1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանը Չինաստանի հետ կընդլայնի համագործակցությունը անտառավերականգնման, շրջակա միջավայրի մոնիթորինգի և էկոտուրիզմի ոլորտներում

Հայաստանը Չինաստանի հետ կընդլայնի համագործակցությունը 
անտառավերականգնման, շրջակա միջավայրի մոնիթորինգի և էկոտուրիզմի 
ոլորտներում

ՊԵԿԻՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության և  Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որի նպատակն է ընդլայնել համագործակցությունը և փորձի փոխանակումը  անտառավերականգնման, շրջակա միջավայրի մոնիթորինգի և էկոտուրիզմի ոլորտներում:  «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային երկրորդ գագաթնաժողովի շրջանակում  Պեկին ժամանած ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը ՉԺՀ Էկոլոգիայի և շրջակա միջավայրի նախարար  Լի Գանձիեի  հետ հանդիպումից և հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությունից հետո «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նախարարարը նշեց, որ  «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Էկոլոգիայի և շրջակա միջավայրի նախարարության միջև բնապահպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը հիմք կհանդիսանա հետագա առարկայական համագործակցության համար:

«Փաստաթղթի շրջանակում ունենք ծրագրային առաջարկ, որը ենթադրում է անտառավերականգնման աշխատաքների իրականացում: Չինաստանը լավ փորձ ունի դեգրադացված հողերում անտառավերականգնման աշխատաքներում՝ անապատային և կիսանապատային գոտիներում  նոր տեխնոլոգիաների կիրառմամբ։ Մեծ ծավալի անտառավերականգնման աշխատաքներ է իրականացնում: Առաջարկել ենք, որպեսզի Հայաստանում պիլոտային նմանատիպ ծրագիր իրականացվի»,- ասաց Գրիգորյանը:

Ըստ նախարարի՝  համագործակցության մյուս ուղղությունը  կապված է շրջակա միջավայրի մոնիթորինգի հետ, որը Հայաստանում ամբողջովին վերափոխելու է այդ համակարգը:

«Նախկինում  շրջակա միջավայրի մոնիթորինգի համակարգը բաշխված էր տարբեր գերատեսչությունների միջև. մի մասը Գյուղատնտեսության նախարարության ենթակայության տակ էր, մյուս մասը՝ Արտակարգ իրավիճակների նախարարության: Ներկայումս Կառավարության որոշմամբ Հիդրոմետծառայությունը կմիանա Բնապահպանության նախարարությանը և կձևավորվի միասնական մոնիթորինգի համակարգ: Այստեղ, կարծում եմ, նույնպես Չինաստանի հետ համագործակցության բավական մեծ շրջանակ ունենք»,- նշեց Գրիգորյանը:

Բնապահպանության նախարարը Չինաստանի գործընկերներին նաև առաջարկել է որոշակի աջակցության տրամադրում Հայաստանի էկոտուրիզմի զարգացման ոլորտին՝ հաշվի առնելով Հայաստանի  կենսաբազմազանությունը, որպեսզի չինացի էկոտուրիստները որպես իրենց համար հնարավոր ուղի ներառեն նաև Հայաստանը:

«ՉԺՀ էկոլոգիայի և շրջակա միջավայրի նախարարի  հետ քննարկման ընթացքում  շեշտադրեցինք, որ առաջնային ենք համարում գիտելիքի, տեխնոլոգիաների և կարողությունների շրջանակում համագործակցությունը, այլ ոչ թե ստանդարտ ֆինանսական աջակցությունը, քանի որ առանց գիտելիքի վրա հիմնված ճիշտ որոշումների, ֆինանսական միջոցները,  եթե նույնիսկ առկա են, արդյունավետ չեն օգտագործվելու:

Համագործակցության խորացման վերաբերյալ նախկինում ՉԺՀ նախարարի հետ հանդիպել ենք բնապահպանական ասամբլեայի շրջանակում և այնտեղ  քննարկել, որ պետք է խորացնել համագործակցությունը: Մեր և իրենց թիմերը շատ արագ աշխատեցին, որպեսզի այս հուշագիրը պատրաստ լինի ստորագրելու համար»,- ընգծեց նախարարը:

Գրիգորյանը նաև հանդիպեց Կանաչ կլիմայական հիմնադրամի նորանշանակ գործադիր տնօրեն Յանիկ Գլեմարեկի հետ և քննարկեց նոր ստեղծվող միասնական բնապահպանական մոնիթորինգի համակարգի աջակցման հնարավորությունները:

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը  ապրիլի 25-27-ն աշխատանքային այցով գտնվում է ՉԺՀ-ում՝ մասնակցելու Պեկինում տեղի ունեցող «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային համագործակցության համաժողովին, որի շրջանակում անցկացվել  է նաև «Կանաչ մետաքսի ճանապարհ» երկրորդ թեմատիկ ֆորումը և տրվել «Կանաչ գոտիների և Ճանապարհների Կանաչ զարգացման միջազգային կոալիցիայի» մեկնարկը:

Միջոցառմանը մասնակցում են 40 երկրի ղեկավարներ և 160-ից ավելի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ և հյուրեր: Միջոցառումների շրջանակներում տեղի են ունեցել երկրների կառավարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կլոր սեղաններ, կայուն զարգացմանը, կանաչ տեխնոլոգիաների ներդրմանը, կանաչ էներգիային, գլոբալ կլիմայական կառավարմանն ու կենսաբազմազանության պահպանմանը նվիրված 12 թեմատիկ հանդիպումներ։ Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդես է եկել ելույթով։

 Կարեն Խաչատրյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]