Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Սեպտեմբեր

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, կարծես,տեղափոխվում է մահմեդական աշխարհ. Սաֆրաստյան


ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում վերջին շրջանում ձևավորված վախի մթնոլորտն ազդում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ճշմարտացի խոսքի վրա: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ եթե տարիներ առաջ Հայոց ցեղասպանության մասին ազատ խոսքն ավելի հաճախ լսելի էր, ապա վերջին շրջանում այդ ձայնը շատ թույլ է: Նա նկատեց, որ 2016 թվականին, երբ Թուրքիայում ապստամբության փորձ եղավ, նախագահ Էրդողանն էլ ավելի ուժեղացրեց Թուրքիայում ոչ միան իր միանձնյա իշխանությունը, այլև ճնշումները թուրքական հասարակության ամենատարբեր շերտերի վրա:

«Այս վախի մթնոլորտը, որը մեծ ուժգնությամբ զարգացավ Թուրքիայում, անդրադառնում է նաև Հայոց ցեղասպանության վերաբերյալ այն ճշմարտացի ելույթների վրա, որոնց ականատես էինք լինում վերջին տարիներին: Ցավոք, Թուրքիայի հասարակության այն խիզախ ներկայացուցիչները, որոնք փորձում էին ճշմարտացի խոսք ասել Հայոց ցեղասպանության մասին, հիմա շատ ավելի թույլ է նրանց ձայնը»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Ըստ թուրքագետի՝ այս միտումը ոչ միայն կպահպանվի Թուրքիայում, ավելին՝ կուժեղանա, քանի որ գնալով ամրապնդվում է Էրդողանի՝ ճնշումների վրա հիմնված քաղաքականությունը: Թուրքիայում ձևավորվում է այնպիսի մթնոլորտ, որը հասարակությանը լռեցնելու նպատակ ունի:  

Անդրադառնալով տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ակտիվացմանը՝ Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ պետք է փորձել հասկանալ, թե այդ ակտիվացման ետևում ինչ է գտնվում:

«Սովորաբար այդ ակտիվությունն ակնհայտ է լինում այն պարագայում, երբ տվյալ երկրի ու Թուրքիայի հետ հարաբերություններում վատ հանգրվան է: Մյուս կողմից չպետք է անտեսել այն փաստը, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը ոչ միայն երկկողմանի հարաբերությունների, այլև ցեղասպանությունների կանխարգելման  խնդիր է»,-ասաց նա:

Թուրքագետը նկատեց, որ վերջին շրջանում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կարծես, թե տեղափոխվում է մահմեդական աշխարհ: Արաբական որոշ երկրների կողմից այդ մասին խոսելը, կարծես, այդ մասին են վկայում: Նա հույս հայտնեց, որ մահմեդական աշխարհը վեր կկանգնի Թուրքիայի հետ կրոնական ընդհանրության գաղափարից և իսկապես կանդրադառնա այդ ծանրագույն հանցագործությանը՝ ուղղված մարդկության դեմ:

Ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի, հայ ժողովրդի մարտավարությունը: Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ պետք է ավելի հետևողական և հիմնավոր դրվի փոխհատուցման խնդիրը:

«Ցեղասպանությունը ծանրագույն հանցագործություն է և պետք է հանցագործը պատիժ ստանա: Դա ներկայում հնարավոր է իրականացնել հատուցում պահանջելու միջոցով: Նախ պետք է ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրվեն բոլոր իրավական հարցերը, ճիշտ ընտրվի հարմար քաղաքական պահը և առաջ տանել փոխհատուցման հարցը»,-հավելեց թուրքագետը:

Ապրիլի 24-ին հայ ժողովուրդը հիշատակում է Հայոց ցեղասպանության տարելիցը: Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքական կուսակցության կողմից կազմակերպված ցեղասպանության հետևանքով 1915-1923 թվականներին զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը, ոչնչացվել ունեցվածքը, մշակութային ու հոգևոր ժառանգությունը։ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է համարվում 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում, ըստ նախօրոք պատրաստված ցուցակների, ձերբակալվեց մոտ 235 հայազգի մտավորական:




Այս թեմայով

... վերջին լուր "Հայոց ցեղասպանություն" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ