Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Մայիս

Մեկնարկել է «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի երկրորդ փուլը


ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալներ Վիգեն Քոչարյանի և Արտակ Ասատրյանի մասնակցությամբ ապրիլի 25-ին մեկնարկել է ԵՄ/ԵԽ համագործակցությամբ իրականացվող «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի երկրորդ փուլը: Միջոցառմանը մասնակցել են նաև Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, ԵԽ մարդու իրավունքների քաղաքականության և համագործակցության բաժնի ղեկավար Միխայիլ Լոբովը, Եվրամիության հայաստանյան պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանո դե լա Ռոսան և ՀՀ ԱԳՆ ԳԼԿ ազգային համակարգող Տիգրան Սամվելյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,

միջոցառման ընթացքում տրվել է նաև Աջակցություն դատական բարեփոխումներին քրեական արդարադատության ոլորտում ծրագրի մեկնարկը:

Փոխնախարար Քոչարյանն իր խոսքում նշել է, որ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագիրն այն արդյունավետ գործիքն է, որն ուղղված է մեր երկրում բարեփոխումներ իրականացնելու կարողությունների հզորացմանը` դրանք համապատասխանեցնելով Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության չափանիշներին: Ծրագրի իրականացումը դիտարկելով ավելի լայն ենթատեքստում՝ Հայաստանի զարգացման և պատմական արմատական վերափոխումների լույսի ներքո, նախարարի տեղակալն ընդգծել է, որ Եվրոպայի խորհրդի, Եվրոպական միության, մյուս միջազգային գործընկերների օժանդակությունը նպաստեցին Հայաստանում մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության գաղափարների հաստատմանը, այն գաղափարների, որոնք հաղթեցին անցած տարվա ժողովրդական թավշյա հեղափոխության ընթացքում:

Ամփոփելով առաջին փուլի արդյունքները՝ Վիգեն Քոչարյանն ընդգծել է, որ ծրագրի իրականացման ընթացքում արդարադատության ոլորտում իրականացվել են մի շարք ծրագրեր, որոնք ուղղված էին քրեակատարողական հիմնարկներում առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը, քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին, վատ վերաբերմունքի ու անպատժելիության դեմ, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներին:

Միխայիլ Լոբովն իր խոսքում նշել է, որ ծրագրի նպատակներից մեկը 47 անդամ պետությունների իրավական դաշտերի ներդաշնակեցումն է՝ կիրառելով միջազգային լավագույն փորձը:

Որպես լավ օրինակ՝ Լոբովն ընդգծել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի մասին ՀՀ օրենքը լավագուններից մեկն է ԵՄ տարածքում: Իսկ որպես ծրագրի առաջին փուլի արդյունք՝ Միխայիլ Լոբովն արձանագրել է Քաղաքացիական դատավարության և Ընտրական օրենսգրքերի ընդունումը և հույս հայտնել, որ մեկնարկող երկրորդ փուլի արդյունքներն առավել տպավորիչ կլինեն:

Նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ԵԽ/ԵՄ համագործակցության համար և նշել, որ քրեական արդարադատության օրենսդրության մշակման ողջ գործընթացն ուղեկցվել է ԵԽ սերտ աջակցությամբ: Փոխնախարար Ասատրյանը նշել է նաև, որ Քրեական դատավարության և Քրեական օրենսգրքերի նախագծերի մշակման աշխատանքային խմբերի հետ հանդիպման ընթացքում Արդարադատության նախարարության կողմից տրվել է հստակ ուղերձ՝ նախագծերի մշակման գործընթացն ավարտին հասցնելու քաղաքական կամքի առկայության մասին, ինչը կարագացնի դրանց ընթացքն ու քաղաքական քննարկումներ ծավալելու գործընթացը:

Հաջորդիվ, շարունակվել են ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի շուրջ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների ելույթներն ու քննարկումները:



Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ