Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Մայիս

Լիոնի փոխքաղաքապետի կարծիքով՝ եկել է Հայաստանի և Ֆրանսիայի քաղաքների միջև համագործակցության ավելի պրագմատիկ ձևեր դրսևորելու ժամանակը


ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը վերջին մեկ տարում իր քաղաքականության ու գործելակերպի մեջ իսկապես հեղափոխություն է ապրել, Ֆրանսիայում ևս ինչ-որ առումով փոփոխություններ են եղել. հետևաբար, հարկ է վերանայել համագործակցության այն եզրերը, որոնք գոյություն ունեն Հայաստանի և Ֆրանսիայի քաղաքների միջև: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ապրիլի 26-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հրավիրված ասուլիսում ասաց Լիոնի փոխքաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը: 

«Իր ընտրությունների, իր քաղաքականության, իր գործելակերպի մեջ Հայաստանն իսկապես հեղափոխություն ապրեց: Եվ ինչ-որ կերպ, գուցե այլ դրսևորումներով, Ֆրանսիան ևս հեղափոխական գործընթաց ապրեց: Այնպես որ, հարկ է վերանայել համագործակցության այն հնարավոր եզրերը, որոնք գոյություն ունեն քաղաքների, համայնքների միջև»,-նշեց նա:

Փոխքաղաքապետը հիշեց, որ նմանատիպ համագործակցության մեկնարկը տրվել է 30 տարի առաջ՝ պայմանավորված աղետալի երկրաշարժով: Եվ ընթացիկ տարիներին եղել են տարբեր տիպի աջակցություններ: «Սակայն մեր պատկերացմամբ 2016-ին Հայաստանում գումարված համաժողովից հետո բոլորս հակվեցինք այն գաղափարին, որ երևի թե հասունացել է պահը՝նոր իմաստ տալ նմանատիպ համագործակցությանը: Ֆրանսիական շատ քաղաքներ Հայաստանում գտան իրենց քույր քաղաքներին և աջակցեցին դրանց զարգացման գործընթացներին: Բայց կարծես այդ ռոմանտիզմի շրջանը մնացել է հետևում և հասունացել է ժամանակը ավելի կառուցակարգված, պրագմատիկ մոտեցումներ դրսևորելու նմանատիպ համագործակցությանը»,-ասաց Կեպենեկյանը:

Հայաստանում լինելով՝ նա նկատել է՝ կա մի նոր սերունդ, որը գործի է անցել, կազմակերպվել ու լծվել է այս հանրապետության կայացման գործին: Փոխքաղաքապետը նկատեց՝ եթե այստեղ հասունացել է տեսլականը, աշխարհընկալումը փոխելու ժամանակը, իրենք այնտեղ՝ սփյուռքում իրենց հերթին ներգրավված են նմանատիպ գործունեության մեջ:

«Երևի մենք էլ պետք է մեր մոտեցումներն ու ընկալումները փոխենք: Եվ դիվանագիտական տեսանկյունից հաշվի առնելով բավականին բարդ իրավիճակները, աշխուժացած իրավիճակը՝ կարծում եմ, որ ժամանակը հասունացել է, որ մենք ևս մեր տեղերից կարողանանք մեր բաժին մասնակցությունը ցուցաբերել՝ ազդեցություն գործադրելով միջազգային հանրության տարբեր կազմակերպությունների վրա»,-ասաց Կեպենեկյանը:

Նա շեշտեց՝ ժամանակն է, որ սփյուռքը ևս հզոր լինի, քանի որ հզոր սփյուռքը անհրաժեշտ է Հայաստանին՝ ճիշտ այնպես, ինչպես Հայաստանը՝ սփյուռքին: 

«Հայաստանի իշխանությունների հետ հանդիպման ժամանակ առաջադրված ուղղությունների առնչությամբ ընդհանուր մոտեցումը հետևյալն է եղել, որ պետք է միասին լծվենք այս աշխատանքին՝ ապահովելով համագործակցությունը»,- եզրափակեց նա: 

Կեպենեկյանը պաշտոնական այցով Երևանում է ապրիլի 25-ից: Այցի հիմնական նպատակն է ծանոթանալ նոր իշխանությունների հետ և նախապատրաստել աշնանը Լիոնում կայանալիք հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովին: 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ