Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄԷ դեսպանությունը պատրաստ է համագործակցել Գյումրու քաղաքապետարանի հետ

ԱՄԷ դեսպանությունը պատրաստ է համագործակցել Գյումրու քաղաքապետարանի հետ

ԳՅՈՒՄՐԻ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրությունների հարաբերությունները Հայաստանի հետ կարող են նպաստել նոր ծրագրերի իրականացմանը նաև հանրապետության երկրորդ քաղաքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 19-ին Գյումրի կատարած ճանաչողական այցի ժամանակ նշեց ՀՀ-ում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Իսա ԱլԶաաբին:
Գյումրու քաղաքապետարանում քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ հանդիպման ժամանակ կարևորվեցին երկու երկրների հարաբերությունները: «Էմիրությունները 4 տարի առաջ են հիմնել դեսպանությունը Երևանում: Առանձնակի հարաբերություններ ունենք Հայաստանի հետ՝ տարբեր ոլորտներում, դա է վկայում նաև վերջերս ՀՀ նախագահի և ՀՀ պաշտպանության նախարարի այցերը Էմիրություններ: Իրականում հարաբերությունների մեջ կա առաջընթաց և՛ տնտեսական, և՛ ներդրումային ոլորտներում: Ես նոր դեսպան եմ և իմ աշխատանքն է պահանջում տարբեր մարզեր այցելել՝ այդ հարաբերություններն ավելի զարգացնելու նպատակով: Էմիրությունները պատրաստ են համագործակցել Ձեզ հետ և իրականացնել մի շարք ծրագրեր»,-նշեց դեսպանը՝ տեղեկացնելով, որ 2019 թվականը Արաբական Միացյալ Էմիրություններում հայտարարված է Հանդուրժողականության տարի: «Կարող ենք նախ համագործակցել այն ծրագրերի շուրջ,որոնք դուք կառաջարկեք»,-նշեց դեսպանը հավելելով, որ մայիսի 2-ին մեծ պատվիրակություն է ժամանում Հայաստան մասնակցելու միջկառավարական հանձնաժողովին՝ ավելի ակտիվացնելու համագործակցությունը տարբեր ոլորտներում:
Դեսպանն ընդգծեց, որ ԱՄԷ-ից տարեկան մոտ 11.500 զբոսաշրջիկ է այցելում Հայաստան, շաբաթական 16 չվերթ է իրականացվում:
Սամվել Բալասանյանը խոսեց մի շարք ծրագրերի շրջանակներում հնարավոր համագործակցության մասին՝ առանձնացնելով խնայողական էներգիայի, տարբեր տեսակի ապրանքների արտահանման և իրացման ոլորտը, ինչպես նաև Գյումրիում մեկ մանկապարտեզի կառուցման հարցը, որի իրականացման դեպքում քաղաքում ևս մեկ տնակային մանկապարտեզ կվերանա: Քաղաքապետը նաև տեղեկացրեց, որ մանկապարտեզի հետ կապված ծրագիրն արդեն ներկայացվել է Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանություն՝ դեռ նախկին դեսպանին:
Փոխմարզպետ Վարդան Գրիգորյանն էլ հույս հայտնեց, որ առաջիկայում աշխատանքներ կտարվեն զբոսաշրջիկների հոսքը նաև Գյումրի ուղղորդելու ուղղությամբ: Արտակարգ և լիազոր դեսպանը խոստացավ հետևողական լինել առաջարկներին, բացի այս առաջարկներից դեսպանի կողմից հնչեց նաև համայնքապատկան գյուղատնտեսական հողերում ծրագրեր իրականացնելու առաջարկը:
Հանդիպման ավարտին կողմերը փոխանակվեցին նվերներով:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]