Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Հունիս

Թբիլիսիում նշել են Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյակը


ԵՐԵՎԱՆ, 26, ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի հռոմեական կաթոլիկ Եկեղեցու Պողոս-Պետրոս մայր տաճարում ապրիլի 25-ին հանդիսավորապես նշվել է հայ դասական երաժշտության հիմնադիր, հոգևոր և ժողովրդական երգի ռահվիրա Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյակը: 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմից, դեռևս անցյալ տարի  Հովհաննես Թումանյանի և Կոմիտաս վարդապետի փառապանծ հոբելյանների համայնքային հանձնաժողովի ծրագրային  միջոցառումն իրականացվել է Վիրահայոց թեմի նախաձեռնությամբ, Վրաստանում ՀՀ դեսպանության և Վրաստանում հռոմեաական կաթոլիկ Եկեղեցու աջակցությամբ: Միջոցառումը դարձել է քույր եկեղեցական երգչախմբերի  խոնարհումը Կոմիտաս վարդապետի երգարվեստին:

Անդրկովկասի լատինական կաթոլիկների առաքելական վարչության առաջնորդ Գերաշնորհ Ջուզեպպե եպիսկոպոս Պազոտտոն եղբայրական սիրով ողջունել է հավատակից քույրերին և եղբայրներին:

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը Կոմիտաս վարդապետի կյանքն ու գործունեությունը շաղկապել է Հայոց ցեղասպանության հետ, որի արհավիրքներին չդիմացավ ժողովրդի ծոցից ելած ազնիվ հայորդու սիրտը:   Կոմիտասի կյանքին ու գործունեությանը նվիրված բանախոսությամբ հանդես է եկել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Մհեր Նավոյանը:

Միջոցառման վարողներ Նինա Սերոպովայի և Սուրեն Աբրամյանի հայտարարությամբ Կաթոլիկ եկեղեցում տարածվել են Կոմիտասյան մեղեդիները Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի դուդուկի խմբի (ղեկավար՝ Իվանե Մկրտչյան),  Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիայի լարային երաժշտության քառյակի (պրոֆեսոր՝ Էռնստ Առաքելով) և միջազգային մրցույթների դափնեկիր ջութակահար Մարիաննա Ասրիևայի կատարմամբ: Հնչեցին շարականներ ու տաղեր, աղոթակիր մեղեդիներ ու Կոմիտասի ստեղծագործությունները Մար Շիմմոնա Բար Սաբբաե ասորիկ քաղդեական կաթոլիկ եկեղեցու երգչախմբի (խմբավար՝ Իլոնա Բիլյանովա), Վրաստանի Ավետարանչական-Մկրտական Եկեղեցու «Քորալի երգչախմբի (խմբավար՝ Ռամազ Կեմուլարիա), Վիրահայոց թեմի Մակար Եկմալյան եկեղեցական երգչախմբի (խմբավար՝ Սվետլանա Տատոևա) կատարմամբ: 

Վերջում կազմակերպիչներին, մասնակիցներին և ներկաներին իր օրհնությունն է բաշխել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Փոխանցելով  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրական սերն ու բարեմաղթանքը՝ թեմակալ առաջնորդը բարձր է գնահատել թեմի հոգևոր դասի՝ հավատացյալներին ծառայելու նվիրվածությունը, պաշտոնեության պատրաստակամությունը ազգային ավանդույթը և հոգևոր մշակույթը ժողովրդին մատուցելու գործում: Վազգեն սրբազանը «Ալիքմեդիա» օնլայն լրատվամիջոցի հիմնադիր տնօրեն Արսեն Խառատյանի և նկարչուհի Մարինա Խաչատուրովայի կողմից բանախոս Մհեր Նավոյանին փոխանցել է Կոմիտաս վարդապետին նվիրված գեղանկարը: 
 Հիրավի, կոմիտասյան չքնաղ երգն ու երաժշտությունը հավատացյալներով լեցուն դահլիճում ստեղծել են անկրկնելի տպավորություն:

Վիրահայոց թեմում հոբելյանական միջոցառումները շարունակվում են: 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ