Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Մայիս

Գագիկ Ծառուկյանը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար կարևորում է բոլոր հարթակներում աշխատանքների իրականացումը


ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ ոչ միայն կառավարությունը, խորհրդարանը, այլև ողջ հայությունը պետք է աշխատանք տանի տարբեր հարթակներում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում իր հարգանքի տուրքը մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

«Արդեն բոլորս տեսնում ենք, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ճանապարհին ենք: Ճանաչումը ողջ հայ ազգի նպատակն է: Ճանաչումը ոչ միայն կառավարության, խորհրդարանի, այլև ողջ հայության պատվի խնդիրն է, բոլորն աշխատում են այդ ուղղությամբ, և արդյունքները նկատելի են: Կաճ ժամանակ է մնացել, որ Թուրքիան այդ ոճրագործության համար պատասխան տա աշխարհի առաջ»,- ասաց Ծառուկյանը:

Նա շեշտեց՝ ողջ հայությունն ամեն տարի, հատկապես ապրիլի 24-ին, բարձրաձայնում է Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը, որ այլևս ոչ մի երկրում դա չկրկնվի: Նա կարևորեց հնարավորինս բոլոր հարթակներում՝ համացանցում, թերթերում, խորհրդարանական մակարդակում հարցի ներկայացումը: Ծառուկյանը նկատեց՝ հիմա խնդիրն ավելի շատ է քննարկվում:

Ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը: Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացվածը  20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես դատապարտել եւ որպես ցեղասպանություն ճանաչել են երկու տասնյակից ավելի երկրներ ու միջազգային կառույցներ:




Այս թեմայով

... վերջին լուր "Հայոց ցեղասպանություն" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ