Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Հնդկական ավիաընկերությունները հետաքրքրված են Հայաստանի շուկայով. Տաթևիկ Ռևազյանի հարցազրույցը


ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղավիացիայի կոմիտեն ակտիվ քայլեր է ձեռնարկում հայաստանյան շուկա նոր ավիաընկերություններ ներգրավելու առումով: Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ներկայացրեց վերջին բանակցությունների արդյունքները, անդրադարձավ ոլորտում իրականացվող ծրագրերին և խնդիրներին:

-2018 թվականի հուլիսին դուք ստանձնեցիք Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնը: Այս ընթացքում ձեր ծավալած գործունեության գլխավոր ձեռքբերումը ո՞րն եք համարում: 

-Իմ նպատակն այն էր, որ ավիացիայի ոլորտում քարտեզի վրա Հայաստանն ավելի տեսանելի դարձնեի: Խնդիր էի դրել, որ ավիացիայի ոլորտի ղեկավար անձինք ճանաչեն մեր երկիրը, իմանան, թե ով ենք մենք, ինչ հնարավորություն ունի մեր պետությունը: Իմ պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի արդյունքում ես կարող եմ ասել, որ հասել եմ դրան: Օրերս, աշխատանքային այցով Սինգապուրում էի, որտեղ կայացած կոնֆերանսին 80 երկրից 120 ղեկավար էր մասնակցում: Նրանցից շատերի հետ ես շփումներ ունեցա ներկայացրեցի մեր երկիրը, մեր հնարավորությունները: Կոնֆերանսին խոսում էինք ավիացիայի ապագայի մասին, ես նշեցի, որ եթե մենք խոսում ենք ավիացիայի ոլորտում նոր տեխնոլոգիաների կիրառության մասին, ապա առաջին հերթին պետք է քաղավիացիայի ղեկավարներին կրթել, որովհետև շատերը իրազեկված չեն:  Իմ խոսքից հետո, նշվեց, որ նոր գաղափարները կարող են Հայաստանի նման երկրներից գալ: Ես ամեն ինչ անում եմ, որ Հայաստանին չդիտարկեն մի երկիր, որին անընդհատ պետք է օգնել: Ցանկանում եմ ցույց տալ, որ մենք կարող ենք նոր գաղափարներով, նոր առաջարկություններով հանդես գալ: Մենք պետք է նաև նախաձեռնող լինենք, համագործակցենք առաջատար երկրների հետ, ծանոթանանք փորձին:  

-Երկրորդ կարևոր գործը, որի մասին նշել էիք, հայկական ավիաշուկա նոր ավիաընկերություններ ներգրավելն էր: Այս օրերին տեղեկություն եղավ այն մասին, որ «Ryanair»-ը պատրաստվում է մուտք գործել հայաստանյան ավիաշուկա: Դուք նոր եք վերադարձել գործուղումից, ի՞նչ նորություններ կներկայացնեք:

- Մինչ Սինգապուր գնալը, ես եղա Հնդկաստանում: Իմ այցելության նպատակը պարզ էր՝ աշխատել տեղի ավիաընկերությունների հետ, որպեսզի չվերթներ իրականացնեն դեպի Երևան՝ այն դիտարկելով որպես տարանցիկ գոտի: Արձագանքը դրական էր, կարող եմ ասել, որ հնդկական ավիաընկերությունները հետաքրքրված են հայաստանյան ավիաշուկայով: Մասնավորապես, քննարկումներ ունեցանք «Ինդիգո» ավիաընկերության հետ: Հետաքրքրված եմ հնդկական շուկայով, որովհետև այն շատ արագ աճում է: Մոտակա 10 տարին 70 նոր օդանավակայան են կառուցելու, ու այդ աճը մի ուղղությամբ գնալու է, այն չի մնալու Հնդկաստանում: «Times of India» պարբերականը  հոդված էր գրել այն մասին, որտեղ խոսվում էր, թե «Ինդիգո» ավիաընկերությունը դեպի Եվրոպա Բաքվի՞, թե Թբիլիսիի տարածքով է թռչելու: Ինձ համար զարմանալի էր, թե ինչու Հայաստանը չեն դիտարկում: Երբ արդեն քննարկումների մեջ էինք, պարզ դարձավ, որ շատ վաղուց կնքված մի միջպետական պայմանագիրն է խանգարում, որը որոշ սահմանափակումներ է սահմանում: Մենք պարզաբանեցինք, որ դրանք փոփոխության ենթակա են, իրականում ոչ մի խոչընդոտ չկա, որ «Ինդիգո»-ն դեպի Եվրոպա չվերթներ իրականացնի Երևանով: Այս ընկերությանը ներկայացրեցինք հայաստանյան ավիաշուկայի բիզնես հնարավորությունները: Երբ իրենք Երևանով դեպի Եվրոպա չվերթներ իրականացնեն, դա կլինի նաև մրցակցություն «Ryanair»-ին, ինչը շատ դրական է: Այդ մրցակցությունը կբերի ավիատոմսերի նվազմանը: Ի դեպ, եթե «Ինդիգո»-ի հետ գործարքը հաջողվի, այս ավիաընկերությունն ամեն օր է չվերթներ իրականացնելու:

Ասեմ, որ «Go Air» ավիաընկերության հետ ունեցանք հետաքրքիր քննարկում: Իրենց ռազմավարությունն ավելի շատ հիմնված է զբոսաշրջության վրա: Դրա համար նրանք հետաքրքրված են տարածաշրջանային զբոսաշրջային փաթեթներով:  Մեր Զբոսաշրջային կոմիտեի հետ համագործակցությամբ ավիաընկերությանը կուղարկենք հետաքրքիր փաթեթներ՝ հասկանալու, թե դրանք որքանով են հետաքրքրում հնդիկներին: Ասեմ, որ «Go Air» ավիաընկերության ղեկավարությունն առաջիկայում պատրաստվում է գալ Հայաստան:

Ի դեպ, մի ուղղությամբ էլ աշխատանք ենք տանում՝ ներգրավելու ներդրումներ Հայաստանի ավիաշուկայում: Այստեղ կան խմբեր, որոնք ցանկանում են ստեղծել տեղական ավիաընկերություն: Շատերը պարզ ասել են, որ միայն հայկական կապիտալով դա անելը շատ դժվար կլինի: Դրա համար մենք հնդկական ընկերություններին ներկայացրեցինք նաև այս հնարավորությունները, և միգուցե իրենց հետաքրքիր լինի հայաստանյան ավիաընկերության մեջ ներդրում անելը: Այս համատեքստում Հնդկաստանից բացի աշխատում ենք այլ ուղղություններով ևս: Այստեղ մեր երկիրը շահեկան է, որովհետև ավիացիայի ոլորտի մեր ներուժը դեռ ամբողջությամբ չենք իրացրել, այսինքն՝ աճող շուկա ենք այդ տեսանկյունից: Ի դեպ, դա արձանագրել են միջազգային ուսումնասիրությունները, որոնց արդյունքները հասանելի են ավիացիայի ոլորտի որոշում կայացնողներին: «Ryanair to Armenia. CIS-to-W Europe» ուսումնասիրությունը կատարել է միջազգային «CAPA» ընկերությունը, որն աշխարհում ամենաուժեղ և վստահելի աղբյուրն է ավիացիայի վերլուծության ոլորտում:

-Նման ավիաընկերությունների մուտքը Հայաստանի շուկա, որքանո՞վ կնպաստի տոմսերի գների նվազմանը, որովհետև մինչ այսօր տեսնում ենք, որ, կարծես, այդտեղ էական փոփոխություններ չկան:

-Ռումինական ավիաընկերությունն է մուտք գործել մեր շուկա, հուսամ մրցակցության պայմաններում փոփոխություններ կտեսնենք: Իհարկե, պարզ է, որքան ավելի շատ ավիաընկերություններ մուտք գործեն մեր շուկա, այդքան ավելի շատ կլինի մրցակցությունը, ինչն էլ իր հերթին կբերի գների նվազմանը: Ակտիվորեն աշխատում ենք այդ ուղղությամբ:

-Ժամանակին խոսվում էր այն մասին, որ հայաստանյան շուկա մուտք գործող ավիաընկերությունները խնդիր են համարում օդանավակայանում օդանավերի համար սահմանված գները: Այս ուղղությամբ ի՞նչ է արվում:

-Այստեղ կարող եմ ասել, որ նոր ուղղությունների դեպքում, որոնք ավելի ռիսկային են,  օդանավակայանը պատրաստ է ավիաընկերությունների համար ավելի լավ պայմաններ տրամադրել:

-Իսկ լոուքոստերների հետ կապված «Զվարթնոց»-ին կարո՞ղ է այլընտրանք լինել Շիրակի օդանավակայանը: Եվ հայաստանյան շուկա նոր ավիաընկերություններ ներգրավելով՝ արդյո՞ք դիտարկվում է օդանավակայանների հնարավորությունների մեծացումը:

-Այո, Շիրակի օդանավակայանն այլընտրանք կարող ենք դիտարկել: Երբ գնացինք « Ryanair»-ի հետ բանակցությունների, ամբողջ մեր բիզնես փաթեթի հիմքում Շիրակի օդանավակայանն էր: Դրա հետ մեկտեղ պարզ ասեմ, որ ավիաընկերությունները  դժվար թե մենակ Գյումրիով հետաքրքրվեն: Ինչ վերաբերում է օդանավակայանների հնարավորությունների մեծացմանը, ապա «Զվարթնոց»-ը թերևս ավելի մանրամասն կներկայացնի, սակայն ասեմ, որ, այո, նման հարց քննարկվում է:

-Ազգային ավիափոխադրող ունենալու առնչությամբ առկա են տարաձայնություններ: Կցանկանայի այս հարցի հետ կապված լսել Ձեր մասնագիտական կարծիքը: Ըստ Ձեզ՝ մեր երկիրը պետք է ունենա ազգային ավիափոխադրող:

-Մեզ անհրաժեշտ է տեղական ավիափոխադրող, երբ օդանավերը բազավորվեն Հայաստանում, որ մեր հայ օդաչուները վերադառնան և սկսեն աշխատել մեր երկրում: Ազգային փոխադրողը կոնցեպտ է, որը ստեղծվել է 40-ական թվականներին, երբ կառավարությունն էր որոշում, թե ինչ ուղղություններով ավիաընկերությունը թռիչքներ կատարի, որովհետև դա երկրի ռազմավարության համար էր կարևոր, սակայն այն ոչ շահավետ էր: Եթե հարուստ պետություն լինեինք, միգուցե դիտարկվեր այդ գաղափարը, բայց իմ կարծիքով մենք ամեն լուման պետք է շատ զգույշ ծախսենք: Ազգային փոխադրողները շատ հաճախ լուրջ ֆինանսական խնդիրների առաջ են կանգնում: Ես չէի ուզենա մենք հետ գնայինք: Ես կողմ եմ, որ մենք ունենանք հայկական ավիաընկերություն, որի ինքնաթիռները բազավորվեն Հայաստանում: Ամեն ինչ անում եմ, որ դա ստացվի:

-Ինդոնեզիայում, Եթովպիայում ավիավթարներից հետո մի շարք երկրներ, այդ թվում՝ Հայաստանը որոշում կայացրեց դադարեցնել Boeing 737 մակնիշի ինքնաթիռի թռիչքները: Ժամկետների սահմանափակումները մինչև ե՞րբ են սահմանված:

-Սահմանափակումներն անժամկետ են, քանի դեռ խնդիրը չի լուծվել, թռիչքների դադարեցման մասին որոշումն ուժ մեջ է: Երբ ես Սինգապուրում էի, եղել եմ «Բոինգ»-ի գրասենյակում, ծանոթացել եմ, թե ինչ աշխատանքներ են տանում: Մենք հետևում ենք, թե Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալությունը՝ EASA-ն, ինչ որոշումներ է կայացնում, որովհետև իրենք են ԱՄՆ-ի քաղավիացիայի հետ շփման մեջ, մինչև իրենք արգելքը չհանեն, մենք ոչ մի քայլ չենք անելու:

Հարցազրույցը՝ Աննա Գզիրյանի

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ