Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Մայիս

Գործադիրն առաջարկում է փոփոխություններ կատարել տարածքային կառավարման հետ կապված մի շարք օրենքներում


ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Տարածքային կառավարման մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին կառավարության ապրիլի 25-ի նիստում ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

«Այս նախագծի ընդունումը բխում է Սահմանադրությունից բխող անհրաժեշտությունից: Նախկինում տարածքային կառավարումն իրականացվել է նախագահի հրամանագրով, և Սահմանադրական փոփոխություններից հետո խնդիր է առաջացել նմանատիպ օրենք ունենալու համար: Սրանով մի քանի խնդիրներ են լուծվում` նախ օրենքով նկարագրվում են տարածքային կառավարման սկզբունքները, սահմանվում են տարածքային կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի լիազորությունները, սահմանվում են մարզպետների լիազորություններն` ըստ հիմնական բնագավառների, նկարագրվում են մարզպետների նշանակման և ազատման կարգը, ինչպես նաև վերջիններիս նկատմամբ առաջադրված պահանջները, սահմանվում է մարզպետին կից գործող խորհրդակցական մարմնի` մարզային խորհրդի ինստիտուտը, որի կազմավորման և գործունեության կարգը նախատեսվում է սահմանել կառավարության որոշմամբ»,- ասաց Պապիկյանը:

Օրենքի նախագծով առաջարկվում է նաև մարզպետարան եզրույթը փոխարինել մարզպետի աշխատակազմ եզրույթով:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ