Արոնյանի երկրորդ ոչ-ոքին Գերմանիայում
00:06, 22 Ապրիլ 2019
ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը գերմանական մրցաշարի երկրորդ տուրում ևս կիսեց միավորը մրցակցի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գերմանիայում ընթացող Grenke Chess Classic մրցաշարի երկրորդ տուրում Արոնյանն ուժերն էր չափում այդ երկիրը ներկայացնող Գեորգ Մայերի հետ: Պարտիան ավարտվեց 29-րդ քայլին, և գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը:
Այժմ Արոնյանն ունի 1 միավոր և մրցաշարային աղյուսակում դեռևս 6-րդ տեղում է: Առաջատարը 2 հնարավորից երկու միավոր հավաքած աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է:
Մրցաշարի երրորդ տուրում հայ գրոսմայստերը կխաղա Պոնս Վալյեխոյի (Իսպանիա) հետ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում