Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մանե Ադամյանն ընդունել է Կամբոջայի Թագավորության պատվիրակությանը

Մանե Ադամյանն ընդունել է Կամբոջայի Թագավորության պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումերի նախարարի տեղակալ Մանե Ադամյանն ապրիլի 25-ին Հ ընդունել է Կամբոջայի Թագավորության պատվիրակությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պատվիրակության կազմում էին Կամբոջայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության պետական քարտուղար Ուչ Բորիտը, Կամբոջայի առևտրի նախարարության պետական քարտուղար Տեկրետ Կամրանգը,   Ռուսաստանի Դաշնությունում Կամբոջայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Կեռ  Վիքսիթը և այլ պաշտոնյաներ։

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ և Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահը։  

Մանե Ադամյանը ողջունել է հյուրերին և համառոտ ներկայացրել Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրը, արտահանման հնարավորությունները, տեղեկացրել գործող առևտրային ռեժիմների մասին, նաև անդրադարձել ՀՀ տնտեսական բարեփոխումների և ներդրումային միջավայրի բարելավման օրակարգին, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և մի շարք այլ բնագավառներում Հայաստանի հնարավորություններին։

Կամբոջայի պատվիրակության ներկայացուցիչները նշել են, որ հետաքրքրված են  հանքային ջրերի, գյուղատնտեսության,  զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցության, ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության հնարավորություններով և հեռանկարներով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության հնարավոր ուղղությունները։ Մասնավորապես արծարծվել են հայկական արտադրանքի՝ Կամբոջա հնարավոր արտահանման, ինչպես նաև կամբոջական ապրանքների` Հայաստան ներկրման վերաբարյալ հարցեր։  Երկուստեք կարևորվել են գործարարների անմիջական շփումները և հանդիպումները, փոխայցելությունները, ինչպես նաև տեղեկատվության փոխանակման անհրաժեշտությունը։

Կողմերը պայմանավորվել են տնտեսական կապերն ակտիվացնելու ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկել և համագործակցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։

Մանե Ադամյանը նշել է, որ նախարարությունը պատրաստ է աջակցել համագործակցության զարգացման հարցում և հավելել, որ Կամբոջայի գործընկերներին կփոխանցի իրենց հետաքրքրող ոլորտներում գործող ընկերությունների տվյալները՝ գործակցությունն առավել հասցեական դարձնելու համար։

Անդրադառնալով ԵԱՏՄ-Կամբոջա հարաբերություններին՝  նախարարի տեղակալն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է աջակցել Կամբոջային Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության խորացման ուղղությամբ։  

Կողմերը նշել են, որ երկու երկրներն էլ զբոսաշրջության ոլորտում մեծ ներուժ ունեն, որն առաջիկայում անհրաժեշտ է արդյունավետ օգտագործել։ 

Հանդիպման ավարտին հյուրերը Մանե Ադամյանին հրավիրել  են այցելել Կամբոջա՝ տեղում ծանոթանալու երկրի տնտեսությանը և զբոսաշրջային հնարավորություններին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]