Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Աշնանը Լիոնում կկայանա Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 4-րդ համաժողովը

Աշնանը Լիոնում կկայանա Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված 
համագործակցության 4-րդ համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն ապրիլի 25-ին հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանը, Լիոնի մետրոպոլի և քաղաքապետարանի հայաստանյան ծրագրերի ղեկավար Իզաբել լա Գյուլը և այլ պաշտոնատար անձինք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ջերմորեն ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարար Պապիկյանը բարձր է գնահատել դարավոր բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկա մակարդակը և ընդգծել միջպետական ու միջտարածաշրջանային հարթություններում ապակենտրոնացված փոխգործակցության ներկապնակն առավել հարստացնելու ուղղությամբ լրացուցիչ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը։ Նախարարն արդյունավետ է բնորոշել Հայաստանի և Ֆրանսիայի երկու տասնյակից ավելի քույր քաղաքների միջև տարբեր ոլորտներում առկա գործակցությունը, որի գործնական վկայությունն, ըստ նրա, բոլորովին վերջերս Էջմիածնի և Իսի լե Մուլինոյի միջև ստորագրված «խելացի քաղաքների» վերաբերյալ համագործակցության պայմանագիրն էր։

Դեսպան Ժոնաթան Լաքոթը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և նշել, որ ապակենտրոնացված համագործակցությունը երկու երկրների միջև խորացող հարաբերությունների կարևորագույն բաղադրիչներից է։

Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանը ևս շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և նկատել, որ ժողովրդավարության ուղղությամբ Հայաստանում արձանագրված դրական տեղաշարժերը հայ-ֆրանսիական հարաբերությունների վերբեռնման և դրանք որակապես նոր հիմքերի վրա դնելու հիանալի հնարավորություններ են ընձեռնում։ Փոխքաղաքապետը նաև համոզմունք է հայտնել, որ աշնանը Լիոնում կայանալիք Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 4-րդ համաժողովը երկու պետությունների վարչատարածքային միավորումների համար նույն հաճախականությամբ խոսելու և գործելու յուրօրինակ հարթակ կդառնա։

Նախարար Պապիկյանը ողջունել է երկկողմ հարաբերությունները նոր փուլ թևակոխելու վերաբերյալ զրուցակցի մոտեցումները և շեշտել, որ բովանդակային նոր հիմքերի վրա խարսխված գործնական կապերն ու ֆրանսիական հաջողված փորձի տեղայնացումը մեծապես կնպաստեն Հայաստանի համայնքների կարողությունների հզորացմանը։ Այս տեսանկյունից նախարարն առանցքային է համարել նաև փոխշահավետ բիզնես միջավայրի ձևավորումն ու վստահելի գործընկերային հարաբերությունների կառուցումը։ Հյուրերին ներկայացնելով Հայաստանում իրականացվող վարչատարածքային բարեփոխումների ընթացքը՝ Սուրեն Պապիկյանն արձանագրել է. «Մեզ համար առաջնահերթ է ժողովրդավարության արմատները դնել հենց համայնքներում։ Մենք ձգտում ենք հավասարակշռության գործուն մեխանիզմ ապահովել համայնքի ավագանու և ղեկավարի միջև՝ նպատակ ունենալով խուսափել տեղերում գերանձնավորված իշխանությունից»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]