Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Մայիս

Լիտվայում, Չեխիայում և  Աջարիայում կայացել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ


ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիլնյուսի «Կիրառական արվեստի» թանգարանում ապրիլի 24-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին և Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառում, որը ՀՀ մշակույթի նախարարության և Լիտվայի հայերի միության աջակցությամբ նախաձեռնել և կազմակերպել էր Լիտվայում ՀՀ դեսպանությունը։

Ինչպես Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, միջոցառման ընթացքում համերգային հատուկ ծրագրով հանդես են եկել ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը և դաշնակահարուհի️, Արամ Խաչատրյանի թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը։ Միջոցառմանը ներկա են եղել Լիտվայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, Լիտվայի օրենսդիր և գործադիր իշխանության մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ, Սեյմասի պատգամավորներ, հասարակական, քաղաքական և մշակութային գործիչներ, մտավորականներ, հայ համայնքի մեծաթիվ ներկայացուցիչներ։

Ելույթ ունենալով միջոցառմանը՝ Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն իր երախտագիտությունն է հայտնել Լիտվայի խորհրդարանին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար և նշել, որ աշխարհի շատ մայրաքաղաքներում ապրիլի 24-ն արդեն նշվում է որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր։ Իր խոսքում դեսպանը նշել է, որ հիշատակի օրը կարող է հնարավորություն լինել անցյալին առերեսվելու և ավելի լավ ապագայի համար հիմք դնելու համար՝ հավելելով, որ սա է ճանապարհ հենց Թուրքիայի համար, այլ ոչ թե ցեղասպանություն իրականացնողներին արդարացնելը, առավել ևս փառաբանելը։

Նույն օրը Լիտվայի ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հիշատակի արարողություն, որը Լիտվայում ՀՀ դեսպանության աջակցությամբ կազմակերպվել էր Վիլնյուսի հայերի միության և Լիտվայի ցեղասպանության և դիմադրության կենտրոնի կողմից։ Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, Լիտվայի Սեյմասի Լիտվա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Գուոդա Բուրոկիենեին (Guoda Burokienė), Լիտվայի հայերի միության անունից Ռուսլան Հարությունյանը և Հայաստանի ու Լիտվայի գրողների միության անդամ, հայտնի արձակագիր Վահագն Գրիգորյանը։

 

Ապրիլի 24-ին Չեխիայում անցկացվել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ ծաղկեպսակների զետեղման արարողություն Պրահայի հայկական խաչքարի մոտ, Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման հոգեհանգստյան կարգ ու Կոմիտասի ստեղծագործությունների կատարմամբ լարային քառյակի համերգ Պրահայի Սուրբ Հոգու եկեղեցում, մոմերով երթ Սուրբ Հոգու եկեղեցուց դեպի խաչքար:

Միջոցառումներին մասնակցել են Չեխիայիում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը և դեսպանության անձնակազմը, Չեխիայի բարձրաստիճան պաշտոնյաներ, սենատորներ և պատգամավորներ, համայնքային կառույցների ներկայացուցիչներ, մի շարք երկրների դեսպաններ և դիվանագետներ, բազմաթիվ հայրենակիցներ։

Ելույթներով հանդես են եկել դեսպան Աշոտ Հովակիմյանը, Չեխիայի, Սլովակիայի և Հունգարիայի Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը, Չեխիայի խորհրդարանի Սենատի փոխնախագահ Միլան Շտյեխը (Milan Štěch), խորհրդարանի Պատգամավորների պալատի փոխնախագահ Վոյտյեխ Պիկալը (Vojtěch Pikal), Պրահայի արքեպիսկոպոս, կարդինալ Դոմինիկ Դուկան (Dominik Duka) և Չեխիայի խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ և հայ-չեխական միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Մարեկ Բենդան (Marek Benda)։

ՀՀ դեսպանն իր ելույթում մեկ անգամ ևս երախտագիտություն է հայտնել չեխական կողմին՝ 2017թ․ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման համար՝ հանգամանորեն ներկայացնելով ցեղասպանությունների և մարդկության դեմ ուղղված ոճրագործությունների կանխարգելման ուղղությամբ միջազգային ատյաններում ՀՀ կողմից տարվող աշխատանքը, անդրադարձ կատարել նաև Հայոց ցեղասպանության արդյունքում աշխարհասփյուռ հայ համայնքների գոյության և հայկական ինքնության պահպանման հարցերին։

Դեսպան Աշոտ Հովակիմյանը նաև ծաղիկներ է զետեղել Ֆրանց Վերֆելի հուշատախտակին և Վուդրո Վիլսոնի հուշարձանին։

Ապրիլի 22-ին դեսպան Աշոտ Հովակիմյանը և Բարսեղ վարդապետ Փիլավչյանը այցելել էին Յիհլավա քաղաք, որտեղ Վիսոչինա երկրամասի հայության հետ հարգանքի տուրք էին մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակներ զետեղելով քաղաքում տեղադրված հայկական խաչքարին։ Տեղի էր ունեցել նաև դեսպանի հանդիպումը Յիհլավայում և շրջակա բնակավայրերում ապրող հայրենակիցների հետ։

Ապրիլի 24-ին Բաթումի Սուրբ Փրկիչ Հայ առաքելական եկեղեցում կատարվել է Սրբոց բարեխոսության կարգ՝ Հայա Առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի՝ տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի մատուցմամբ:

Այնուհետև, եկեղեցու բակում գտնվող Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ կայացել են ծաղիկների խոնարհման և մոմավառության արարողություններ՝ Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսության, ՀԱԵ վիրահայոց թեմի հովվության, համայնքային կառույցների, հայ համայնքի ներկայացուցիչների և հյուրերի մասնակցությամբ:

Կազմակերպվել է բացօթյա ցուցահանդես, որում ներկայացվել են դեպքերին ականատես գերմանացի հումանիստ Արմին Թ. Վեգների՝ Մեծ Եղեռնի դրվագները պատկերող լուսանկարները:

Ներկաների առջև ելույթ են ունեցել Տեր Արարատ քահանա Գումբալյանը և Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը, ով իր ելույթում նշել է, որ 104 տարի առաջ ապրիլի 24-ին սկսվել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, երբ Օսմանյան կայսրության երիտթուրքերի կառավարությունը սանձազերծել է կայսրության հայ բնակչության կոտորածներն ու տեղահանությունը իրենց պապենական քաղաքներից ու գյուղերից։ Նա ընդգծել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման կարևորությունը՝ մարդկությանը նոր աղետներից զերծ պահելու համար:

Նույն օրը Ալեքսանդր Մանթաշյանցի անվան կրթամշակությային և երիտասարդական կենտրոնում հայ համայնքային երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ կայացել է «Խոստում» ֆիլմի ցուցադրությունը:



Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ