Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Մայիս

Հայաստանը միջազգային օրակարգում հետևողականորեն առաջ է տանում ցեղասպանությունների կանխարգելման հարցը. Զոհրաբ Մնացականյան


ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարությունը վերականգնելու համար հայ ժողովրդի վճռականությունը երբեք չի մարի: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Այսօր աշխարհի բազմաթիվ երկրներում մեր հայրենակիցները հայ ժողովրդի բարեկամների հետ միասին մի շարք միջոցառումներ, հիշատակի արարողություններ են անցկացնում: Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն քայլ է մեր արդարությունը վերականգնելու, այլև քայլ է՝ ուղղված ցեղասպանությունների կանխարգելմանը: Դա պատգամ է ՝ անպատժելիությունը ընդունելի չի լինելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Զոհրաբ Մնացականյանը:

Լրագրողների այն հարցին, թե հաշվի առնելով Հայաստանի միջազգային վարկանիշի բարձրացումը, հնարավո՞ր է նոր գործընթաց սկսվի Թուրքիայի հետ,  Զոհրաբ Մնացականյանը քիչ հավանական համարեց:

«Ցավոք, դուք տեսնում եք այն ամենն, ինչ գալիս է պաշտոնական Անկարայից և դրանք հուսադրող չեն, ընդհակառակը՝ քննադատության արժանի »,-ասաց նախարարը: Հարցին, թե արդյոք Հայոց ցեղասպանության ճանաչումը նախապայման է, Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ նման բան երբեք չի ասվել:

Նախարարն ընդգծեց, որ ժխտողականության դեմ պայքարը Հայաստանի համար մնում է արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը: Նա ընդգծեց, որ տարիներ շարունակ հետևողականորեն միջազգային օրակարգում առաջ են տանում ցեղասպանությունների կանխարգելման հարցը:

«Ցեղասպանությունը կանխարգելելը դա միջազգային պարտավորություն է, մենք շարունակելու ենք այս ուղղությամբ աշխատանքը: Ինչպես գիտեք, դեկտեմբերի 9-ին եղավ հերթական ցեղասպանությունների կանխարգելման 3-րդ գլոբալ ֆորումը: Դուք գտեք, որ դեկտեմբերի 9-ը Հայաստանի նախաձեռնությամբ հռչակվեց  Ցեղասպանությունների կանխարգելման և ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Հայաստանը մշտապես նորոգում է բանաձևերը, զարգացնում է իրավական հիմքերը՝ ուղղված միջազգային կանխարգելման գործընթացին: Այս գործընթացը երբևէ կանգ չի առնում: Մենք գիտենք ցեղասպանության գինը և մենք պարտավոր ենք հետևողականորեն աշխատել արդարությունը վերականգնելու համար: Անպատժելիությունը չի կարող ընդունելի լինել»,-ասաց Զոհրաբ Մնացականյանը:

Ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը: Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացվածը  20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես դատապարտել եւ որպես ցեղասպանություն ճանաչել են երկու տասնյակից ավելի երկրներ ու միջազգային կառույցներ:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ