Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Խնկո Ապոր անվան գրադարանում տեղի է ունեցել հանդիպում մանկագիր Ալլա Սերոբյանի հետ

Խնկո Ապոր անվան  գրադարանում տեղի է ունեցել հանդիպում մանկագիր Ալլա 
Սերոբյանի հետ

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ապրիլի 19-ին  տեղի ունեցավ հանդիպում մանկագիր, ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ալլա Սերոբյանի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանից, ազգային գրադարանային շաբաթի շրջանակում Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 դպրոցի սաները հանդիպեցին Ալլա Սերոբյանին՝ խոսելու նրա «Վասիլը» և «Օճառիկի պայմանը» գրքերի մասին: Հանդիպմանը ներկա էր նաև Մշակույթի նախարարի տեղակալ Վահե Բուդումյանը:  

Ալլա Սերոբյանի խոսքով, «Վասիլը» պատմվածքը մի պատմություն է, որն իր մեջ ներառում է մարդկային այնպիսի արժեքներ, ինչպիսիք են բարությունը, ընկերասիրությունն ու նվիրվածությունը: 

«Համոզված եմ, որ յուրաքանչյուրդ ձեր մեջ կրում եք այդ կարևոր արժեքները: Համոզված եմ, որ այդ արժեքներն արտահայտված են նաև կենդանիների նկատմամբ ձեր վերաբերմունքով», - ասաց նա:

Երեխաները նաև խնդրեցին Ալլա Սերոբյանին հետագայում այլ ստեղծագործություններ հեղինակել, որոնք նվիրված կլինեն Երևանին, կենդանիներին, ճամփորդություններին ու բանակին:

Ապրիլի 19-ին գրադարանի օտարալեզու բաժնում Ազգային գրադարանային շաբաթի և Ֆրանկոֆոնիայի շրջանակներում տեղի ունեցավ «Ֆրանսիական մանկական պոեզիայի էջերից» խորագիրը կրող ցերեկույթ: Երևանի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի սաները ֆրանսերեն արտասանեցին մանկական բանաստեղծություններ:

Նույն օրը հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում գրադարանի հեքիաթի սրահում ներկայացվեց «Բարեկենդանը» հեքիաթի տիկնիկային ներկայացումը: Իսկ գրադարանի ընթերցասրահում իրականացվեց էլեկտրոնային ծանոթացում, որի ընթացքում պարզ դարձավ, թե ինչպես են գրքերն ու մամուլը թվայնացվում և հնարավոր դարձնում համակարգչով գրքեր ընթերցելը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]