Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Մայիս

ՍԱՏՄ-ն և Ագրարային համալսարանը կազմակերպել են անասնաբուժության զարգացմանը նվիրված գիտաժողով


ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ կազմակերպել է «Գիտության և գիտական հաստատությունների դերն անասնաբուժության ոլորտի զարգացման գործում» խորագրով գիտաժողով՝ նվիրված Անասնաբույժի միջազգային օրվան: Գիտաժողովին մասնակցում էին ՍԱՏՄ պետ Գեորգի Ավետիսյանը, ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ներկայացուցիչներ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայից, դասախոսներ, անասնաբույժներ, ինչպես նաև ուսանողներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ողջույնի իր խոսքում շնորհավորելով ոլորտի բոլոր մասնակիցներին, ասել է, որ մոտեցումն ուսումնական գործընթացին արմատապես փոխվելու է: Նա տեղեկացրել է, որ առաջիկայում կառուցվելու է ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած անասնաֆերմա, որն անասնաբույժ ուսանողների համար լսարանից դուրս սովորելու և աշխատելու սիրելի վայր լինելուց զատ հնարավորություն կտա լավ մասնագետ դառնալու: Ենթակառույցների բարելավման ուղղությամբ մյուս քայլը կլինի անասնաբուժական կլինիկայի վերազինումը և սիմուլացիոն կենտրոնի հիմնումը: «Գոհունակությամբ պետք է նշեմ, որ ՍԱՏՄ-ի մեր գործընկերները պատրաստակամություն են հայտնել ոչ միայն վերապատրաստել մեր դասախոսներին, այլև հնարավորություն տալ մեր ուսանողներին գործնական պարապունքներ անցկացնել իրենց արդիական լաբորատորիաներում»,- ասել է պարոն Ուռուտյանը:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը խոսել է Անասնաբույժի միջազգային օրը մեր երկրում կարևորելու և առաջին անգամ պետական մակարդակով նշելու մասին: Հույս հայտնելով, որ սա կլինի շարունակական, տեսչական մարմնի ղեկավարը նշել է. «Կարծում եմ կկարողանանք ցույց տալ, թե ինչ է անասնաբուժությունը և երիտասարդների մեջ դեպի այս մասնագիտություն կսերմանենք այն սերը, որը մենք ենք ունեցել: Մենք պետք է հասնենք նրան, որ հասարակության բոլոր շերտերը հասկանան և կարևորեն անասնաբույժի դերն ու նշանակությունը մեր երկրի համար: Մենք այսօրվանից հայտարարում ենք անասնաբուժության հանրայնացման ժամանակաշրջան»։

 Գիտաժողովի ընթացքում գիտական շրջանակների ներկայացուցիչները ներկայացրել են կենդանիներին վերաբերող տարբեր հիվանդություններ՝ մասնավորապես անդրադառնալով այն հիվանդություններին, որոնք ընդհանուր են մարդու և կենդանիների համար, ներակայացրել դրանց տարածման, կանխարգելման, բուժման վիճակագրությունը, խոսել արդիական մեթոդների ներդրման անհրաժեշտության մասին»,- նշված է հաղորդագրության մեջ:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ