Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հայաստանում ԱՄԷ դեսպանությունը տոն նվիրեց Երեխաների աջակցության կենտրոնի սաներին

Հայաստանում ԱՄԷ դեսպանությունը տոն նվիրեց Երեխաների աջակցության կենտրոնի 
սաներին

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության ներկայացուցիչ Անժելա Դերդերյանը մի խումբ պատանիների հետ մեծ տոն նվիրեց Երեխաների աջակցության կենտրոն-հիմնադրամի սաներին` նրանց հետ խաղալով բազմազան ու բազմաբնույթ խաղեր, երեխաներին հյուրասիրելով համեղ ու ախորժելի ուտեստներով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` միջոցառումն անցկացվեց ապրիլի 20-ին Երեխաների աջակցության կենտրոն-հիմնադրամում:

«Արաբական Միացյալ Էմիրություններում 2019 թվականը նշվում է որպես Հանդուրժողականության տարի: Այդ կապակցությամբ որոշեցինք ուրախացնել այս կենտրոնի երեխաներին: Ինձ այդ հարցում աջակցում են Սիրիայից և Հայաստանից մի խումբ պատանիներ, որոնց հետ ինտեգրման տարբեր ծրագրեր ենք իրականացնում: Մեզ օգնում է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունը»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Անժելա Դերդերյանը:

Դերդերյանն ու պատանիներն իրենց հետ բերել էին բուտերբրոդներ, ներկած ձվեր, քաղցրավենիք ու երեխաներին անհրաժեշտ նվերներ:

«Մենք շատ բարձր տրամադրություն ունենք: Շատ կարևոր է, երբ ուզում ես  ուրախությունդ կիսել ուրիշների հետ, քո ժպիտը պարգևել այլ երեխաների. ժպիտն   ամեն ինչ արժե: Ուզում ես գրկել այս կենտրոնի երեխաներին, ասել, որ նրանց սիրում ես, քանի որ յուրաքանչյուր մարդ աշխարհում սիրո կարիք ունի»,-նշեց Միլենա Գևորգյանը:

Արշիգ Չերչյանը, որն արդեն վեց տարի ապրում է Հայաստանում, պատմեց, որ նախորդ տարի է ծանոթացել Անժելայի հետ: «Սիրով ենք համագործակցում միմյանց հետ` օգնելով տարբեր երեխաների: Մի քանի անգամ եղել ենք այս կենտրոնում ու մտերմացել տեղի սաների հետ: Խաղերի, երաժշտության միջոցով բարձրացնում ենք  նրանց տրամադրությունն ու փոխանցում մեր դրական լիցքերը»,-շեշտեց Արշիգը:

«Մոտավորապես հինգ տարի ապրում եմ Հայաստանում ու պետք է շեշտեմ, որ Սիրիայում շատ կարևոր էր հայապահպանության հարցը, ի վերջո մենք իսլամական երկրում էինք ապրում. բոլոր սիրիահայ երեխաներս հայկական դպրոցներ էինք այցելում, որտեղ մի շարք առարկաների հետ մեկտեղ սովորում էինք հայերեն ու կրոնի պատմություն: Հայաստանի երեխաների կարիքներն ու պահանջներն այլ են: Այս կենտրոնի երեխաներից շատերին ճանաչում եմ: Նրանք շատ լավն են ու  ոչ միայն մենք ենք նրանց ինչ-որ բան տալիս, այլև` նրանք մեզ: Նրանք պետք է  միշտ շփվեն այլ երեխաների հետ. դա դրական է անդրադառնում բոլորիս վրա»,-ընդգծեց Նանոր Ափելյանը:

Կենտրոնի սաները մեծ ոգևորությամբ էին խաղում իրենց հյուրերի հետ, վայելում նրանց ներկայությունն ու ընկերասիրությունը:

Հակոբ Ջանրը Հալեպից, որը հինգ ամիս է, ինչ կենտրոնում է բնակվում,  խոստովանեց, որ իրենց այցելած պատանիներից շատերն իր մտերիմ ընկերներն են: «Եթե խնդիրներ են լինում, դրանք կիսում եմ նրանց հետ և հակառակը: Հանգիստ ու լավ եմ ինձ զգում այս երեխաների հետ»,-նշեց Հակոբը:

Խոսելով կենտրոնի մասին` նա ասաց, որ այն իրեն շատ է օգնում: «Երբ նոր էի եկել այստեղ, ամուր էի, բայց ինձ սովորեցրեցին, թե ինչպես է պետք հաղորդակցվել այլ մարդկանց հետ, ինչպես է պետք է հաղթահարել դժվարությունները: Հիմա ես կարողանում եմ իմ հարցերն ինքնուրույն լուծել և օգնել ուրիշներին»,-եզրափակեց նա:

Երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամի գործադիր տնօրեն, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ Միրա Անտոնյանը պատմեց, որ կենտրոնը ստեղծվել է 1999 թվականին Հայ օգնության ֆոնդի և ՀՀ ոստիկանության միջև ստորագրված պայմանագրի հիման վրա:

«Մենք հպարտ ենք, որ այսպիսի կենտրոն ունենք Հայաստանում, որտեղ  մասնագետներն աշխատում են դժվար կացության մեջ  ընկած, բռնությունների զոհ դարձած, լքված, անապաստան, տարբեր ճգնաժամային վիճակներում հայտնված երեխաների ու պատանիների հետ: Այստեղ ժամանակավոր ապաստան են գտնում  3-18 տարեկան երեխաները: Յուրաքանչյուրի համար ստեղծվում է անհատական վերականգնողական ծրագիր, քանի որ բոլորի խնդիրները տարբեր են»,-ներկայացրեց Անտոնյանը:

Նա շեշտեց, որ կենտրոնը նախատեսված է 15 երեխայի համար, բայց աշխատում են գերծանրաբեռնված, և այս պահին կենտրոնում բնակվում է 33 երեխա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]