Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մայիս

Չինաստանում Հայաստանի դեսպանը վստահ է, որ իր սերունդը կտեսնի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը


ՊԵԿԻՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում Հայաստանի դեսպանությունը ապրիլի 24-ին կազմակերպեց 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո:

Ինչպես տեղեկացնում է  «Արմենպրես»-ը, միջոցառմանը ներկա էին Չինաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը, Պեկինում կայանալիք «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» երկրորդ միջազգային գագաթնաժողովի շրջանակում Չինաստան ժամանած Լոռու մարզպետ Անդրեյ  Ղուկասյանը, ինչպես նաև հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ:

Դեսպան Սերգեյ Մանասարյանը  նշեց, որ  արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկն է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դրա հետ կապված տարվող աշխատաքները:

«Մեկ տարի առաջ Հայաստանում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել և այդ փոփոխությունները, կարծում եմ, քայլ առ քայլ դառնում են շոշափելի՝ կոռուպցիայի, մենաշնորհային տնտեսության դեմ պայքար և այլն: Անփոփոխ են մնացել  ազգային արժեքները, որոնց մեջ մտնում է նաև ցեղասպանության միջազգային ճանաչումը: Այստեղ որևէ բան չի փոխվել, և Կառավարության նոր ծրագրում այն վերահաստատվել է»,- ասաց Մանասարյանը:

Նրա խոսքով՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը բավականին ուշացմամբ է տեղի ունենում,սակայն դա ունի իր սուբյեկտիվ պատճառները, քանի որ Հայաստանը չուներ հզոր, անկախ պետականություն:

«Այն ժամանակ, երբ  քարտեզին հայտնվեց Հայաստանը, սկսվեց նաև ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, և դա շարունակվում է նաև հիմա»,- ընդգծեց Մանասարյանը:

Դեսպանը վստահ է, որ իր սերունդը կտեսնի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը:

«Դրա համար շատ կարևոր է պետական կառույցների, սփյուռքի և այնտեղ գործող լոբբիստական կազմակերպությունների համահունչ, միասնական աշխատանքը»,- եզրափակեց Մանասարյանը:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի կարծիքով' ցեղասպանության պատասխանը պետք է լինի երկրի բարգավաճումը և զարգացումը:

«Օրինակ՝ մեր մարզում պետք է ես կատարեմ առավելագույն աշխատանք, որպեսզի  իրականացնեմ դրական փոփոխություններ: Դա կլինի իմ պատասխանը այդ ողբերգությանը: Եթե մենք բոլորս նման ձևով մտածենք և աշխատենք, մեծ հաջողություններ կունենանք»,- ասաց Ղուկասյանը:

Միջոցառման ընթացքում կազմակերպվեց մոմավառություն, ինչպես նաև փաստավավերագրական ֆիլմի ցուցադրություն հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանի մասին:

Կարեն Խաչատրյան




Այս թեմայով

... վերջին լուր "Հայոց ցեղասպանություն" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ