Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Մայիս

Որպես ազգ, պետություն պետք է հստակ ձևակերպենք, թե ինչպես ենք պատկերացնում Ղարաբաղի հարցի լուծումը. Փաշինյանը հանդիպել է ուսանողներին


ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարում ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ հայ ժողովրդի հստակ մոտեցումը ձևակերպելը: ԵՊՀ-ում Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երբ հստակ ձևակերպումը տանք, թե Ղարաբաղի խնդրի լուծումն ինչպես ենք պատկերացնում, մնացած ձևակերպումներն ավելի դյուրին կդառնան: Նա ընդգծեց, որ մենք որպես ազգ, պետություն պետք է հստակ ձևակերպենք, թե ինչպես ենք պատկերացնում Ղարաբաղի հարցի լուծումը: ՀՀ վարչապետը տարօրինակ համարեց այն, որ այս թեմայի շուրջ մինչև հիմա հանրային դիսկուրս չի եղել:

«Երբ նոր էի վարչապետ դարձել, որոշ մարդիկ սոցիալական ցանցերում գրառում էին կատարում, հարցազրույցներ էին տալիս, ասելով, թե սա են ծախել, նա են ծախել, կամ էլ եթե չեն ծախել, ուրեմն շուտով դա կանեն: Մենք հարց չե՞նք տալիս, թե ինչու պետք է նման խոսակցություն լինի: Ի վերջո, երբ ինձ ուղարկում եք բանակցությունների, չեք ասում, կգնաս ու Ղարաբաղի հարցը կլուծես այսպես: Այ դա չկա, դրա համար էլ սկսվում են տարբեր խոսակցությունները: Այստեղ կարևոր է հստակ սահմանել, թե ոնց ենք պատկերացնում Ղարաբաղի հարցի լուծումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Նիկոլ Փաշինյանը: ՀՀ վարչապետը նշեց, որ այս հարցն օրերս քննարկել է նաև Հանրային խորհրդում:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ղարաբաղյան հարցի սեփականատերը ոչ թե կառավարությունն է, վարչապետը, այլ հայ ժողովուրդը:

«Ես ունեմ ղարաբաղյան խնդրի լուծման իմ պատկերացումը, սակայն Ղարաբաղի հարցի սեփականատերը կառավարություն չէ, վարչապետ չէ, այլ ամբողջ հայ ժողովուրդն է: Մենք պետք է ձևակերպենք, թե ինչ ենք ուզում՝ ձգտելով համազգային կոնսեսուսի»,-հավելեց նա:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ