Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման ծրագրին հայաստանցիների ուշադրությունը վկայում է հայ-ֆրանսիական ամուր կապի մասին
ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը շնորհակալություն է հայտնում Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման ծրագրին աջակցող հայ դերակատարներին՝ նշելով, որ վերականգնման ծրագրի նկատմամբ ցուցաբերած ուշադրությունը վկայում է երկու ժողովուրդների միջև եղած ամուր կապի և ֆրասնիական մշակույթի հանդեպ հայերի ունեցած սիրո մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է դեսպանության հաղորդագրության մեջ։
«Ապրիլի 15-ին Փարիզի Աստվածամոր տաճարը ավերիչ հրդեհի զոհ դարձավ: Չնայած տաճարի կառույցը, ճակատը և երկու աշտարակները կանգուն մնացին, տաճարի նավի, երգչախմբի և տրանսպետի տանիքը, ինչպես նաև սրածայր աշտարակը տապալվեցին:
Ավերիչ հրդեհից հետո բազմաթիվ նախաձեռնություններ ստեղծվցին վերակառուցման համար նվիրատվություններ հավաքելու համար: Չորս գործընկերներ աշխատում են Ֆրանսիայի կառավարության հետ միասին, որպեսզի բոլորը հնարավորություն ունենան նպաստել պատմական և ճարտարապետական այս կոթողի վերածննդին:
Դրանք են՝
- Ազգային հուշարձանների կենտրոնը
- Փարիզի Աստվածամոր տաճարի հիմնադրամը
- Ժառանգության հիմնադրամը
- Ֆրանսիայի հիմնադրամը
Ինչպես խոստացել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակարոնը, տաճարը լիովին վերակառուցվելու է: Բայց այս վերակառուցումն արժեք ունի: Այդ առումով ողջունվում է յուրաքանչյուրի առատաձեռնությունը:
Ֆրանսիայի դեսպանությունը շնորհակալություն է հայտնում Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման ծրագրին աջակցող հայ դերակատարներին: Մենք զգացված ենք վերականգնման ծրագրի նկատմամբ ցուցաբերած ուշադրությունից, որը վկայում է մեր երկու ժողովուրդների միջև եղած ամուր կապի և ֆրասնիական մշակույթի հանդեպ հայերի ունեցած սիրո մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում