Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Մայիս

Փաստական տվյալները բավարար էին Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու համար. Արթուր Դավթյան


ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վստահեցնում է, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի (ում լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) ներգրավմամբ քրեական գործով ընթանում է լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի նախաքննություն:

Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Դավիթ Սանասարյանին գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությանը,  Արթուր Դավթյանն ընդգծեց, որ ըստ էության, գործով հավաքված փաստական տվյալները քրեադատավարական օրենքի պահանջներին համապատասխան բավարար էին՝ Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու համար: «Բնականաբար, դա իր հետ բերեց նաև Դավիթ Սանասարյանի համար դատավարական կարգավիճակ, դրանից բխող բավականին լայն իրավունքների շրջանակ: Ամենակարևորը՝ նա պաշտպանության իրավունք ստացավ և այդ իրավունքի իրացվմամբ ներկայացրել է արդեն և անկաշկանդ ներկայացնելու է իր փաստարկները, իրեն հայտնի այն տեղեկությունները, որոնք, ոչ մեկի մոտ թող կասկած չլինի՝ լրիվ, օբյեկտիվ բազմակողմանի քննութամբ ստուգվելու են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նա:

Արթուր Դավթյանը հավելեց, որ դատախազությունը նոր է ստացել Դավիթ Սանասարյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդությունը. «Մենք պաշտպանների միջնորդությունը նոր ենք ստացել, դրանում տեղեկություններ կան, որոնք քննությամբ պետք է ստուգվեն: Դրանք անպայման կստուգվեն»,- ասաց նա:  

Անդրադառնալով Դավիթ Սանասարյանի պաշտպանների կարծիքներին, որ քրեական գործն ուղղորդված է՝ Արթուր Դավթյանը վստահեցրեց՝ որ պահին հսկող դատախազն այդպիսի տեղեկություն կունենա կամ նման ռիսկ կտեսնի, նախաքննության մարմինը ոչ մի պարագայում չի շարունակի այդ գործով վարույթը:

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը 2019 թվականի ապրիլի 18-ին Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի համաձայնությամբ քննիչի կողմից 18.04.2019թ. որոշում է կայացվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին: Դավիթ Սանասարյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ Դավիթ Սանասարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը դադարեցնելու վերաբերյալ: 

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ