների և «Բարի մամա» բարեգործական հասարակական կազմակերպության միջև: Ի՞նչը հիմք հանդիսացավ նման նախաձեռնության ու ինչի՞ն է այն ուղղված:

-Նախաձեռնության նպատակը առողջական խնդիրներ ունեցող երեխաների մուտքը մանկատներ կանխարգելելն է: Քանի որ մեր քաղաքականությունն ուղղված է հատուկ հաստատությունների ապաինստիտուցիոնալացմանը, այսինքն՝ հաստատություններից երեխաներին դուրս բերելուն, հետևաբար մենք չենք կարող ուշադրություն չդարձնել կանխարգելման ծրագրերին: Երբ երեխան հայտնվում է մանկատանը, շատ ավելի դժվար է լինում վերադարձնել ընտանիք: Հետևաբար` կարևոր ենք համարում հենց սկզբից ընտանիքին աջակցություն ցուցաբերելը:

-Մինչ կանխարգելման ծրագրերին անցնելը, ասացեք խնդրեմ, այդ խնդրի հետ կապված ինչպիսի՞ պատկեր ունենք, ըստ վիճակագրության, տարեկան քանի՞ այդպիսի դեպքի մասին է խոսքը:

-Այսպիսի պատկեր ունենք: 2019 թվականի հունվարի դրությամբ պետական մանկատներում կա 600-ից ավելի երեխա, որից  300-ից ավելին հաշմանդամություն ունեցող է: Սա խոսում է այն մասին, որ երեխաներին ավելի հաճախ են հանձնում մանկատուն առողջական խնդրի պատճառով: Մյուս կողմից ունենք «Բարի մամա» կազմակերպության փորձը, որն իր գործունեության շնորհիվ 100-ից ավելի երեխայի մուտքը մանկատուն կանխել է: Եվ դա զուտ կամավորական աշխատանքի շնորհիվ՝ առանց որևէ պետական աջակցության, պետական ֆինանսավորման: Աջակցողները մեր քաղաքացիներն են իրենց կամավորության սկզբունքով: Ահա այդ աջակցության շնորհիվ հնարավոր է եղել մի մեծ խումբ երեխաների պահել ընտանիքում: Սա ցույց է տալիս, որ այսպիսի ծրագիր ունենալու դեպքում, հատկապես պետական աջակցությամբ, մենք կարող ենք լուրջ արդյունքների հասնել:

-Կա՞ն ուսումնասիրություններ, թե ծնողները ինչու են գնում նման քայլի, ի՞նչ պատճառներից ելնելով են առողջական խնդիրներ ունեցող երեխային հանձնում մանկատուն:

-Մեր փորձը, մեր ունեցած տվյալները, խոսում են այն մասին, որ մենք առաջին հերթին լուրջ խնդիր ունենք ծննդատներում: Հենց ծննդատանը հաճախ վերաբերմունքը մասնագետների կողմից լինում է բացասական այն իմաստով, որ երբեմն նրանք հորդորում են թողնել երեխային: Ասելով, որ իր հետ հույսեր մի կապենք, երբ առողջական խնդրով երեխա ծնվեց, ուրեմն վերջ ընտանիքն այլևս հեռանկար չունի: Երբեմն այդ հորդորը կարող է լինել բարի ցանկություններից դրդված, իբրև թե հոգատարություն ընտանիքին: Այս մասին շատ են մեզ պատմել ծնողները:

Երկրորդ խնդիրը կապված է ընտանիքի իրազեկվածության ցածր մակարդակի հետ, երբ ծնողը չգիտի, որ այս կամ այն խնդիրն ունենալու դեպքում երեխան կարող է ապրել ընտանիքում, ունենալ երջանիկ մանկություն, կրթություն ստանալ և այլն:

Շատ դեպքերում նյութական կարիքից դրդված, ընտանիքը մտածում է, որ միայնակ է, այնինչ լրացուցիչ առողջապահական, այլ ծառայություններ են պետք, հագուստ, սնունդ և այլն: Առողջական խնդիրներ ունեցող երեխաների դեպքում այդ խնդիրը ավելի զգայուն է դառնում:

Ունենք նաև խնդիր, երբ մայրը ցանկանում է պահել երեխային, սակայն ընտանիքը դեմ է: Ասենք, ամուսինը, տան մյուս անդամները դեմ են և կնոջը կանգնեցնում են ընտրության առջև կամ բաժանվել կամ երեխային թողնել: Այստեղ կարևորվում է «Բարի մամա»-ի աջակցությունը, որը ժամանակավոր ապաստարան է տրամադրում, այդ կրիտիկական փուլն անցնելու համար:

Մեր հասարակության շրջանում կարծրատիպերն այնպիսին են, որ ընտանիքներն ուզում են թաքցնել, որ ունեն առողջական խնդիրներով երեխա: Երեխային մանկատուն հանձնելով՝ մտածում են ձերբազատվել դժվարություններից:

- «Բարի մամա» կազմակերպությունը, ձեր ասած խնդիրների ուղղությամբ, արդեն աշխատում է, նախարարության դերակատարումը ո՞րն է լինելու:

-Նախ նախարարությունը պետք է աստիճանաբար մեծացնի իր աջակցությունն ընտանիքներին, ընթացքում ավելացվի այն ծրագրերի թիվը, որոնք ուղղված են կանխարգելմանը: Այդպիսի ծրագիր նախարարությունն իրականացրել է Գյումրիում և Վանաձորում: Հիմա նախատեսում ենք այս ծառայությունները մրցութային կարգով պատվիրակել հասարակական կազմակերպություններին, որպեսզի Հայաստանի մյուս քաղաքներում ևս այդ ծրագիրն իրականացվի:

Մյուս կողմից քանի որ «Բարի մամա» կազմակերպությունն ունի փորձ, մեր կողմից ճանաչվում է որպես գործընկեր և բարձրանում է նրա հանդեպ վստահությունը: Դրանից բացի, նաև ավելի համակարգված պետք է աշխատենք, իրենք ունենալու են «թեժ գիծ», որի միջոցով դիմելու են ընտանիքները:

Մենք նաև համատեղ ծրագիր ենք իրականացնելու բուժաշխատողների սպասարկող անձնակազմի վերապատրաստումների համար, որոնք պետք է հիմնված լինեն մարդու իրավունքների, հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքում ապրելու իրավունքի իրացման վրա և այլն: Վերապատրաստման ուղեցույցները պետք է մշակենք համատեղ:

-Նշեցիք, որ քաղաքականությունն այնպիսին է, որ մանկատներում երեխաների թիվը կրճատվի, նրանք վերադառնան ընտանիք: Առաջիկայի համար այդ ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ կան նախատեսված: 

-Արդեն սկսել ենք մշակել ապաինստիտուցիոնալացման ռազմավարությունը, պետք է վերանայենք անհրաժեշտ իրավական ակտերը: Ռազմավարությունը ներառելու է բոլոր այն քայլեր, որոնց միջոցով գնալու ենք երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանը: Ունենք գործընկերներ՝ տեղական, միջազգային կազմակերպություններ, որոնք այս կամ այն կերպ աշխատել են այդ ուղղությամբ: Ռազմավարությունը ենթադրելու է նաև ֆինանսական գնահատական: Հասկանանք, ինչպես ենք հատուկ հաստատությունների ինստիտուտը վերափոխելու և ուղղելու դեպի ընտանիքներ, որովհետև ապաինստիտուցոնալացումը չի ենթադրում ուղղակի երեխաներին դուրս բերել տալ ընտանիքին և փակել հաստատության դռները: Դա ենթադրում է ֆինանսական, հոգեբանական, տեղեկատվական, կրթական աջակցություն այդ ընտանիքին, ժամանակավոր, թե փուլային: Նպատակն այն է, որ ընտանիքն ուժեղանա և ինքնուրույն կարողանա ապրել երեխայի հետ:

Մյուս կողմից մենք նպատակ ունենք ստեղծել ճգնաժամային կենտրոններ: Դրանից բացի պետք է բարելավենք որդեգրման կարգը, ուժեղացնենք խնամատար ընտանիքիների ինստիտուտներն: Այստեղ ունենք բավարար ռեսուրսներ, միջազգային կազմակերպությունները պատրաստ են աջակցելու:   

Աննա Գզիրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]