Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Մայիս

Կոմիտասի 150-ամյակին և Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել Ռիգայում


ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռիգայի հեղինակավոր «Սևագլուխների տանը» Լատվիայում ՀՀ դեսպանության կազմակերպմամբ ապրիլի 22-ին տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին և Կոմիտասի 150-ամյակին նվիրած միջոցառում, որի ընթացքում համերգային հատուկ ծրագրով հանդես եկան ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը և դաշնակահարուհի️, Արամ Խաչատրյանի թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը ներկա էին Լատվիայում հավատարմագրված դեսպաններ, Լատվիայի օրենսդիր և գործադիր իշխանության մարմինների ներկայացուցիչներ, Լատվիայի խորհրդարանի Լատվիա-Հայաստան պատգամավորական խմբի անդամներ, հասարակական, քաղաքական և մշակութային գործիչներ, լրատվամիջոցներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։

Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը ներկաներին ուղղված իր ելույթում նշեց, որ այս տարի ամբողջ աշխարհում տոնվում է հայ մեծանուն կոմպոզիտոր Կոմիտասի 150-ամյակը, և այս միջոցառումն առանձնահատուկ է նրանով, որ Կոմիտասի տարեդարձը նշվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի համատեքստում։ Դեսպանը շեշտեց, որ Կոմիտասը նույնպես ցեղասպանության զոհ է՝ դառնալով միգուցե ամենախորհրդանշական զոհը, ով չլինելով 1915թ․ սպանված 1,5 միլիոն հայերի շարքում, ընդմիշտ կորցրեց ստեղծագործելու և արարելու արվեստը և 20 տարի անց կնքեց մահկանացուն Փարիզի հոգեբուժարանում։ Դեսպան Մկրտչյանը իր ելույթում նաև նշեց, որ աշխարհասփյուռ հայությունը դեռ սպասում է արդարության, իսկ արդարությունը միայն կմեկնարկի տեղի ունեցած ողբերգությունն իր իսկական անունով՝ ցեղասպանություն կոչելով։

Եզրափակելով իր խոսքը՝ Տիգրան Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ մշակույթի նախարարությանը, Բալթյան երկրներում Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խոսրով Ստեփանյանին և մյուս գործընկերներին միջոցառման կազմակերպման գործում ցուցաբերած աջակցության համար։

 Համերգային ծրագրի ավարտից հետո «Սևագլուխների տանը» վերաբացվեց 2005թ․ տեղադրված քանդակագործ և նկարիչ Վարուժան Կարապետյանի կողմից հեղինակած ստեղծագործությունը՝ նվիրված հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, որի 90 ապակյա ծաղիկները խորհրդանշում են ցեղասպանությունից անց 90 տարիները (1915-2005)։

Ապրիլի 23-ին Լատվիայի համալսարանի գրադարանում համալսարանի ղեկավարության և Լատվիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ տեղի ունեցավ նաև Հայաստանի մասին պատմող գրքերի ցուցադրության բացման արարողությունը՝ ի նշանավորումն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի տարելիցի։

Համալսարանի պրոռեկտոր Ինա Դրուվիետեն (Ina Druviete) ողջույնի իր խոսքում շնորհակալություն հայտնեց ՀՀ դեսպանությանը սերտ համագործակցության համար և նշեց, որ ցուցադրվող գրքերը շատ կարևոր նշանակություն ունեն Հայաստանի պատմության, արվեստի, մշակույթի, ինչպես նաև Հայոց ցեղասպանության վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու և պատմական իրադարձություններին ճիշտ գնահատական տալու տեսանկյունից։




Այս թեմայով

... վերջին լուր "Հայոց ցեղասպանություն" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ