Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Մայիս

Հայտնի են «Ավրորա» մարդասիրական մրցանակի 2019-ի հավակնորդները


ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ավրորա» մարդասիրական մրցանակի այս տարվա երեք հերոսներն են մարդասիրական կազմակերպության  համահիմնադիր Միրզա Դինային, փաստաբան Զանա Բուկար Մուստաֆան և մարդու իրավունքների ակտիվիստ Հուդա ալ-Սարարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանն ավանդույթի համաձայն  ապրիլի 24-ին ասուլիսում հայտարարեցին հավակնորդների անունները:

«Հանձնաժողովի համար ընտրությունը դժվար է եղել, բայց նրանք առանձնացրել են երեք անուն: Առաջինն է Միրզա Դինային` «Օդային կամուրջ Իրաք» մարդասիրական կազմակերպության  համահիմնադիր և ղեկավար: Երկրորդ թեկնածուն է փաստաբան Զանա Բուկար ՄուստաՖան` «Futureprowess» իսլամական հիմնադրամի հիմնադիր և ղեկավար: Երրորդ թեկնածուն է փաստաբան և մարդու իրավունքների ակտիվիստ Հուդա Ալ-Սարարին»,-ներկայացրեց Աֆեյանը:

Նրա խոսքով` Հուդա ալ-Սարարին հետաքննել և բացահայտել է Եմենում գոյություն ունեցող գաղտնի ցանցը, որտեղ կամայականորեն անազատության մեջ են պահում, խոշտանգում հազարավոր տղամարդկանց և տղաների: ալ-Սարարին այդ ապացույցներն ուղարկել է միջազգային իրավապաշտպան հեղինակավոր կազմակերպությունների` բարձրացնելով Եմենում մարդու իրավունքների ոտնահարման մասին: Չնայած մահվան բազմաթիվ սպառնալիքներին` նա շարունակում է իր իրավապաշտպան գործունությունը: Նրա առաջադրած կազմակերպություններն են «Ռիփրիվ», «Էքուըլ ռայթս թրասթ» (Հավասար իրավունքների պաշտպանություն) և «Վեթաք» հանուն քաղաքացիական կողմնորոշման հիմնադրումը:

Ռուբեն Վարդանյանը ներկայացրեց մյուս թեկածուին: Միրզա Դինային, որը «Օդային կամուրջ Իրաք» կազմակերպության հիմնադիրն է: Նա օգնում է Իրաքում տուժած եզդիներին` նրանց օդային ճանապարհով տեղափոխելով Գերմանիա և ցուցաբերելով անհրաժեշտ բժշկական օգնություն: Բժիշկ Դինային օգնել է իսլամական պետության տարածքներից դուրս բերելու հարյուրավոր կանանց և տեղափոխելու նրանց անվտանգ վայր: Նրա առաջադրած կազմակերպություններն «Օդային կամուրջ Իրաքը» և ևս երկուսը:

Երրորդ հերոսին` Զանա Բուկար Մուստաֆային կրկին ներկայացրեց Աֆեյանը: Նա փաստաբան է, որը հիմնադրել է «Futureprowess» իսլամական հիմնադրամը և հիմնադրամի երկու դպրոցները, որոնք կրթություն, անվճար սնունդ և առողջապահական ծառայություն են տրամադրում Նիգերիայի քաղաքներից մեկի՝ կարիքի մեջ գտնվող երիտասարդներին: 2016-ին նա բանակցել է մի ահաբեկչական կազմակերպության հետ և օգնել է ազատ արձակել հարյուրից ավելի երեխաների` մասնավորապես աղջիկների: Նրա առաջադրած կազմակերպություններն են «Futureprowess»  իսլամական հիմնադրամը, համայնքային վերակազմման մեկ հիմնադրամ և համայնքային զարգացման մեկ նախաձեռնություն:

Մրցանակի դափնեկիրը հայտնի կդառնա հոկտեմբերի 20-ին: Դափնեկիրը կստանա մեկ միլիոն դոլար մրցանակ: 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք եւ հույս պարգեւել նրանց, որոնք մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն ողջ աշխարհում, այսպիսով՝ շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործով արտահայտված երախտագիտություն է: Այն նպատակ ունի ութ տարի շարունակ (2015-2023թթ.՝ ի հիշատակ ութ տարի տեւած Հայոց ցեղասպանության՝1915-1923թթ.) աջակցել մարդկանց, ովքեր վտանգելով իրենց կյանքը` կնպաստեն այնպիսի համաշխարհային նախագծերի իրագործմանը, որոնք կբարելավեն առավել կարիքավոր եւ աղքատ մարդկանց կյանքը: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի օգնությամբ՝ «Ավրորա» մրցանակ, Aurora Dialogues քննարկումների շարք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ, Երախտագիտության նախագծեր եւ 100 LIVES ծրագիր: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն միացել են ավելի քան 440 նոր աջակիցներ եւ գործընկերներ: Նախաձեռնությունն իր շուրջ է հրավիրում բոլորին, ովքեր ողջունում են նվիրվածությունը մեր համընդհանուր մարդկայնությանը: 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացված է երեք կազմակերպությունների կողմից՝ Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (Նյու Յորք, ԱՄՆ), 100 Lives հիմնադրամ (Ժնեւ, Շվեյցարիա) եւ IDeA հիմնադրամ (Երեւան Հայաստան):

Նախորդ տարի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության երրորդ դափնեկիր է ճանաչվել իրավաբան եւ ակտիվիստ Չո Լա Աունը՝ մեծարանքի արժանանալով այն նվիրումի համար, որով նա, չնայած բոլոր բռնաճնշումներին, հետապնդումներին եւ հալածանքներին, պայքարել է մյանմացի ռոհինջա ժողովրդի հավասարության, կրթության եւ մարդու իրավունքների համար։ 2017 թվականին «Ավրորա» մրցանակ է շնորհվել բժիշկ Թոմ Քաթինային: Իսկ «Ավրորա» 2016 մարդասիրական նախաձեռնության դափնեկիրն է Մարգարիտ Բարանկիցեն:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ