Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Մայիս

Արցախի ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի սադրիչ ապատեղեկատվությունը և կոչ անում ձեռնպահ մնալ իրադրությունը սրելու մարտավարությունից


ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվություն է որակել ադրբեջանական որոշ լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկությունն առ այն, թե իբր ապրիլի 24-ի ժամը 17:30-ի և 25-ի ժամը 15:20-ի սահմաններում հայկական առաջապահ ուժերը կրակահերթեր են արձակել հակամարտ զորքերի շփման գծի արևելյան հատվածում տեղակայված մերձճակատային Չիրագլի գյուղի ուղղությամբ, որի ընթացքում գնդակոծության տակ են հայտնվել այդ ժամանակ տներից մեկի բակում գտնվող 4-ից 13 տարեկան մի քանի աղջիկ երեխաներ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ոչ միայն կտրականապես հերքում է ադրբեջանական կողմի տարածած տվյալ տեղեկությունը, այլև այն որակելով սադրիչ, իր պատրաստակամությունն է հայտնում, անհրաժեշտության դեպքում, վերոնշյալ բնագծերում առկա իրավիճակը բնութագրող տեսագրությունները՝ ֆիքսված տեսադիտարկման համակարգերով, ըստ ժամանակագրության ներկայացնել հանրության առավել լայն շրջանակների ուշադրությանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Միաժամանակ, Արցախի զինված ուժերի հրամանատարությունը, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմի տառին ու ոգուն, կոչ է արել ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ շփման գծում իրադրությունն արհեստականորեն սրելու անհեռանկար մարտավարությունից և շարունակել պահպանել կառուցողական կեցվածք:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ