Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Մայիս

Երևանում ծառերի էտը մասնագիտական վերահսկողության ներքո է. էտվել է ավելի քան 8000 ծառ


ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մայրաքաղաքում մարտի 5-ին մեկնարկած գարնանային էտն ընթացքում է: Ելնելով եղանակային նպաստավոր պայմաններից՝ գործընթացը կշարունակվի մինչև ապրիլի 25-ը: Այս պահի դրությամբ, Երևանում էտվել է ավելի քան 8000 ծառ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գործընթացը մասնագիտորեն հիմնավորված ու կանոնակարգված սկզբունքներով իրականացնելու նպատակով աշխատանքների մեկնարկից առաջ ոլորտի մասնագետները վարչական շրջանների կանաչապատման ձեռնարկությունների աշխատակիցներին ներկայացրել են այն հիմնական պահանջները, որոնք պետք է կիրառվեին էտի ժամանակ: Քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանի խոսքով՝ խոր էտ արվել է բացառապես հիվանդ ու 60 տարեկանից բարձր տարիք ունեցող թեղի տեսակի ծառերի պարագայում: Միևնույն ժամանակ, երիտասարդացման կամ խոր էտի են ենթարկվել նաև սև բարդիները, որոնք մակերեսային արմատների և բարձր սաղարթի պատճառով քամիների ժամանակ շատ խոցելի են:

Շատ ծառեր էլ, մասնավորապես, Մյասնիկյան պողոտայի և Կիևյան փողոցի թեղիներն ու բարդիները հիվանդ են, ախտահարված, ու արմատային համակարգն ամբողջությամբ քայքայված է, ավելին, այդ ծառերը սպառել են իրենց կենսական տարիքը: «Ի դեպ, գարնանային էտի ժամանակ հիմնականում պահպանվում է ծառերի ուղղաձիգ տեսքը: Հարկ է նշել նաև, որ խոր էտի ենթարկված ծառերը մշակվում են և սնուցվում օրգանական պարարտանյութով՝ կենսահումուսով, առատորեն ոռոգվում են, իսկ չորացած ծառերի հեռացումից հետո էլ տեղերում նոր ծառեր են տնկվում: 

«Մեր համաքաղաքացիները մտահոգվելու որևէ առիթ չունեն: Էտելու յուրաքանչյուր աշխատանք գտնվում է մասնագիտական վերահսկողության ներքո և յուրաքանչյուր ծառի հետագա ճակատագիրը կարևոր է մեզ համար: Ընդամենը 20 օր առաջ խոր էտի էին ենթարկվել նաև Պարոնյան փողոցի թեղի ծառերը: Դրանք արդեն իսկ պատվել են թարմ շիվերով, ինչը վկայում է աշխատանքների արդյունավետությունը»,- նշում է բնապահպանության վարչության պետը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ