Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Մայիս

Եգիպտոսի մշակույթի նախարարը լիակատար աջակցություն է հայտնել Կահիրեում Թումանյանի և Կոմիտասի 150-ամյակների միջոցառումների անցկացմանը


ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը ապրիլի 22-ին հանդիպել է ԵԱՀ մշակույթի նախարար Ինես Աբդել Դաիմին (Enas Abdel-Dayem):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Գրիգորյանը նշել է, որ մշակութային համագործակցությունը կարևոր տեղ է զբաղեցնում հայ-եգիպտական երկկողմ օրակարգում։ Կարեն Գրիգորյանն ընդգծել է, որ հայ և եգիպտացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը և փոխադարձ համակրանքը լավագույնս դրսևորվում են ամուր հումանիտար և մշակութային կապերով։ Միաժամանակ, դեսպան Գրիգորյանը գոհունակությամբ նշել է, որ մշակույթի ոլորտում համագործակցության համար Հայաստանի և Եգիպտոսի միջև առկա է ընդգրկում իրավապայմանագրային հենք։

Ինես Աբդել Դաիմը իր հերթին մեծապես կարևորել է Հայաստանի, որպես մշակութային հարուստ ժառանգություն ունեցող երկրի հետ համագործակցության խորացումը։ Եգիպտացի նախարարը բարձր է գնահատել հայ համայքնի ներդրումը Եգիպտոսի մշակութային կյանքին, ինչպես նաև Հայաստանից ժամանած արտիստների գործունեությունը, մասնավորապես, Կահիրեի օպերայում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում Եգիպտոսի մշակութային օրերի անցկացման, երկու երկրներում անցկացվող փառատոններին փոխադարձ մասնակցության հետ կապված հարցեր։ Ինես Աբդել Դաիմը իր լիակատար աջակցությունն է հայտնել Թումանյանի և Կոմիտասի 150-ամյա հոբելյանների շրջանակներում Կահիրեում նախատեսվող միջոցառումների անցկացմանը։




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ