Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Հունիս

Բուլղարիայում  կայացել են Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումներ


ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայում ապրիլի 23-24-ը տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ:

Ապրիլի 24-ին Սոֆիայի հայկական կազմակերպությունների համադրիչ խորհրդի նախաձեռնությամբ և ՀՀ դեսպանության մասնակցությամբ կազմակերպվել է ծաղկեպսակների և ծաղիկների զետեղման արարողություն մայրաքաղաքի կենտրոնական գերեզմանատան հայկական հատվածում տեղադրված՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի մոտ: Արարողությանը մասնակցել է Բուլղարիայի կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչը:

«Նույն օրը Սոֆիայի «Երևան» պուրակում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձան-խաչքարի մոտ անցկացվեց ոգեկոչման արարողություն, որին մասնակցեցին հայ համայնքի և բուլղար հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ և մտավորականներ, ԲՀ նախկին և գործող քաղաքական գործիչներ, պատգամավորներ:

Դեսպանության կողմից թարգմանաբար ընթերցվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ:

Աղոթքից և ելույթներից հետո բուլղարահայ համայնքի ներկայացուցիչներն ու ՀԲԸՄ Սոֆիայի մասնաճյուղի կիրակնօրյա դպրոցի սաները հայերեն և բուլղարերեն լեզուներով կարդացին օրվա խորհրդին նվիրված բանաստեղծություններ, իսկ «Նաիրի» պարային համույթը հանդես եկավ հայկական ժողովրդական պարի կատարմամբ:

Մասնակիցները հուշարձան-խաչքարի մոտ զետեղեցին ծաղկեպսակներ և ծաղիկներ: Միջոցառումը հեռարձակվեց բուլղարական «СКАТ» հեռուստաընկերության կողմից:

Ապրիլի 24-ին և 25-ին ԲՀ ԳԱԱ Տիեզերական հետազոտությունների տեխնոլոգիաների ինստիտուտի աշխատակից, տեխնիկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, 31 արտոնագրված հայտնագործությունների հեղինակ Գարո Մարդիրոսյանը, պրոֆեսոր Բ. Կոլևը և Սոֆիայում հրատարակվող՝ «Երևան» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վարդանուշ Թոփակբաշյանն օրվա առիթով հարցազրույցներ տվեցին բուլղարական «БНТ» ազգային, «Азът» և մի շարք այլ հեռուստակայաններին:

Ապրիլի 24-ին ԲՀ խորհրդարանի հերթական նստաշրջանի ընթացքում Հայոց ցեղասպանության վերաբերյալ ելույթով հանդես եկավ ԲՀ իշխող կոալիցիայի անդամ՝ ծայրահեղական «Միավորված հայրենասերներ» խմբավորության համանախագահ, «НФСБ» ազգայնական կուսակցության հիմնադիր և առաջնորդ, ԲՀ կառավարությանն առընթեր էթնիկական և ինտեգրացման հարցերի ազգային խորհրդի նախագահ Վալերի Սիմեոնովը՝ առաջարկելով մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Արձագանքելով առաջարկությանը, ԲՀ խորհրդարանի նախագահ Ցվետա Կարայանչևան նշեց, որ առաջարկությունը հնարավոր չի ընդունել, քանի որ այն, գործող ընթացակարգի համաձայն, չի գրանցվել նախապես: Խորհրդարանի նախագահն այնուհետև հավելեց. «Մենք բոլորս գլուխներս խոնարհում ենք Հայոց ցեղասպանության զոհերի առջև»:

Ապրիլի 23-ին և 24-ին Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչման միջոցառումներ անցկացվեցին նաև Բուլղարիայի հայաշատ այլ բնակավայրերում:

Ապրիլի 24-ին հիշատակի երթ անցկացվեց Պլովդիվի «Ստեֆան Ստամբոլով» հրապարակից դեպի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի, որի բակում կազմակերպվեց հիշատակի միջոցառում և ընթերցվեց հայտարարություն՝ ուղղված Թուրքիային՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով: Քաղաքի հրապարակներից մեկում բարեգործական նպատակներով կազմակերպվեց արյան հանձնում:

Ապրիլի 23-ին ավանդական ջահերով երթ անցկացվեց Բուրգասի «Տրոյկա» հրապարակից դեպի Սուրբ Խաչ հայկական եկեղեցի, որի բակում կազմակերպվեց ոգեկոչման արարողություն: Հաջորդ օրը քաղաքի տիկնիկային թատրոնում Բուրգասի և Պլովդիվի հայկական ստեղծագործական խմբերի մասնակցությամբ ցուցադրվեց բեմականացված ներկայացում՝ նվիրված զոհերի հիշատակին: Բուրգասում կայացած միջոցառումներին մասնակցեց Բուլղարիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար, ԲՀ խորհրդարանի պատգամավոր Նիկոլայ Թիշևը: Նույն օրը ջահերով երթ անցկացվեց նաև Վառնայի կենտրոնում գտնվող հայկական հուշարձանից դեպի հայկական Սուրբ Սարգիս եկեղեցի, որի բակում հաջորդ օրը կազմակերպվեց ոգեկոչման արարողություն:

Ապրիլի 23-ին և 24-ին Բուլղարիայի բոլոր հայկական եկեղեցիներում մատուցվեցին Սուրբ պատարագներ»,- նշված է հաղորդագրության մեջ:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ