Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Էդմոն Մարուքյանը բավարար չի համարում ՏՄՊՊՀ նախագահի թեկնածուի ղեկավարման 3 տարվա ստաժ ունենալու ապացույցները

Էդմոն Մարուքյանը բավարար չի համարում ՏՄՊՊՀ նախագահի թեկնածուի 
ղեկավարման 3 տարվա ստաժ ունենալու ապացույցները

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի թեկնածու Գեղամ Գևորգյանին հորդորեց խորհրդարան ներկայացնել երեք տարվա ղեկավարման ստաժ ունենալու մասին վկայող պարզաբանումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մարուքյանն ասաց ապրիլի 19-ին, ՀՀ Ազգային ժողովում ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում Գեղամ Գևորգյանի թեկնածության քննարկման ընթացքում:

«Խորհրդարան է ներկայացվել աշխատանքային գրքույկ և ռեզյումե, և խորհրդարան չեն ներկայացվել երեք տարվա ղեկավարման ստաժը հավաստող փաստաթղթերը: Մենք ուսումնասիրել ենք այդ փաստաթղթերը, և պարոն Գևորգյանը ունի մեկ տարվա և 3 օրվա ղեկավարման ստաժ: Պարոն Գևորգյանն ասում է, որ մնացածի մասին նա ունի պայմանագրեր, և, որպեսզի այդ պայմանագրերը համարվեն ստորաբաժանման ղեկավարի ստաժ, նա բերել է մի նամակ, որը տրվել է Քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի կողմից: Սա բոլորս համաձայնեցինք, որ պաշտոնական պարզաբանում չէ: Հիմա իրավաբանների երկու խումբ կա, մի խումբը պնդում է, որ ԾԻԳ-ի ղեկավար լինելը չի կարող Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրությամբ համարվել կառավարման ստաժը բավարարող պայման, մյուս խումբն էլ պնդում է, որ կարող է: Հիմա երրորդ մարմին է պետք, որովհետև այս երկու կարծիքների առկայության պայմաններում թույլ լեգիտիմություն կլինի, եթե դուք ընտրվեք ՏՄՊՊՀ ղեկավարի պաշտոնում: Դիմեք պաշտոնական պարզաբանման համար Արդարադատության նախարարությանը, թող պաշտոնական պարզաբանում տան, բերեք, ապացուցեք մեզ»,- ասաց Մարուքյանը:

Ապրիլի 18-ին ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել էր հետ կանչել ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում Գեղամ Գևորգյանի թեկնածությունը:

«Սիրելի՛ քաղաքացիներ, քիչ առաջ իմ կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին գրություն է ուղարկվել՝ կապված ՀՀ ՏՄՊՊՀ նախագահի թեկնածուի ստաժի անբավարարության հետ։ Այդ հիմքով՝ իմ կողմից առաջարկվել է հետ կանչել Գեղամ Գևորգյանի թեկնածությունը»,- գրել է Մարուքյանը:

ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում Գեղամ Գևորգյանի թեկնածությունն առաջադրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am