Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Մայիս

Փոխնախարարը կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության մթնոլորտ ձևավորելու միակ ճանապարհը համարում է հակակոռուպցիոն կրթությունը


ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ միջազգային լույսի ներքո» թեմայով կառավարություն-քաղաքացիական հասարակության փորձագիտական միջազգային համաժողովին ամփոփիչ ելույթով է հանդես եկել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փոխնախարարը շնորհակալություն է հայտնել Իրավաբանների հայկական ասոցիացիային և ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիային համաժողովն արդյունավետ կազմակերպելու, իսկ մասնակիցներին՝ հնչեցված կարծիքների, գնահատականների, դատողությունների  և մտավախությունների համար:

Տիգրան Խաչիկյանի համոզմամբ, դրանք բավական  կարևոր են: «Կարևոր են երկու իմաստով: Առաջինը՝ հնարավորություն են տալիս մեկտեղ, ամրագրել ու նյութականացնել  բոլոր այն դրական, առերևույթ հիմնավորված և համապատասխան հեռանկար ունեցող առաջարկները մեկ հարթակում, և երկրորդը՝ դիրքորոշումների, արված հայտարարությունների և նկատառումների հաշվառմամբ, թույլ կտա մշակել հնարավորինս արդյունավետ հակակոռուպցիոն ռազմավարություն»,- նշել է արդարադատության նախարարի տեղակալը՝ ընդգծելով, որ ներկայում գտնվում ենք մեր երկրի համար պատասխանատու ժամանակահատվածում, որի շրջանակում կոռուպցիայի դեմ պայքարը լինելու է հետևողական՝ բոլոր գործիքների կիրառմամբ: Նա տեղեկացրել է. որ այս  ընթացքում Արդարադատության նախարարությունը Հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի հայեցակարգի վերաբերյալ ստացել է մի քանի հարյուր դիտարկում և առաջարկություն՝ վստահեցնելով, որ ստացված առաջարկություններից յուրաքանչյուրը արժանացել և արժանանալու է գնահատման դրա բովանդակային հիմնավորվածության, նպատակահարմարության, գործող օրենսդրության և ՀՀ Սահմանադրության համապատասխանելիության համատեքստում:

Համաժողովի ավարտին փոխնախարար Խաչիկյանը հավելել է, որ հակակոռուպցիոն  կրթությունն է միակ ճանապարհը, որը հասարակության շրջանում կարող է ձևավորել կոռուպցիայի նկատմամբ կայուն  անհանդուրժողականության մթնոլորտ:       




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ