Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ցեղասպանության քաղաքականություն հայերի նկատմամբ. լրանում է «Օղակ» գործողության 28-րդ տարին

Ցեղասպանության քաղաքականություն հայերի նկատմամբ. լրանում է «Օղակ» 
գործողության 28-րդ տարին

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների, տեղաբնիկ հայ բնակչությունից բնակավայրերն ազատելու նպատակով 1991 թվականին կազմակերպված «Օղակ» («Кольцо») գործողությունը Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մաս էր կազմում:

 «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը նշեց, որ փաստերը վկայում են այն մասին, որ Ադրբեջանում վաղուց էին պլանավորել հայկական բնակավայրերի հայաթափումը, թալանը:

«Այդ ամենն իրենց մոտ հստակ ծրագրված էր պետության ամենաբարձր մակարդակով: Հենց այդ ժամանակ Ադրբեջանի ղեկավար Այազ Մութալիբովի գլխավորությամբ, Ներքին գործերի նախարարության, Օմոնի ներգրավվածությամբ ծրագիր էր կազմվել»,-ասաց  Տարոն Հովհաննիսյանն՝ ընդգծելով, որ հայաթափումն իրականացվեց Խորհրդային բանակի աջակցությամբ: Քաղաքական շահերի ու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը զոհ գնացին Գետաշենի, Մարտունաշենի և Արցախի հայկական այլ գյուղերի բնակիչները:

«Ի՞նչ էր ստացվում, եթե Խորհրդային Հայաստանի տարածքից Ադրբեջանի բնակիչներն, առանց որևէ բռնաճնշման , հանգիստ կարողացել են իրենց գույքը տանել, փոխանակել տները, որոնք հողաշեն էին  արժեք չէին ներկայացնում, իսկ հայերի դեպքում հակառակ իրավիճակն է եղել: Հայերին թալանել են, այրել են, սպանել են, ստիպել են, որ բռնագաղթեն, արտաքսվել են իրենց տներից, որտեղ դարերով նախնիներն ապրել են»,-ասաց Տարոն Հովհաննիսյանը:

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի խոսքով, նպատակ էր դրվել Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքով իրականացնել այնպիսի գործողություններ, որոնց արդյունքում առևանգվել, թալանվել են, սպանվել են հարյուրավոր մարդիկ:

«Լայնամասշտաբ ռազմա-ոստիկանական օպերացիա էր իրականացվում, մտնում էին գյուղերը, բոլոր տների դռները ջարդելով բացում էին, ձերբակալում էին տղամարդկանց, սկսվում էր ծեծկռտոցը, թալանը, կանանց, աղջիկների նկատմամբ կատարվում է անասելին…ծանր է ամեն անգամ այդ մասին խոսելը, սարսափազդու գործողություններ էին: Ապրիլի 30-ին Գետաշեն, Մարտունաշեն գյուղերն ամբողջությամբ ավերվել էին»,-ասաց Լարիսա Ալավերդյանը: Հետագայում այդ տեղահանման ճակատագրին արժանացան 26 գյուղերի բնակիչները: Լարիսա Ալավերդյանը նկատեց, որ սպանությունները, խոշտանգումները կատարվում էին հրապարակայնորեն, ցուցադրաբար:

Բժիշկ Գևորգ Գրիգորյանն, ով այդ օրերին այդտեղ է եղել, իր աչքով է տեսել, ավերված գյուղերը:

«Երբ մենք Շահումյանից անցանք Գետաշեն, մտանք Մարտունաշեն, այդ գործողություններից հետո գյուղերն անճանաչելի էին: Համատարած ավերածություն ու թալան էր,վառված տներ էին, բայց գիտեք այդ ունեցվածքի կորստին նույնիսկ մարդիկ նշանակություն չէին տալիս, որովհետև իրենց աչքի առաջ հարազատներն ու ընտանիքի անդամները սպանվում էին»,-ասաց  Գևորգ Գրիգորյանը: Նա առանձնացրեց այդ օրերին ինքնապաշտպանական խմբերի տղաների անձնուրաց պայքարը, որի շնորհիվ կանխվել էր բնակչության համատարած բնաջնջումը:

Փորձագետները նշում են, որ պետք է այս իրադարձությունների մասին շատ խոսել, ճշմարտությունը հասցնել միջազգային ավելի լայն շրջանակի: Լարիսա Ալավերդյանն էլ ընդգծեց, որ միայն փորձագետների, հասարակական կառույցների առանձին գործողությունները քիչ են, այստեղ համակարգված պետական աշխատանք է պետք, որում անհրաժեշտ է ներգրավել նաև բիզնեսին: Ի վերջո, այդ աշխատանքը հսկայական միջոցներ է պահանջում, և միայն պետությունը չի կարող ֆինանսավորել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]