Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մարկ Արենը ընթերցասերների դատին հանձնեց «Քառյակը» նոր ստեղծագործությունը

Մարկ Արենը ընթերցասերների դատին հանձնեց «Քառյակը» նոր ստեղծագործությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ռուսաստանաբնակ արձակագիր Մարկ Արենը, որն ընթերցողների լայն շրջանակին հայտնի է «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. անատոլիական պատմություն» գրքով, ներկայացրեց իր նոր «Քառյակը» գիրքը, որի հիման վրա է նկարահանվել «Հանդիպման վայր» բազմասերիանոց ֆիլմը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրքի շնորհանդեսն անցկացվեց ապրիլի 26-ին  «Բուկինիստ» ընկերության նախաձեռնությամբ:

«Կարծում եմ` այս գիրքն անպայման կգտնի իր ընթերցողին: Այն նվիրված է երեք ընկերոջ, որոնք ծնվել են Երևանում ութսունականներին»,-նշեց գրողը:

Նրա  խոսքով` պատմությունը սկսում է այն ժամանակ, երբ ընկերները դեռ վեց-յոթ տարեկան են. սովորում են դպրոցում, հետո սկսվում է պատերազմը, հետո խաղաղություն է տիրում: «Ո’չ պատերազմը, ո’չ խաղաղությունը չեն  խանգարում նրանց ընկերությանը: Եռյակին է  միանում ազգությամբ ռուս չորրորդ ընկերը: Այդ պատճառով  գիրքն անվանել եմ քառյակ»,-պատմեց հեղինակը:

Խաչատուրը, Տիգրանը, Արտեմը, Անդրեյը մասնակցում են Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացմանը, մարտնչում հանուն Արցախի ազատագրման, այնուհետև` համեմատաբար խաղաղ ժամանակներում պայքարում ավազակախմբի դեմ Մոսկվայում և մերձմոսկովյան շրջաններում հանուն ադրբեջանցու երեխայի և իրենց ընկեր Անդրեյի փրկության:

Մարկ Արենը խոստովանեց, որ գրքում  կան իրական պատմություններ: «Հերոսներից շատերի հետ կատարվող իրադարձությունները տեղի են ունեցել իմ կամ ընկերներիս հետ: Փորձել եմ այդ ամենն ամփոփել  Երևանի և երևանցիների մասին պատմող գրքում»,-եզրափակեց Մարկ Արենը:

Գրքի թարգմանիչ Հովհաննես Այվազյանն ասաց, որ Արենն ունի հետաքրքիր ոճ, կարողանում է կառուցել լավ սյուժե, նրա ստեղծագործություններում գործողությունները զարգանում են սրընթաց: «Մարկ Արենի ասելիքը,  բառապաշարը, հերոսների լիարժեք կերպարները նրա գրքերը դարձնում են գրավիչ»,-ընդգծեց Այվազյանն ու հավելեց, որ իր համար հետաքրքիր է թարգմանել Մարկ Արենի գրքերը:

Տիրուհի Նազարեթյանը, որը խմբագրել էր գիրքը,  շեշտեց, որ այն ընթերցվում է մեկ շնչով:

Շնորհանդեսն իր կատարումներով զարդարեց երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը:

Արձակագիր Մարկ Արենի հայերեն թարգմանված երրորդ գիրքն է: Նախորդները` «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. անատոլիական պատմություն», «Վիլ-Էվրար» արժանացել են հայ ընթերցողի ջերմ ընդունելությանը: Սրանցից առաջինը հրատարակվել է  յոթ անգամ` հաճախ գլխավորելով բեսթսելերների ցուցակը:

Մարկ Արենի առաջին վեպը «Ռեքվիեմ Հուդայի համար» ստեղծագործությունն է, որում իրադարձությունները և հերոսները վերակենդանանում են ընթերցողի երևակայության մեջ, և նա բոլոր իրադարձությունների ականատես է իրեն զգում:

Արենի «Ամանորյա հրեշտակ» գրքի հիման վրա Մոսկվայում նկարահանվել է ֆիլմ, որում ընդգրկվել են հայտնի դերասաններ Գոշա Կուցենկոն, Իվան Օխլոբիստինը, գրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ Իրինա Խակամադան և այլոք:

«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. անատոլիական պատմություն» գիրքը պատմում է թուրք մարդու ապրումների մասին, որը պարզում է, որ ինքն իրականում հայ է, և հերոսի առջև բացվում է անցյալի դուռը:

Հեղինակի նախավերջին` «Վիլ-Էվրար» գրքի հերոսներն են Կոմիտասը, շախմատիստներ Շպիլմախերը, Ալյոխինը, կոմպոզիտոր Քամիլ Սեն-Սանսը, հոգեբույժ Էդմոնդ Ֆոսթերը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]