Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Մանկապարտեզներում երեխաների նկատմամբ բռնության խնդիր չկա, Երևանի քաղաքապետարանը տեսախցիկների անհրաժեշտություն չի տեսնում

Մանկապարտեզներում երեխաների նկատմամբ բռնության խնդիր չկա, Երևանի 
քաղաքապետարանը տեսախցիկների անհրաժեշտություն չի տեսնում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի մանկապարտեզներում երեխաների նկատմամբ բռնության խնդիր ընդհանրապես չկա: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Երևանքի քաղաքապետարանի հանրակրթության վարչության նախադպրոցական բաժնի պետ Նունե Սարգսյանը:

«Չհաշված այս վերջին դեպքը, որի մասին Երևանի թիվ 94 մանկապարտեզում երեխաներից մեկի ծնողը բարձրաձայնեց: Համապատասխան մարմինները թող հետաքննություն վարեն, եթե պարզվի, որ դայակի մեղավորությունը կա, ապա պարզ է ինչի կարժանանա նա: Ինչ վերաբերում է նման դեպքերին, ապա մենք, կարելի է ասել, չենք ունեցել»,-ասաց Նունե Սարգսյանը: Նա նշեց, որ տարիների ընթացքում շատ հազվադեպ եղել են հատ ու կենտ զանգեր, սակայն տեղում դա չի հաստատվել:

«Բայց մի բանի մասին եմ ուզում իսկապես բարձրաձայնել: Օրինակ, ընտանիքում ծնողը զայրացել է և հարվածել է երեխային: Հիմա իրավունք ունի, թե չունի, ամեն դեպքում նա այդ արարքը կատարել է: Մայրն, ամուսնուց, տան մյուս անդամներից վախենալով, ասում է՝ մանկապարտեզում են արել: Այո, եղել է դեպք, և, երբ մանրամասն հարցեր ես ուղղում, ծնողն ասում է, թե չի հիշում, միգուցե այլ տեղում է եղել» ,-ասաց Նունե Սարգսյանը՝ ընդգծելով, որ երբ փորձում ես դեպքի եզրերը, բացատրությունները փնտրել, ծնողները լռում են: Ամեն դեպքում, քաղաքապետարանի աշխատակիցը վստահեցնում է, որ նույնիսկ այդ դեպքերը շատ հազվադեպ են լինում: Այսինքն՝ երեխայի նկատմամբ բռնության խնդիր մանկապարտեզներում չկա:

Երևանի թիվ 94 մանկապարտեզում դեպքից հետո, սոցիալական ցանցերում ծնողները ակտիվորեն քննարկումներ են սկսել այն մասին, որ մանկապարտեզներում, խմբասենյակներում տեսախցիկներ տեղադրվեն: Պատճառաբանությունն այն է, որ երեխայի նկատմամբ խնդրի դեպքում տեսաձայնագրությունները կարող են օգնել: Նունե Սարգսյանը նշեց, որ նման առաջարկով մի քանի նամակ ստացել են ծնողներից, սակայն նման հարց չեն դիտարկում:

«Ինչպես ասացի, նախ երեխաների նկատմամբ բռնության խնդիր մեզ մոտ չկա: Երկրորդը, Երեխաների անձնական տվյալների պաշտպանության մասին ուղեցույցի համաձայն`  տեսահսկման համակարգերի տեղադրումը չպետք է հետապնդի կոնկրետ աշխատողին կամ անձանց որոշակի խմբին հատուկ վերահսկելու նպատակ, մշտապես տեսահսկելու անհրաժեշտությունը հակակշռում է անձանց կյանքը հարգելու իրավունքին: Այն խոչընդոտում է մանկավարժների համար ուսուցման ազատությանը, նշվածը պետք է հաշվի առնել երեխայի անհատականությունը զարգացնելու համատեքստում»,-նշեց Նունե Սարգսյանը:

Նա ավելացրեց, որ եթե նույնիսկ տեսանկարահանող սարք պետք է տեղադրվի, ապա անհրաժեշտ է ունենալ և՛ բոլոր ծնողների, և՛ տնօրենի, և՛ աշխատակազմի համաձայնությունը: Տեսագրություններն էլ պետք է հասանելի լինեն այն մարդկանց համար, ովքեր պատասխանատու են հաստատության անվտանգության ապահովման համար: Նունե Սարգսյանը նշեց, որ այդտեղ խնդիր են տեսնում: Օրինակ, երեխան զարգացման խանգարման, ընդհանրապես, առողջության հետ կապված խնդիր ունի, իսկ ծնողները ցանկանում են, տեսախցիկներն առցանց լինեն, որ տանը նստած հետևեն երեխային:

«Միգուցե իմ ասած երեխան առողջական խնդիրներով պայմանավորված այնպիսի շարժումներ է անում, որ նրա ծնողը չի ցանկանում մյուսները դա տեսնեն կամ այդ մասին իմանան: Այստեղ մենք գործ ունենք երեխաների անձնական տվյալների պաշտպանության հետ» ,-ասաց Նունե Սարգսյանը:

Օրեր առաջ Երևանի թիվ 94 մանկապարտեզում 3.5 տարեկան երեխայի նկատմամբ բռնության դեպքի մասին ահազանգ էր եղել: ՀՀ ոստիկանությունից փորձեցինք ճշտել գործի ընթացի վերաբերյալ: «Արմենպրես»-ին փոխանցեցին, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի առաջին մասի 2-րդ կետով (Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե արարքի մեջ հանցակազմ չկա) քրեական գործի հարուցումը մերժվել է:

ՀՀ ոստիկանությունից նաև փոխանցեցին, որ Հայաստանում մանկապարտեզներում երեխաների նկատմամբ բռնության դեպքեր գրեթե չկան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]