Տիգրան Ավինյանը ՀԾԿՀ աշխատակազմին ներկայացրել է հանձնաժողովի նորանշանակ նախագահին

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ապրիլի 23-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում ներկայացրել է Ազգային Ժողովի որոշմամբ, հինգ տարի պաշտոնավարման ժամկետով հանձնաժողովի նախագահ նշանակված Գարեգին Բաղրամյանին:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, ՀՀ փոխվարչապետը հույս է հայտնել, որ կարգավորող հանձնաժողովի նոր նախագահը իր պաշտոնավարման ընթացքում, մասնագիտական խորը գիտելիքների և փորձառության շնորհիվ, լավագույնս կիրականացնի մարմնի գործառույթները:
Իր պատասխան խոսքում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նորանշանակ նախագահ Գարեգին Բաղրամյանն ասել է, որ իր աշխատանքը միտված է լինելու մարմնի անկախության, թափանցիկության մակարդակի, սպառողների և տնտեսվարողների շահերի հավասարակշռումը նոր մակարդակի բարձրացնելուն, հանրության հետ կապերի առավել սերտացմանը: Այս ամենի շնորհիվ միայն, սպառողները առավել մեծ վստահություն կունենան հանձնաժողովի կողմից սահմանված ծառայությունների սակագների, ընդունված որոշումների նկատմամբ: