Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ ներկրվող ցեմենտի վրա պետտուրքի սահմանումը կթանկացնի շինարարությունը

Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ ներկրվող ցեմենտի վրա պետտուրքի սահմանումը 
կթանկացնի շինարարությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դեմ է ներկրվող ցեմենտի վրա պետտուրք սահմանելու մասին նախագծին, կարծում է՝ շուկայի ազատականացման հետ լուրջ խնդիր առաջացնող քայլ է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարուքյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ ճեպազրույցում՝ անդրադառնալով «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքում լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթը:

«Դա Հայաստանում շինարարությունը թանկացնելուն միտված և, ըստ էության, մեր շուկայի ազատականացման հետ լուրջ խնդիր առաջացնող քայլ է: Դա կիսատ-պռատ նախագիծ է՝ առանց խորը քննարկումների: Մենք առաջարկեցինք համապատասխան մեծ քննարկումներ կազմակերպել, հետո նոր հարցը բերել առաջ»,-ասաց նա ու նշեց կարծես իրենց առաջարկն ընդունվել է:

 Մարուքյանի կարծիքով՝ նախագծի հետ կապված կա նաև շահերի հարցը։ «Մենք նշել ենք, որ ԲՀԿ-ի պատգամավորները շահերի բախման հետ կապված խնդիրներ ունեն»,-նշեց խմբակցության ղեկավարը:

ԱԺ ճեպազրույցում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը անդրադառնալով շահերի բախման վերաբերյալ հնչեցրած հարցին՝ նշել էր, որ Գագիկ Ծառուկյանը հավատարմագրային կառավարման է հանձնել «ԱրարատՑեմենտ» գործարանը և հարցն ընդհանրապես բիզնես շահերին չի վերաբերում: ԲՀԿ-ն առաջարկում է պետտուրք սահմանել նաև ներկրվող կլինկերի վրա:

ՀՀ Ազգային ժողովն ապրիլի 19-ին առաջին ընթերցմամբ ընդունել է կառավարության կողմից ներկայացված՝ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքում լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթը, որով ցեմենտի մեկ տոննայի ներկրման համար 22 հազար դրամ տուրք է սահմանվում: ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն դեմ էին քվեարկել նախագծին: 

ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել և հավանության էր արժանացել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որով նախատեսվում է տեղական արտադրանքը խրախուսելու նպատակով Իրանից ներկրվող ցեմենտի համար սահմանել պետտուրք: Կառավարության ներկայացրած նախագծով և ցեմենտի, և կլինկերի համար առաջարկվել էր տուրքի նույն չափը: Սակայն նախագծի զեկուցող ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել էր, որ եթե պատգամավորները նպատակահարմար գտնեն մեկի վրա տարածել, մյուսի վրա ոչ, կքննարկեն դա առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում: Արդյունքում հանձնաժողովը նախագիծը հավանության էր արժանացրել՝ միայն ցեմենտի վրա տարածելու տարբերակով՝ 1 տարի ժամկետով: Դրանից հետո «ԱրարատՑեմենտ»-ի շատ աշխատակիցները, աշխատանքից ազատման մասին ծանուցագրեր ստանալով, բողոքի ակցիա էին իրականացնում:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am