1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հալեպում և Սանկտ Պետերբուրգում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը

Հալեպում և Սանկտ Պետերբուրգում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի շրջանակներում ապրիլի 23-ին Բերիո Հայոց թեմի, Բերիո թեմի Հայ կաթողիկե համայնքի, ինչպես նաև Սիրիայի Հայ ավետարանական համայնքների առաջնորդների բարձր հովանավորությամբ Հալեպի Զվարթնոց եկեղեցու սրահում տեղի է ունեցել հսկումի արարողություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, երեք համայնքների հոգևոր առաջնորդների ելույթներում անդրադարձ է կատարվել ցեղասպանության պատմական կողմերին, միջազգային ճանաչման գործընթացին, կոչ է արվել մեկտեղել ջանքերն ու առավել ակտիվ և արդյունավետ աշխատանքներ տանել պատմական արդարությունը վերականգնման ուղղությամբ:

Ապրիլի 24-ին Հալեպի Սբ Աստվածածին եկեղեցում տեղի է ունեցել սուրբ պատարագ` նվիրված անմեղ նահատակների հիշատակին: Այնուհետև եկեղեցու բակում կայացել է ծաղկեպսակի զետեղման արարողություն, որին մասնակցել է Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության անձնակազմը: Արարողությունից հետո, եկեղեցու ներքնասրահում, մեկնարկել է արյան տվչության ավանդական միջոցառումը` Հայոց ցեղասպանության մասին ֆիլմերի ցուցադրմամբ: 

Նույն օրը Հալեպի «Եսայան» սրահում մեկնարկել է Հայոց Մեծ եղեռնի 104-րդ տարելիցին նվիրված հիմնական միջոցառումը` հալեպահայ բոլոր ազգային կառույցների ղեկավարների, անդամների, ներկայացուցիչների, օտար հյուրերի մասնակցությամբ: Ելույթով հանդես են եկել Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը` երախտիքի խոսք փոխանցելով Սիրիայի կառավարությանն ու բարեկամ ժողովրդին` Հալեպում ապաստան գտած հայ գաղթականներին փրկության ձեռք մեկնելու համար:

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Սանկտ Պետերբուրգում ապրիլի 24-ի առավոտյան Վասիլեօստրովսկի շրջանի «Կամսկի» այգում գտնվող Կոմիտաս Վարդապետի հուշարձանին ծաղկեպսակներ և ծաղիկներ խոնարհվեցին Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության, Սանկտ Պետերբուրգի կառավարության, Սանկտ Պետերբուրգում ՌԴ ԱԳՆ ներկայացուցչության, Սանկտ Պետերբուրգում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, տեղի զինվորական ակադեմիաներում ուսանող հայ սպաների և զինվորների և հայ համայնքի կողմից:

ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի մասնակցությամբ Կրոնի պատմության թանգարանում տեղի է ունեցել տեղի հայ համայնքի կողմից նվիրաբերած խաչքարի բացման արարողությունը, որը մշտական ցուցադրման կներկայացվի Կրոնի թանգարանում: Միջոցառմանը մասնակցել են նաև Սանկտ Պետերբուրգի կառավարության Ազգամիջյան հարաբերությունների և միգրացիոն քաղաքականության իրականացման կոմիտեի ղեկավարի տեղակալ Վադիմ Օկրուշկոն, Սանկտ Պետերբուրգի և Հյուսիս-արևմտյան տարածաշրջանի հոգևոր հովիվ Պողոս աբեղա Վարդանյանը, Սանկտ Պետերբուրգում հայ համայնքի ղեկավար Կարեն Մկրտչյանը և այլոք: 
Այնուհետև Հայ առաքելական Սբ Կատարինե եկեղեցում մատուցվել է պատարագ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների:

Սբ. Կատարինե եկեղեցու բակում տեղի ունեցած հանրահավաքին ելույթներով հանդես են եկել Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, տեղի հույն, ասորի և այլ համայնքների ներկայացուցիչներ, հասարակական և մշակույթի գործիչներ: Հանրահավաքից հետո հայ համայնքի «Վերնատուն» մշակութային կենտրոնում բացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես, որին ներկայացված էին Սանկտ Պետերբուրգի հայ նկարիչների աշխատանքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]